Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը հերքել է ռուսաստանյան life showbiz.ru կայքի տարածած տեղեկատվությունը, որտեղ նշվում է, որ Ազնավուրն ասել է, թե Հայաստանում տեղի է ունենում ներքին ցեղասպանություն, որի պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են: «Ներկայումս իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Դա համարում եմ քաղաքականապես անընդունելի: Կառավարությունը, հնարավորություն չտալով Հայաստանին շնչել, երկիրը զրկում է երիտասարդությունից, որը հեռանում է: Այդ իմաստով, խնդիրն արդեն քաղաքական չէ, այլ համամարդկային: Այն պետք է անհապաղ լուծվի»,- ըստ կայքի` հայտարարել էր Շ. Ազնավուրը: «Ես երբեք նման բան չեմ ասել: Կարծում եմ` դա թարգմանության սխալ է»,- «Արմենպրեսին» ասել է Ազնավուրը: