Հայ ազգային կոնգրեսը պատրաստակամություն է հայտնել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող միասնական պլատֆորմ մշակելու շուրջ համագործակցել ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքական ուժերի հետ` կարծելով, որ այդպիսի պլատֆորմը օրենսդրական փոփոխությունների տեսքով հնարավոր կլինի քննարկման դնել նաեւ Ազգային ժողովում: Ազատ, արդար ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին խոսում են նաեւ իշխանական կոալիցիայի անդամ կուսակցությունները, սակայն նրանք, ինչպես պարզվում է, պատրաստ չեն նման համագործակցության: ՀՀԿ խոսնակ, խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում բացառել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումը Ազգային ժողովի գարնանային նստաշրջանում. «Ես կարծում եմ, որ Ընտրական օրենսգիրքը հիմնականում արդեն բարեփոխված է… Ես գործնականում բացառում եմ»: Նա հավելել է, թե Հանրապետական կուսակցությունը «ինքնանպատակ քայլեր չի անում»: Շարմազանովը համոզված է, որ այն ամենը, ինչ հարկավոր է երկրում լավ ընտրություններ անցկացնելու համար, իշխանությունը ունի` «օրենսդրական բարեփոխումներ» եւ «քաղաքական կամք»: «Օրենսդրական բարեփոխումները մենք արել ենք. Ընտրական օրենսգիրք է ընդունվել ընտրություններից մի քանի ամիս առաջ: Եվ երկրորդը` քաղաքական կամք է պետք, որը մենք ունենք: Այստեղ, ես կարծում եմ, շատ ավելի լավ կլինի, եթե այն մարդիկ, ովքեր այսօր առաջարկներ են անում, այն ժամանակ մասնակցեին Ընտրական օրենսգրքի փոփոխության աշխատանքներին, եւ գուցե այն ժամանակ իրենց առաջարկների մի մասը ընդգրկվեր»: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասել է, որ, այո, իրենք կողմ են ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը, բայց ինքը ռեալ չի համարում իրենց կուսակցության մասնակցությունը ՀԱԿ-ի առաջարկած գործընթացին: «Ես ամաչում եմ, բայց, այո, ռեալ չեմ համարում: Ի՞նչ է նշանակում` պլատֆորմ ձեւավորել… Ձեւավորել ենք այդ պլատֆորմը` ո՞վ պետք է ընդունի այդ պլատֆորմը, ո՞ր ժամանակի համար… Հասկանում ենք, որ սա իրատեսական չէ: Ուրիշ բան, որ շատ ժամանակ ունենայինք ու զբաղված չլինեինք, որպեսզի չնեղացնեինք մարդկանց, իբր ձեւացնենք, որ միանում ենք: Բայց ես միանալու ոչ մի անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ասել է Բոստանջյանը: