2011 թվականին մայրացել են հայտնի բազմաթիվ կանայք. «աստղային» ապագա շատ մայրիկներ էլ արդեն հերթի մեջ են. նրանց բալիկները լույս աշխարհ կգան հաջորդ տարի: Եվ այսպես, ներկայացնում ենք 2012 թվականին մայրանալ պատրաստվող հայտնիներին:
Սկսենք հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից: Նելլին ու Րաֆֆին սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: Երգչուհին եւ ֆուտբոլիստն ամուսնացել են այս տարվա օգոստոս ամսին: Նելլիի խոսքով` «ամուսնությունից հետո կյանքը դեպի լավն է փոխվել»:
Քիմ Քարդաշյանի քույրը` Քորթնին, վերջերս հայտարարեց, որ ինը շաբաթական հղի է: Ծնվելու է իր երկրորդ բալիկը: Արդեն երկար ժամանակ է` Քորթնիի քաղաքացիական ամուսինն է Սքոթ Դիքը: Զույգը հայտնել է, որ երկրորդ երեխայի ծնունդը պլանավորված չէր: «Բայց եթե այդպես եղավ, ուրեմն ճիշտն էլ դա է»,- ասել է Քորթնին:
Մեգի Ջիլինհելը իր հղիության մասին հայտնել է նոյեմբերին: Դերասանուհին արդեն վեց ամսական հղի է: Մեգին ամուսնու` Պիտեր Սարսգարդի հետ Ռամոնա անունով 5-ամյա դուստր ունի:
Բրյուս ՈՒիլիսը 2012 թվականին հայր է դառնալու չորրորդ անգամ: Հղի է ոչ թե դերասանը, այլ իր կինը` Էմման: Զույգը երջանիկ է եւ ուրախալի լուրը հայտարարելու առիթը բաց չի թողնում:
Երկար ժամանակ հանրությանը մեկ հարց էր տանջում` արդյո՞ք Ջեսիկա Սիմփսոնը գիրացել է: Երգչուհին երկար լռելուց հետո հաստատել է հղիության մասին նորությունը: «Այժմ ուտում եմ այն ամենը, ինչ ուզում եմ, եւ ոչ մի արգելք չկա. կարծես սա կանոն լինի հղի կանանց համար»,- ասել է Ջեսիկան, ով պատրաստվում է ամուսնանալ իր նշանածի` Էրիկ Ջոնսոնի հետ:
Բեյոնսեն էլ իր հղիության մասին լուրը հաստատել է այս օգոստոսին տեղի ունեցած «MTV Video Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ: Թեեւ համացանցում երգչուհու հղիությունը կեղծ որակող լուսանկարներ են տարածվել, պապարացիներին հաջողվել է կիսամերկ լուսանկարել Բեյոնսեին, որտեղ պարզ ընդգծվում է իր բնական ու կլորիկ փորը:
Դերասաններ Բեն Աֆլեկն ու Ջենիֆեր Գարները շուտով երրորդ զավակին կունենան: Ջենիֆերը խոստովանել է, որ միշտ երազել է երեք երեխա ունենալ: Դեռեւս հայտնի չէ` 5-ամյա Վիոլետն ու 2 տարեկան Սերաֆինա Ռոուզը քույրի՞կ են ունենալու, թե՞ եղբայր:
Դերասանուհի Հիլարի Դաֆն ու ամուսինը` Մայք Քոմրին, եւս հայտարարել են, որ ծնողներ են դառնալու: «Ուրախ ենք կիսել այս լուրը ձեզ հետ, սա նոր էջ է մեր կյանքում եւ շատ պատասխանատու պահ»,- նշել է զույգը:
Իսկ 2011թ. հոկտեմբերին ծննդաբերել է Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունին: Նախկին մոդելը Նիկոլա Սարկոզիին դուստր է պարգեւել, որին ծնողները Ջուլիա են անվանել: Հիշեցնենք, Սարկոզին հայր է դարձել չորրորդ անգամ: Ֆրանսիայի նախագահն ունի երեք որդի: Իսկ 43-ամյա Կարլան եւս որդի ունի նախորդ ամուսնությունից:
Այժմ բոլորին հետաքրքրում է հետեւյալ հարցը. արդյո՞ք Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի ժառանգորդը լույս աշխարհ կգա հենց 2012 թվականին: Արդեն խոսակցություններ են պտտվում, որ արքայազն Վիլյամի կինը` Քեյթ Միդլթոնը, հղի է, սակայն պաշտոնական հայտարարությամբ արքայական ընտանիքը դեռեւս հանդես չի եկել:
Bravo.am