Հետաքրքրվել է Բիձինայով

17/12/2011

Վրաստան այցելած Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Էրիկ Ռուբինը երեկ հանդիպել է վրացական ընդդիմության առաջնորդների հետ: Հանդիպման ժամանակ Ռուբինը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել վրացական քաղաքական դաշտում ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ի հայտ գալու հարցի վերաբերյալ: Վրաստանի «Հանրապետական» կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլիի խոսքով, հանդիպման ժամանակ Ռուբինը «կարեւոր իրադարձություն» է որակել քաղաքական բեմում Իվանիշվիլիի հայտնվելը: Ռուբինն ընդգծել է, որ հաշվի առնելով քաղաքական բեմում Իվանիշվիլիի գործոնի ի հայտ գալը` Վրաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները կանցնեն արդար ու մրցունակ: Վրացի ընդդիմադիրներն ընդգծում են, որ քաղաքականության մեջ Իվանիշվիլիի հայտնվելն արագացրել է 2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունների հանդեպ ամերիկյան կողմի հետաքրքրությունը: