Ծրագրերի փոխարեն` բաժակաճառեր

15/12/2011

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը երեկ հայտարարել է, թե համոզված է, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու ոչ թե արդար եւ ազատ, ինչպես իշխանություններն են հայտարարում, այլ` ճիշտ հակառակը: «Յուրաքանչյուր տարի սկսում ենք զրոյից` մոռանալով անցած վատը, բայց տարեվերջին կրկին հայտնվում ենք կոտրած տաշտակի առաջ: Այս ընտրություններն էլ կլինեն մեր ցանկություններից շատ եւ շատ հեռու: 1995-1996-ից պարբերաբար նույն երգն են երգում, հասարակությունը սկսում է քննարկել` ով քանի տոկոս կհավաքի, կանցնի-չի անցնի, բայց շատ գործիչներ այդ ամենին լուրջ չեն վերաբերվում` տեսնելով, որ նույն տրամաբանությունն է գործում ընտրություններին: Ներկայացնում են, թե վարում են սոցիալական քաղաքականություն, մինչդեռ բնակչության աղքատությունը 35%-ն անցել է: Իսկ պատճառաբանությունը, թե անցումային փուլում ենք եւ շրջափակման մեջ, հիմնավոր չեն»,- պարզաբանել է Հ. Մեսրոպյանը` հավելելով, թե` անցումային փուլը, միջազգային փորձի համաձայն, ոչ թե 20 տարին է, այլ 10: Նրա հավաստմամբ` առաջիկա ամիսների ընթացքում քաղաքական ուժերը «խորհրդավոր քաղաքականություն» կվարեն` այդկերպ փորձելով իրենց «թանկացնել»: Սակայն, ըստ փորձագետի` դա արվելու է ոչ թե ՀՀ ապագան կառուցելու, այլ սեփական գինը արհեստականորեն բարձրացնելու համար: Իսկ նման դեպքում, Հ. Առաքելյանի համոզմամբ` կստեղծվեն քաղաքական նոր դաշինքներ: «Այս ուժերը ոչ թե ծրագրեր են ներկայացնում, այլ բաժակաճառեր»,- ասել է Հ. Մեսրոպյանը: Նաեւ հայտարարել է. «Եթե այլընտրանքային ուժ ներկայանա, ապա պետք է նրան աջակցել»: Ըստ Հ. Մեսրոպյանի` մոտ 2 տարի առաջ շատ ոգեւորված խոսում էին Սինգապուրի զարգացման մասին, որը պետք է Հայաստանի համար օրինակ լիներ: Այնուհետեւ ՀՀ եկավ Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուն, ով դասախոսության ժամանակ մի քանի կետով նշեց, թե ինչ պետք է անի Հայաստանը. մասնավորապես` պետք է վերացնի կաշառակերությունը եւ այլն, բայց արդեն մոտ 1-1.5 տարի է` Սինգապուրի օրինակի մասին մամուլում ոչինչ չկա: «Խոսում են Սինգապուրից, բայց թռիչք անելու ցանկություն չունեն»,- ասել է նա` ակնարկելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: «Հայտարարվեց, թե հայրենիքը կանչում է սփյուռքահայերին, բայց ի՞նչ եղավ. վերջին դեպքը հետեւյալն է. «Նարեկացի» միության հիմնադիր Նարեկ Հարթունյանին բռնեցին, տարան, իսկ դատարանը գիշերով ձերբակալման որոշում կայացրեց: Մենք քնում ենք, իսկ դատարաններն աշխատում են: Մի՞թե մեր օլիգարխները իրենց պարտավորությունները կատարում են, եւ մնացել է վերջին լումայի խնդիրը լուծել»,- ասել է Հ. Մեսրոպյանը: