Առանցքային վկային պահում են ՌՈ-ում

17/12/2011

Մեկուկես տարի առաջ բանակում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչներն ու այս գործով մեղադրյալներից մեկի` Հակոբ Մանուկյանի փաստաբանը երեկվա ասուլիսում հայտարարություն են տարածել` անդրադառնալով գործով տեղի ունեցած նախաքննական ու դատավարական խախտումներին: Որպես խախտում` նրանք վկայակոչեցին այն հանգամանքը, որ գործով առանցքային վկա Արման Մնացականյանին չեն զորացրել` չնայած վերջինիս ծառայության ժամկետը լրացել է դեկտեմբերի 4-ին: Տուժող կողմի ներկայացուցիչները պնդում են, որ քանի դեռ վկա Ա. Մնացականյանը գտնվում է Ռազմական ոստիկանությունում, նա իրականությունը չի ասի: Նրանց պնդմամբ` ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ Ս. Օհանյանը խոստացել է աջակցել այս հարցում, սակայն Ա. Մնացականյանը մինչ օրս գտնվում է ՌՈ-ում: «Վկային անօրինական կարգով Զինվորական ոստիկանությունում պահելով` ոչ միայն խոչընդոտվում է քրեական գործի լրիվության ու բազմակողմանիության ապահովումը, այլեւ խոչընդոտում է իմ պաշտպանյալին եւ մյուս ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի բուն էությունը բացահայտելու եւ պարզելու նրանց մեղավորությունը տվյալ քրեական գործում եւ մեղսագրվող արարքի մեջ»,- ասել է Հակոբ Մանուկյանի փաստաբան Հրանտ Գեւորգյանը: