Հովոն, Արսենն ու ուկրաինուհիները` Ավագի «աշխարհում»

17/12/2011

Այսօր տեղի կունենա «Դուռը բաց» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմում հանդիսատեսը կտեսնի Հովոյին, Արսենին, ռուս եւ վրացի հայտնի դերասանների, ադրբեջանցիների, ինչպես նաեւ` գեղեցիկ ուկրաինուհիների: Կովկասյան կատակերգության ռեժիսորը, սցենարի հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Ավագ Ավագյանն է: Նկարահանումները տեւել են շուրջ 40 օր: Ֆիլմի գլխավոր հերոսներից Արսեն Գրիգորյանը bravo.am-ին ասել է, թե այդ օրերի ընթացքում ապրել են մի ուրիշ` «Ավագի աշխարհում», հավատացել իրենց ռեժիսորին, ինչի արդյունքն էլ կատակերգությունն է: «Ֆիլմը կովկասյան ժողովրդին բնորոշ այն երեւույթների, բնավորության մասին է, որոնք դեռ պահպանվում են»,- ասել է դերասանը: «Սա երկու ընկերոջ պատմություն է, որոնցից յուրաքանչյուրն ունի սեփական խնդիրները: Նրանցից մեկի խնդրի լուծման համար ընկերները գնում են Վրաստան, իսկ այցը համընկնում է այն ժամանակաշրջանի հետ, երբ սկսվում է Վրաց-օսական պատերազմը: Այստեղ տղաներին են միանում տարբեր ազգերի ներկայացուցիչներ, որոնք էլ, հայերի հետ քեֆ անելով, գալիս են Հայաստան…»,- պատմել է ռեժիսոր Ավագ Ավագյանը:

«Ընկերները հասնում են իրենց նպատակին. դուռը բացվում է, իսկ խնդիրը` լուծվում»,- հավելել է ռեժիսորը: Նրա խոսքով` նախ ֆիլմ նկարահանելու գաղափարը ծնվել է Հովոյին կատակերգության մեջ նկարահանելու համար, հետո էլ սցենարն է գրվել, ինչի հիմքում իրական պատմություն է ընկած: «Այստեղ փորձել ենք կարեւորել ֆիլմի հերոսների եւ գործողությունների իրական լինելը, ինչին դիտողը պետք է հավատա: Սա, այսպես ասած, դասական կատակերգություն է, որը կդիտվի տարբեր ժամանակներում եւ տարբեր ազգերի կողմից»,- նշել է ռեժիսորը: Ավագ Ավագյանի խոսքով` «ֆիլմը հնարավորություն է տալիս համեմատել հայ, ռուս եւ վրացի դերասանների խաղը, կինոյում նրանց մտածելակերպը»։ «Կլինի գունեղ ֆիլմ, որտեղ հայերենից բացի` կհնչի նաեւ վրացերեն, ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, օսեթերեն…»,- ասել է Ա. Ավագյանը: Ռեժիսորի փոխանցմամբ` բանակցություններ են ընթանում ֆիլմն արտերկրում ցուցադրելու համար. «Ցանկանում ենք, որ այն առաջին հերթին ցուցադրվի Վրաստանում. դերասանների մեծ մասն այնտեղից են, արծարծվում են թեմաներ, որոնք ծանոթ ու հարազատ են իրենց»:

Bravo.am