ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության հերթապահ մասում, դեկտեմբերի 15-ի երեկոյան, հաղորդում է ստացվել, որ Չայկինայի 5-րդ փողոցում գտնվող Նապոլեոն Ա.-ի տանը վիճաբանություն է տեղի ունենում: Ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ 30-ամյա Ահարոն Վ.-ն հիշյալ տան դիմաց 20-25 րոպե տեւողությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայհոյել է Նապոլեոն Ա.-ին եւ նրա ընտանիքի անդամներին, վիճաբանել իրեն կարգի հրավիրող 25-ամյա Նարեկ Հ.-ի, 38-ամյա Արթուրիկ Ն.-ի եւ Վարդան Ա.-ի հետ, հրել եւ վայր է գցել վերջինիս` ձեռքի շրջանում պատճառելով վնասվածքներ: Բացի այդ, հարձակվել է վիճաբանությունը դադարեցնելու փորձ կատարող Ոստիկանության ծառայողի վրա, քաշքշել նրան, պոկել համազգեստի փողկապը, բռունցքներով հարվածել կրծքին եւ ուսին: Ահարոն Վ.-ն բերման է ենթարկվել բաժին: Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին, առավոտյան ժամը 5-ին դիմակավորված 5 անձինք պատշգամբով մտել էին Կիլիկա թաղամասում գտնվող Նապոլեոն Ազիզյանի տուն: Հանցագործները ծեծի էին ենթարկել Ն. Ազիզյանին, նրա կնոջը եւ դստերը, այնուհետեւ զենքի սպառնալիքով հափշտակել են 3 միլիոն դրամ, 20.000 դոլար, ոսկյա զարդեր եւ արժեքավոր 6 նկարներ: Մամուլի հրապարակումների համաձայն` հանցագործներն ընդհանուր առմամբ Ազիզյանի տանից տարել են մոտ 300.000 ամերիկյան դոլարին համարժեք գումար եւ գույք: Ավելի ուշ` Ն. Ազիզյանն ասել էր. «Ես առաջին օրն էլ ասել եմ, որ դա հատուկ ծրագրված էր: Բայց կասկածներ չունեմ: Երանի ունենայի…. Դե, բնականաբար, եթե մոտիկ մարդ չլինի, ով կարող էր ցույց տալ, որ էս դուռը չի փակվում: Աստված չանի, որ բացահայտվի ու պարզվի, որ իմ մտերիմ մարդիկ են եղել…»: