Բացատրություն են պահանջում

15/12/2011

Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը բացատրություն է պահանջում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասյեի` դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած` «Ադրբեջանի եւ Հայաստանի հակամարտությունը մոռացված հակամարտություն է» կլոր սեղանի ընթացքում հնչեցրած հայտարարության համար: «Իհարկե, ես հասկանում եմ Ադրբեջանի տառապանքները, այդ երկրի տարածքները գրավվել են: Ես` որպես ֆրանսիացի, լավ եմ հասկանում, թե ինչ ասել է` օկուպացիա»,- ասել էր Բեռնար Ֆասյեն: Հայ դատի տարածած հայտարարության մեջ ասված է. «Այս հայտարարությունները ցույց են տալիս Ֆասյեի կողմնակալ դիրքորոշումը, չնայած Ղարաբաղի միջնորդի նրա դերին: Դա դատապարտելի հայտարարություն է, եւ, բացի այդ, Ֆրանսիայի ԱԳՆ-ի վերջին 2 ամսվա գործողությունները հստակ բացատրությունների կարիք ունեն»: Միջազգային թատերաբեմում, կարծում է Հայ դատի ֆրանսիական բյուրոն, Ֆրանսիայի ԱԳՆ-ն մշտապես Թուրքիայի նկատմամբ չարդարացված բարեհամբույր վերաբերմունք է ցուցաբերում, այդ թվում` Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողովի հարցում: Մյուս օրինակը Թուրքիայի դիմումն է Եվրոպային` սիրիական հարցի վերաբերյալ: «Նշված պատճառներով Հայ դատի ֆրանսիական բյուրոն դիմում է Ֆրանսիայի ԱԳՆ-ին` Ալեն Ժյուպեի հետ հանդիպում պահանջելով, որի ընթացքում կքննարկվեն Ֆրանսիայի հայ համայնքին անհանգստացնող եւ վրդովեցնող մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում: