«Բոլորն էլ թքած ունեն մարդկանց իրավունքների ու ճակատագրերի վրա»,- ասում է սեփական երեխայի հետքը կորցրած Արմինե Սահակյանը

17/12/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«168 Ժամ» թերթը մի քանի հրապարակումներով ներկայացրել է Արմինե Սահակյանի ամուսնական կյանքի դաժան պատմությունը, որի ընթացքում նա բռնությունների էր ենթարկվել սկեսրոջ` Արեւ Պողոսյանի կողմից: Հիշեցնենք, որ ծննդաբերությունից հետո նրա ամուսինը` Ռոբերտ Հովհաննիսյանը, եւ սկեսուրը ամիսներ շարունակ Արմինեին փակի տակ են պահել` արգելելով ցանկացած շփում արտաքին աշխարհի, մասնավորապես` հարազատների հետ: Որոշ ժամանակ անց Ա. Սահակյանի ինքնազգացողությունը սկսել է վատանալ, եւ նա ծայրահեղ վիճակում անկողին է ընկել: Սկեսուրն ու ամուսինը նրա` իրեն հիվանդանոց տեղափոխելու խնդրանքներին չեն արձագանքել: Անցյալ տարվա հունվարին Ա. Սահակյանին անգիտակից, մահամերձ վիճակում տեղափոխել են Աբովյանի «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»: «Ոչ ոք հույս չուներ, որ նա ոտքի կկանգնի, նույնիսկ բժիշկները: Բայց փառք Աստծո, աղջիկս հրաշքով փրկվեց: Արեւն ու Ռոբերտն իրենց հույսը դրել էին նրա վրա, որ Արմինեն կմահանա` իրենց արած դաժանությունների մասին էլ ոչ ոք չի իմանա»,- ասում է Ա. Սահակյանի մայրը` Անուշ Խեչումյանը: Ինչեւէ, մենք արդեն տեղեկացրել ենք, որ Ա. Սահակյանը հիվանդանոցում հայտնվելուց հետո զրկվել է երեք տարեկան իր որդուն տեսնելու հնարավորությունից: Ռ. Հովհաննիսյանը եւ Ա. Պետրոսյանն իրենց հետքը կորցնելով` մորը զրկել են սեփական երեխային տեսնելու իրավունքից: Դեռ 2010թ. մարտին Ա. Սահակյանը դիմել է Ոստիկանության Մաշտոցի բաժին` հայտարարությամբ, որ սկեսուրն ու ամուսինն իրեն զրկել են ազատությունից եւ բռնության են ենթարկել: Քննիչ Մ. Գեւորգյանի երեք էջանոց քրեական գործ հարուցելը մերժելու մասին գործով ձեռք բերված նյութերն ավելի շատ թելադրության նման են, քան հետաքննության արձանագրության: «Մարտ ամսին Արմինեին զանգում է Սյուզի անունով մի կին, որը Արեւենց ծանոթներից է, եւ իրար հետ շատ մտերիմ են: Ասում է` եթե ուզում ես երեխայիդ տեսնել` արի մեր տուն, հես ա Արեւը երեխայի հետ գալու ա: Արմինեն ուրախությունից դողալով պատրաստվում էր գնալ, բայց ես գլխի ընկա, որ ինչ-որ բան էն չի: Էսքան ժամանակ երեխային փախցրել են, որ մորից հեռու պահեն, ու հանկարծ որոշում են թույլ տալ հանդիպել: Արմինեն գնաց, ու ես քիչ հետո զանգահարեցի Ոստիկանություն` հայտնելով, որ աղջկաս կյանքին վտանգ է սպառնում: Պարզվեց, որ չեմ սխալվել: Ոստիկանության ներկայացուցիչները մտել են այն պահին, երբ այդ Սյուզին ու Արեւն Արմինեին սկսել են քաշքշել եւ վնասվածքներ պատճառել: Երեխային տեսնելուն պես Արմինեն լաց լինելով առաջացել է, որ գրկի, իսկ սրանք հարձակվելով` քաշքշելով դուրս են հանել, որ երեխային չմոտենա: Արմինեի ամբողջ թեւերը կապտած ու ճանկռած էր: Նրանք այդ հանդիպումը կազմակերպել են կռիվ հրահրելու համար եւ հասկանալով, որ առողջական խնդիրների պատճառով աղջիկս խոցելի է` ցանկացել են կրկին վնասել: Այդպես էլ թույլ չեն տվել մոտենալ երեխային»,- վստահեցնում է Ա. Խեչումյանը: Համաձայն դատաբժշկական փորձաքննության փորձագետի թիվ 717 եզրակացության` «Արմինե Սահակյանի մարմնական վնասվածքները աջ բազկի ստորին երրորդականի առաջաներսային մակերեսի արյունազեղումների եւ աջ արմնկափոսի ճանկռվածքի ձեւով, հասցվել են արյունազեղումները` բութ, կոշտ, ճանկռվածքները` սուր ծայր ունեցող բութ առարկայով, հնարավոր է նշված ժամկետին եւ հանգամանքներում, որոնք առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակում»: Մաշտոցի քննչական բաժնի քննիչ, Ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Մայիլյանը նույնպես քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացրել:

Ինչեւէ, տեւական ժամանակ է, ինչ Արմինե Սահակյանը` ինչպես ՀՀ գլխավոր դատախազությանն, այնպես էլ` բոլոր պատկան մարմիններին դիմումներ է գրում` ահազանգելով, որ իր երեխային ամուսինն ու սկեսուրն առեւանգել են` ոտնահարելով իր մայրական իրավունքները: Հիշեցնենք, որ որեւէ մեկը տեղյակ չէ, թե որտեղ են գտնվում Ա. Պողոսյանը, Ռ. Հովհաննիսյանը` 3-ամյա Գոռի հետ միասին: Մեր թերթի վերջին համարներից մեկում տպագրված «Ամուսինն ու սկեսուրը» վերնագրով հոդվածին շատ արագ արձագանքեց ՀՀ Գլխավոր դատախազությունը. «Տեղեկացնում ենք, որ նշված հոդվածը ՀՀ գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործով վարչությունը ուղարկել է Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատախազին` հանձնարարելու ՀՀ ոստիկանության ՔԳՎ Մաշտոցի քննչական բաժնին` քննության առարկա դարձնելու հոդվածում մատնանշված հանգամանքները»,- ասված էր Դատախազության հաղորդագրության մեջ:

Երեկ կրկին խմբագրություն էր եկել Ա. Խեչումյանը եւ վրդովված ներկայացնում էր նախաքննական մարմնի այն գործողությունները, որոնք գործը կրկին տանում են փակուղի. «Հասկանո՞ւմ եք, գոյություն չունի օրենքի կիրառում, մարդու իրավունք: Նախաքննական մարմնի ներկայացուցիչն ուզում է իր գործը ես անեմ: Ես հայտարարում եմ, որ նրանք գողացել են երեխային, ասում եմ` հետախուզում հայտարարեք, գնացեք նրանց հետքերով: Ասում է` դիմի դատարան` թող իրենք հայտարարեն: Ասում եմ` դատարանը հայց չի վերցնում` պատճառաբանելով, որ Ա. Պողոսյանի եւ նրա որդու հասցե գոյություն չունի, ծանուցագիր չեն կարող ուղարկել: Ասում եմ` միակ մարդը, ով նրանց հետ կապ ունի` իրենց ծանոթ Սյուզաննա Մխիթարյանն է, որի հասցեն էլ կա: Ասում է` կարող ա՞ Սյուզաննային բերեմ, ծեծեմ, ասեմ` ինձ նրանց տեղն ասա: Սա ինչ աբսուրդ երկիր ա: Բա ինչի՞ համար են էդ քննիչները կոչվում քննիչ, ինչո՞ւ են աշխատավարձ ստանում, եթե ոչինչ չեն անում: Ասում է` գնա, «Հակատուբերկուլյոզային դիսպանսերից» թուղթ բեր նրա հիվանդության մասին: Գնում եմ` բժիշկն ասում է` պիտի իրենք պաշտոնապես հարցում անեն, որպեսզի մենք գրություն տանք: Գալիս` իրեն եմ ասում, ասում է` ես հարցում չեմ անի: Լավ, ի՞նչ անենք, ասե՛ք: Եթե մարդու երեխային առեւանգում են` ո՞վ պետք է գտնի, ո՞վ պետք է պաշտպանի մորը, եթե ոչ` իրավապահ մարմինը: Նրանք իրենց կաբինետներում նստած` ուզում են տվյալները մենք ճշտենք, իսկ իրենք էլ գրավոր շարադրեն ու թուղթ տան»: Ա. Սահակյանը դեկտեմբերի 6-ին կրկին դիմում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որի պատասխանը դեռեւս չի ստացել: Նրա խնդրանքով` դատախազին ուղղված դիմումը տպագրում ենք որոշ կրճատումներով.

«Հարգելի Ա. Հովսեփյան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մաշտոցի շրջանի ոստիկանության քննիչ Մայիլյանը նախկինում մեկ անգամ զբաղվել է իմ գործով եւ արդարացի լուծում չի տվել, այժմ էլ` երկու անգամ եղել եմ իր մոտ: Նա մշտապես ասում է` ինչո՞ւ դատարան չես տալիս, համոզվա՞ծ ես, որ երեխային քեզ կտան, եւ այլն: Երեխային ինքս եմ կյանք տվել, որպեսզի պահեմ, պաշտպանեմ եւ ոչ թե` նվիրեմ ուրիշներին: Հաշվի առնելով իմ հաշմանդամությունն ու հոգեբանական այս լարված վիճակը` խնդրում եմ` ինձ փաստաբան տրամադրել եւ քննիչին փոխել»: Դիմումի մեջ Ա. Սահակյանը նկարագրել է քննիչի վերաբերմունքը, անգործության մասին փաստեր, եւ դրան նաեւ կցել է գործի հետ առնչվող այլ նյութեր: Մենք նաեւ Ա. Սահակյանին հորդորում ենք դիմել ՀՀ-ում գործող կանանց իրավունքներով զբաղվող բազմաթիվ հասարակական կազմակերպություններին: «Կներեք, իսկ նրանց գործունեությունը ո՞րն է: Նման մի կազմակերպության դիմեցի, ասում են` երեխայի տեղն ասեք, որ մենք կարողանանք ձեզ վերադարձնել: Եթե երեխայի տեղն իմանամ` ինչո՞ւ եմ ես էսքան կառույցների ու մարդկանց դիմում: Կգնամ, երեխայիս կվերցնեմ ու կտանեմ: Որեւէ մեկը կարո՞ղ է արգելել, իհարկե` ոչ, որովհետեւ ես մայրն եմ ու բոլոր իրավունքներն ունեմ երեխայիս նկատմամբ: Մենակ մի բան գիտեմ, որ բոլորն աշխատում են զուտ իրենց աշխատավարձի համար` թքած ունենալով մարդկանց ճակատագրերի ու իրավունքների վրա»,- ասում է Ա. Սահակյանը: