Գյումրիում անօթեւան կինը ցրտահարվել է, հատել են նրա ոտնաթաթերը, իսկ որդիներին` որդեգրել: Անահիտ Վարդանյանը հիմա միայնակ է ապրում, քաղաքի ծայրամասում, Ախուրյան գետի ափին տեղադրված փոքրիկ կացարանում, որն իրեն չի պատկանում: Նա ապրում է տնակում արդեն 6 տարի, որը գտնվում է քաղաքային աղբանոցի անմիջական հարեւանությամբ` քաղաքից ու մարդկությունից կտրված վայրում: news. am-ի թղթակցի հետ զրույցում Անահիտը պատմել է, որ Գյումրիի բնակիչ Պարույրն է իրեն տարիներ առաջ տրամադրել փոքրիկ կացարանը, ուր բնակվում է, քանի որ դրսում իրեն տեսել է ցրտահարված վիճակում: Հետո շտապ տեղափոխել են հիվանդանոց, հատել ոտնաթաթերը: Անահիտն այդ ժամանակ է որոշել իր 4 երեխաներին հանձնել Գյումրիի մանկատներ, բժիշկները նրան մի քանի ամսվա կյանք են տվել: «Բայց որոշ ժամանակ անց առողջացա ու տեղ չունեի գնալու, քանի որ Գյումրիում գտնվող իմ տնակը վաճառել էի 4 երեխաներիս ուտելիք ու ապրուստ գնելու համար: Հիմա առողջական խնդիրներս նորից գլուխ են բարձրացրել, ու վախենում եմ, որ այս պայմաններում ապրելը շուտով անհնարին կլինի»,- ասել է Անահիտ Վարդանյանը:
Նա գրեթե ոչինչ չունի. կացարանում վառարան է տեղադրել, ու վիրահատված ոտքերով հազիվ հարակից տարածքներից ցախ ու ճյուղ է բերում տնակը ջեռուցելու համար, իսկ երեկոներն անցկացնում է մոմի լույսի տակ, քանի որ կացարանում էլեկտրաէներգիա չկա: «Ապրուստ չունեմ, հագուստ չունեմ, իսկ ամսական թոշակով միայն դեղեր եմ կարողանում գնել: Շատ կառույցների եմ դիմել օգնության խնդրանքով, Գյումրիում ինձ նույնիսկ թափառաշրջիկի կարգավիճակ չեն տալիս»,- դժգոհել է Անահիտը: Նա նշել է, որ գրանցում ունի Ախուրյանում, անօթեւան է ու բնակարանի է սպասում, սակայն հարցն այն է, թե մինչ տուն ստանալը որտեղ ու ինչ պայմաններում է ապրելու, տնակատերը այս կացարանն այլ նպատակով է օգտագործելու, եւ ինքն ուղղակի դրսում կհայտնվի: Ըստ կայքի` Անահիտի երկու աղջիկներն արդեն ամուսնացել են, նրանց հարս են տարել Գյումրիի թիվ երկու գիշերօթիկ դպրոցից, իսկ որդուն` Հարությունին, որդեգրել են մի քանի տարի առաջ: Նրա մյուս որդին էլ, որ առողջական խնդիրների պատճառով Գյումրիի մանկատուն էր հանձնվել, նույնպես որդեգրվել է ու արդեն ծնողներ ունի: Իսկ նրանց բազմազավակ մայրը միայնակ է ու օգնության կարիք ունի: