Խնդիրը թափանցիկ քաղաքականության բացակայությունն է

15/12/2011

Երեկ ՄԱԱ-ում քաղաքական ուժերն ամփոփել են ընթացիկ տարվա արդյունքները: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի գնահատմամբ` Հայաստանում ներքաղաքական կյանքը «ակտիվ եւ կայուն» էր. «Այս տարին քաղաքական ուժերի համար իրենց ուժերը չափելու ժամանակաշրջան էր: Մեր քաղաքական մշակույթի մեջ նոր ոճ էր, երբ որ հակառակ տեսակետներ ունեցող քաղաքական ուժերը փորձեցին իրենց տեսակետները մոտեցնել, համաձայնեցնել կլոր սեղանի շուրջ: Սա, իհարկե, ողջունելի է, բայց մեզ համար անհասկանալի էր երկխոսությունը ավարտին չհասցնելու պատճառները»,- ասել է նա: Իսկ ԵՊՀ քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի դիտարկմամբ` հասարակության համար այդպես էլ անորոշ մնաց ընդդիմություն-իշխանություն երկխոսության իրական քաղաքական նպատակը: Նրա խոսքով` 2011թ. իր քաղաքական ակտիվությամբ առավել աչքի է ընկել Հայ ազգային կոնգրեսը եւ՛ հանրահավաքների քանակով, եւ՛ բարձրացված հարցերով, որոնցից հիմնականը արտահերթ ընտրությունների պահանջն է: «Ճիշտ է, արտահերթ ընտրություններ չեղան, բայց քննարկման մեծ ալիք բարձրացավ: Դրան հաջորդեց ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը, որը նույնպես ռեալ արդյունքներ չունեցավ: 2011-ի գլխավոր իրադարձություններ էին նաեւ կադրային փոփոխությունները»,- ասել է նա: Ի դեպ, նրա խոսքով` ՀՀ քաղաքական կյանքում 2011թ. «երրորդ ուժ» ասվածն այդպես էլ ի հայտ չեկավ, փոխարենն, ըստ նրա` ի հայտ եկավ նոր կուսակցություն` ի դեմս «Ազատ դեմոկրատների»: «Նրանք արդյոք կկատարե՞ն երրորդ ուժի դերը, թե՞ ոչ, կերեւա ընտրություններից հետո»,- ասել է Քեռյանը: Ի դեպ, անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ տարաձայնությունների մասին խոսակցություններին, Գ. Քեռյանը հայտարարել է, թե ԲՀԿ-ն կոալիցիոն հուշագրով հաստատել է, որ նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի կարծիքով էլ` Հայաստանի քաղաքական օրակարգը սահմանափակվում է Լեռնային Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների խնդրով: «Բայց երբեւէ հարց չի դրվում, թե ինչպիսին է լինելու Հայաստանի դերը տարածաշրջանում,- ասել է նա` հավելելով,- Արդյոք Հայաստանը շարունակելո՞ւ է մնալ եւ զբաղեցնել նույն քիչ կարեւոր եւ կախյալ վիճակը, որը հիմա զբաղեցնում է: Այս առումով մեր կուսակցությունը խիստ կարեւորում է անկախության խնդիրը»: Ա. Սեդրակյանի համոզմամբ` Հայաստանի թիվ մեկ խնդիրը թափանցիկ քաղաքականության բացակայությունն է, որը, սակայն, որեւէ օրենսդրական փոփոխություն, Ընտրական օրենսգրքի փոփոխություն ի զորու չէ լուծել, եթե բոլոր քաղաքական ուժերը տրամադրված չլինեն: Անդրադառնալով վերջին շրջանում իշխանական վերնախավում տեղի ունեցած պաշտոնանկություններին` նա ասել է. «Փորձ է արվում անձնային կադրային փոփոխությունները ներկայացնել որպես համակարգային փոփոխություններ, այնինչ դրանք որեւէ իրական փոփոխության չեն բերելու»: