Երեկ Արմավիրում եւ Էջմիածնում լարված իրավիճակ էր: Գեներալ Մանվել Գրիգորյանի եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միջեւ հարաբերությունները խիստ լարված են: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Ոստիկանության Քրեական հետախուզության վարչությունը ձերբակալել էր Էջմիածնի քաղաքապետարանի Բնակկոմունալ վարչության պետ Նորիկ Միրզախանյանին` Կարտոլ մականունով: Վերջինս գեներալ Մանվել Գրիգորյանի մերձավորներից է համարվում: Ըստ Ոստիկանության Էջմիածնի բաժնի աշխատակցի` նրա մոտ 7 գրամ թմրանյութ էր հայտնաբերվել: ԶԼՄ-ներին ՀՀ ոստիկանության Լրատվական վարչությունից տեղեկացրել էին, որ Ն. Միրզախանյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը): Նշյալ հոդվածը նախատեսում է ազատազրկում առավելագույնը երեք տարի ժամկետով: Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցները զարմացած էին Միրզախանյանի ձերբակալման փաստով` նշելով, որ նա նույնիսկ սովորական ծխախոտ չի ծխում, ուր մնաց` թմրանյութ օգտագործի: Քաղաքապետարանի աշխատակիցը պատմել էր, որ Միրզախանյանը իր 6 տարեկան երեխայի հետ հոգեհանգստի արարողությունից վերադառնալիս է ձերբակալվել: Ոստիկանները` 5-6 մեքենաներով, կանգնեցնում են Միրզախանյանի մեքենան, ավտոմատները վրան պահում, ձերբակալում ու տանում` 6-ամյա երեխային մթան մեջ միայնակ թողնելով Երեւան-Արմավիր խճուղում: Եվ միայն ժամեր անց Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն են երեխային բերում Էջմիածին: Ըստ Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակցի` երեխան երեկվանից տեսածից ուշքի չի գալիս, լեզուն կապ է ընկել: Ն. Միրզախանյանը «Երկրապահի» անդամ է: Նրան ճանաչողները համոզված պնդում են, որ նույնիսկ կարող են Միրզախանյանին անալիզի ենթարկել եւ տեսնել` արյան մեջ կա՞ թմրանյութ, թե՞ ոչ:
Ըստ մեր տեղեկությունների` Մանվել Գրիգորյանը խիստ զայրացած է դեպքի, մասնավորապես` Ոստիկանության աշխատակիցների գործելաոճի կապակցությամբ: Երեկ շատերը պնդում էին, որ Ն. Միրզախանյանի ձերբակալությունը զուտ անձնական վրեժխնդրություն է Վլադիմիր Գասպարյանի կողմից, քանի որ նրա` Էջմիածնում բնակվող ազգականների եւ Միրզախանյանի միջեւ մինչ այդ կոնֆլիկտ էր առաջացել: Ըստ նույն աղբյուրների` երբ Միրզախանյանին զգուշացրել էին, թե ում ազգականների հետ գործ ունի` վերջինս չէր ենթարկվել եւ հայհոյել էր: Ասում են նաեւ, թե Ն. Միրզախանյանին ՀՀ ոստիկանություն տանելուց հետո դաժան ծեծի են ենթարկել, ապա տեղափոխել Արմավիրի քննչական բաժանմունք, եւ մինչեւ հիմա չեն թողնում նույնիսկ փաստաբան մոտենա նրան: Ըստ Միրզախանյանի մտերիմների` փաստաբանին չթողնելու պատճառն այն է, որ ծեծի հետեւանքով կապտուկներ են առաջացել, եւ չեն ցանկանում, որպեսզի որեւէ մեկը նրան տեսնի այդ վիճակում: Հիշեցնենք, որ Ն. Միրզախանյանի կինը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր. «Ի՞նչ ա արել իմ ամուսինը, կամ ինչի՞ մեջ են նրան կասկածում, ով կասկածում է, թող առաջինն իր անալիզները ստուգեն, նոր իմ ամուսնուն մեղադրեն: Իմ ամուսինը 1000 տոկոսանոց մաքուր է, ասել եմ, ասում եմ ու կասեմ: Առանց ամաչելու` իմ 6 տարեկան երեխային ձմեռվա կեսին թողնում են փողոցում»: Երեկ Էջմիածնում եւ Արմավիրում լարված իրավիճակ էր: Ասում են, որ գեներալ Մանվել Գրիգորյանին տեղի ունեցածն այնքան է զայրացրել, որ նա սպասում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Իտալիայից վերադարձին, որպեսզի կատարվածի մասին անձամբ զրուցի: