Նախորդ տարվա համեմատ` այս տարի ՀՀ-ում 50 մլն ձու քիչ է արտադրվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: «Դե, մասնավոր սեկտորը` ինչքան կարողացել, այդքան է արտադրել: Սակայն անցած տարվա նման ձվի դեֆիցիտ չի լինի, քանի որ արդեն ներկրել են ինչքան հարկավոր է»,- ասաց նա: Նա այն համոզմունքը հայտնեց, որ առավել բարենպաստ կլիմայական պայմաններում այս տարի համեմատաբար բարձր բերքատվություն է գրանցվել: «Տարին որոշ ուղղություններով ավելի բարվոք էր, եւ արդեն պատրաստվել ենք մյուս տարվա համար: Ճիշտ է, աշնանացան քիչ պարարտացվեց, բայց պատրաստ ենք հացազգիների հարցում: Երաշխավորված սերմացու ունենք: Կարտոֆիլի տնկիների հետ խնդիր չենք ունենա»,- ասաց Բերբերյանը եւ ավելացրեց, որ Հայաստանում դեռեւս թունաքիմիկատների խնդիրը լուծված չէ: Պարոն Բերբերյանը գյուղացուն խորուրդ տվեց հաջորդ տարի շատ ցանել բանջարեղեն` լոլիկ, սեխ, ձմերուկ, կարտոֆիլ, իսկ ՀՀ գյուղնախարարությանը` «Տղերք, ավելի լավ աշխատեք»: