Ձերբակալել են

15/12/2011

Երեկ ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդին` Ստեփան Հակոբյանը: Ս. Հակոբյանին ձերբակալել են «Բարեկամություն» մետրոյի մոտակայքից: ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն` իրացնելով օպերատիվ տվյալները, Ոստիկանության ՔՀԳՎ աշխատակիցները բերման են ենթարկել 2006թ.-ից հետախուզվող, 1978 թ. ծնված Ստեփան Հակոբյանին: Գործը, որով նա հետախուզվում էր, ժամանակին ստացել էր հասարակական հնչեղություն: 2006 թվականի հունիսի 22-ին Երեւանում կրակոցներ հնչեցին: Ոստիկանության ամփոփագրերում դեպքը ներկայացվեց այսպես. «Ժամը 14:45-ի սահմաններում, Երեւանի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում, անհայտ անձն «ԱԿ-74» տիպի ինքնաձիգից կրակահերթ է արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետեւանքով վարորդ, 1980թ. ծնված Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել է եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել: Նույն վայրում կրակոցներից մահացել է անցորդ, 1969 թ. ծնված Կարինե Սարգսյանը»: Կասկածյալի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով: Երեկ Ստեփան Հակոբյանի հետ բերման են ենթարկվել նաեւ 1968թ. ծնված Աշոտ Հակոբյանն ու 1971թ. ծնված Արայիկ Եղիազարյանը, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերված ատրճանակն ուղարկվել է փորձաքննության: Ոստիկանությունը հայտնում է, որ նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: