Եռաստիճան

17/12/2011

«Կենսաթոշակային կուտակային նոր համակարգը հնարավորություն կտա առավել արդյունավետ կառավարել ռիսկերը, քանի որ այս համակարգն ավելի ճկուն է եւ բաղկացած է երեք աստիճաններից»,- երեկ Երեւանում ընթացող կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված համաժողովում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում Հայաստանում կձեւավորվի մտածող, հաշվարկող ու կանխատեսող մարդկանց մի հզոր բանակ: Նա ասել է, որ նոր կենսաթոշակային համակարգը կենսաթոշակառուներին հնարավորություն կտա նվազեցնել ռիսկերը: «Այսուհետեւ աշխատող քաղաքացին պետք է մտածի, որ ինքն է պատասխանատու իր ապագայի համար, եւ կուտակումներ կատարի իր ապահով ծերության համար»,- նշել է նա` միաժամանակ ավելացնելով, որ պետությունը ստեղծելու է բարենպաստ միջավայր ներդրումային հիմնադրամների համար, որոնց նկատմամբ օրենքով սահմանվելու են խիստ չափանիշներ, որպեսզի քաղաքացիների կուտակած միջոցները լինեն անվտանգ, եւ նրանք կարողանան արդյունավետ կուտակել իրենց միջոցները: Վարչապետի խոսքով, բարեփոխումների հետ մեկտեղ, չեն անտեսվի նաեւ այսօրվա թոշակառուները: «Մենք շարունակելու ենք ավելացնել թոշակները: Այս մոտեցումը առաջիկա տարիներին շարունակվելու է, եւ մենք հետեւողական ենք սոցիալական քաղաքականության այս սկզբունքի կիրառման առումով»,- ասել է նա: