Կեչին գեղարարության մեջ
Դեմքի գունատության համար
Խառնեք 1-ական թ/գ կեչու տերեւը, երիցուկի եւ լորենու ծաղիկները, ավելացրեք 200-300 մլ եռջուր։ Երբ թուրմի ջերմությունը հասնի 50-60 C-ի` դրեք առաջին թրջոցը։ Օրվա ընթացքում կրկնեք 4 անգամ, վերջինը` հովացրած թուրմով։
Պզուկների եւ կորյակների համար
– Խառնեք հավասար քանակությամբ կեչու, եղինջի, եղեսպակի տերեւները։ Հումքի 1 ճ/գ-ն 30 րոպե թրմեք 200 մլ եռջրի մեջ։ Խմեք 100-ական մլ, առավոտյան եւ երեկոյան։ Թուրմը կարգավորում է նյութափոխանակությունը եւ կանխում անցանկալի կորյակների առաջացումը։
– 1 ճ/գ կեչու բողբոջին ավելացրեք 200 մլ եռջուր, եռացեք 10-15 րոպե, թրմեք, քամեք, դրեք թրջոցներ դեմքին։
– 1 ժամ թրմեք 1 թ/գ բողբոջը կամ 1 ճ/գ կեչու տերեւը 200 մլ եռջրի մեջ, քամեք թանզիֆով, խմեք` որպես թեյ։
– Ապակե տարայի կեսը (ոչ խիտ) լցրեք կեչու տերեւով, մնացած ծավալը` օղիով, թրմեք 4 շաբաթ, քամեք։ Մշակեք մաշկի վնասված տեղերը։
– Տղամարդիկ կարող են օգտագործել կեչու թուրմը կամ լոսյոնը սափրվելուց հետո։
Էկզեմա
Խառնեք հավասար (200 մլ) ծավալի կեչու թարմ բողբոջ եւ եռջուր։ 15 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա։ Քամեք։ Քսեք վնասված մասերին` անընդհատ թարմացնելով չորացած թուրմը։ Շարունակեք 1-2 օր։
Այրվածք, վերք
Կեչու կեղեւի վերնաշերտը 2 ժամ ընկղմեք եռջրի մեջ եւ դրեք վերքի վրա։
Հերպես
Դեղատնից գնեք կեչու կեղեւից պատրաստված «Բետուլին» դեղորայքը, 1 թ/գ խառնեք 100 գ ծաղկափոշու հետ, անցկացրեք սրճաղացով։ Ապակե տարայի մեջ շերտերով լցրեք հեղուկ մեղր եւ ծաղկափոշին (2։1)։
Ընդունման ձեւը. օրը 3 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ պահեք լեզվի տակ 1-ական թ/գ` մինչեւ ներծծվի։
Լոսյոն
Փոշիացրեք կեչու չոր բողբոջը, մեկ շաբաթ թրմեք օղու մեջ (1։5)։ Օգտագործեք ճարպոտ, ծակոտկեն մաշկը մաքրելու համար։
Կոպերի մաշկի խնամք
2 ճ/գ կեչու չորացրած տերեւը 6-8 ժամ թրմեք ջերմապահի մեջ 500 մլ եռջրով, քամեք։ Դրեք թրջոց այտուցման դեպքում։
Մաշկի ծերացումը կանխարգելող միջոց
3 ճ/գ կեչու չոր տերեւը 1 ժամ թրմեք 1 լիտր եռջրում, քամեք։ Առավոտյան եւ երեկոյան լվացեք դեմքը եւ պարանոցը։
Մազաթափության, թեփի դեպքում
Խառնեք 1-ական ճ/գ երիցուկի, երեքնուկ կարմիրի եւ սրոհունդի ծաղիկները, կեչու եւ եղինջի տերեւները, ավելացրեք 200 մլ բուսայուղ, 10-15 րոպե պահեք թույլ կրակով ջրային բաղնիքի վրա (40-50 C)։ Թրմեք 1 շաբաթ հով տեղում։ Քամեք թանզիֆով, մզեք հումքը։ Օգտագործելուց առաջ գոլացրեք, ներմերսեք մազարմատներին, 60-90 րոպեից լվացեք մազերը տաք ջրով եւ օճառով։ Կատարեք շաբաթը 1 անգամ, շարունակեք 2 ամիս։
Ոտքերի քրտնարտադրությունը կանխարգելող միջոց
Կոշիկի մեջ դրեք կեչու կեղեւի վերնաշերտից պատրաստված միջնատակ։
Բուժիչ լոգանքներ
Չոր թեփոտվող մաշկ – 200-250 գ կեչու բողբոջին ավելացրեք 1 լ եռջուր, փաթաթեք լաթով, 24 ժամ թրմեք տաք տեղում։ Քամեք երկտակ թանզիֆով, լցրեք լոգանքի ջրի մեջ։
Ուժեղ քրտնարտադրության դեպքում
Մանրացրեք, խառնեք հավասար քանակությամբ արոսի, կեչու, հապալասի տերեւները, հազարատերեւուկի խոտը, կաղնու կեղեւը։ Հումքի 60-70 գ-ին ավելացրեք 1 լ ջուր, հասցրեք եռման ջերմաստիճանի, թրմեք մինչեւ գոլանալը։ Քամեք, լցրեք լոգանքի ջրի մեջ։
Կարեւոր է իմանալ, եթե լոգանքի ջերմությունը ցածր է` 35 եւ բարձր` 40 C աստիճանից, ապա ճնշումը կբարձրանա, -35-40C աստիճանի դեպքում` կնվազի։