Կոպիտ բարքեր են, ռոմանտիզմ չկա

15/12/2011

Ազգային ժողովի նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել խորհրդարանում: Ընդ որում, այդ վիճակը հետաքրքրական է ոչ թե պատգամավորական հատվածի, այլ ԱԺ աշխատակազմի համար: Որն, ի դեպ, ավելի մեծաքանակ է ու երբեմն նաեւ ավելի ազդեցիկ է եղել:

Խորհրդարանի միջանցքներում ու աշխատասենյակներում ԱԺ աշխատակազմի նույնիսկ ամենաշարքային աշխատողներն անգամ խոսում են նախկին բարքերից եւ նոր ձեւավորվող խաղի կանոններից:

Այդ քննարկումների համաձայն` Հ.Աբրահամյանն իր աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի միջոցով այնպիսի խաղի կանոններ է ձեւավորել, որ խորհրդարանում ստեղծվել է փոքրաթիվ արտոնյալների մի խումբ եւ անուշադրության ու բանսարկությունների զոհ դարձած մեծամասնություն: Վերջիններս հիմա քննարկում եւ սպասում են, թե ինչ փոփոխություններ կանի ԱԺ նոր նախագահ Սամվել Նիկոյանը: Նա շարունակելո՞ւ է Հ.Աբրահամյանի ավանդույթները, թե՞, այնուամենայնիվ, որոշակի շտկումներ է մտցնելու: Իսկ աշխատակազմում մեծ են դժգոհությունները հատկապես Գ.Ղարիբջանյանի եւ Հ.Աբրահամյանի խորհրդական Արփինե Հովհաննիսյանից, որին, ի դեպ, Հ.Աբրահամյանը վստահել է ԱԺ աշխատակազմի ողջ փաստաթղթաշրջանառությունը: ԱԺ-ում խոսում են, որ վերջինս էլ իր հերթին` սեփական հայեցողությամբ է որոշումներ կայացրել ԱԺ աշխատակազմին վերաբերող կարեւոր հարցերի վերաբերյալ: Եվ այսօր խորհրդարանում այնպիսի լարված վիճակ է ստեղծվել, որ աշխատակիցների մեծ մասը սպասում է, թե նորի՞ց իրենց աշխատանքային ճակատագիրը վստահվելու է այդ երկու անձանց կամայականություններին: Բանն այն է, որ ԱԺ նախագահի աշխատակազմը ձեւավորվում է հայեցողական սկզբունքով: Այսինքն` ԱԺ նախագահն իր հայեցողությամբ է նշանակում անմիջապես իր հետ աշխատող պաշտոնյաներին, եւ նրանք պաշտոններից ազատվում են` նույն հայեցողական սկզբունքից ելնելով: Հիշեցնենք, որ Հ.Աբրահամյանից հետո նրա աշխատակազմի մի քանի աշխատողներ հայտարարեցին, թե չեն շարունակելու իրենց աշխատանքը: Արդեն հրապարակել էինք, որ նրանց աշխատանքային պայմանագրերում նշված է եղել, թե նրանց պայմանագրերը լուծարվում են այն պահից, երբ դադարեցվում են ԱԺ նախագահի լիազորությունները: Նույնը պետք է վերաբերի նաեւ այս մարդկանց, եթե, իհարկե, նրանց պայմանագրերում այլ հիմքեր նշված չեն: Սակայն, մեր տեղեկություններով, Հ.Աբրահամյանը գնալուց առաջ նրանց հորդորել է դուրս չգալ աշխատանքից` ասելով, թե ընտրություններից հետո ինքը վերադառնալու է իր պաշտոնին: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, Գ.Ղարիբջանյանը նույնպես ցանկանում է վերադառնալ իր նախկին` դիվանագիտական աշխատանքին: Պարզապես դրա համար դեռ պետք է ստանա Ս.Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի համաձայնությունը:

Ավելացնենք նաեւ, որ Հ.Աբրահամյանը նաեւ բավականին մեծ արտոնություններ, լիազորություններ ու հնարավորություններ է տվել այս պաշտոնյաներին, ինչպես նաեւ` իր թիկնազորի պետին: Մամուլում արդեն հրապարակում եղել է, որ ԱԺ-ից ծառայողական մեքենա հատկացվել է ոչ միայն Գ.Ղարիբջանյանին, այլ նաեւ նրա դստերը: Ասում են, որ ԱԺ մեկ այլ մեքենա էլ սպասարկել է թիկնազորի պետի կնոջը: Եվ այս մի քանի պաշտոնյաները ինքնուրույն, հաճախ` նաեւ վիրավորական ու նվաստացուցիչ վարվեցողության կանոններ են սահմանել ԱԺ աշխատակազմում` միաժամանակ օգտվելով խորհրդարանի ընձեռած բոլոր բարիքներից: Եվ խորհրդարանում եղած անընդունելի բարքերն այնքան մասշտաբային ու ճնշող են եղել, որ Հ.Աբրահամյանի հրաժարականից հետո աշխատակազմի տարբեր կառույցներից բազմաթիվ նման լուրեր են սպրդում: Քիչ չեն, ի դեպ, անձամբ Հ.Աբրահամյանի հետ կապված տեղեկությունները: Մամուլում արդեն հրապարակում է եղել, որ ԱԺ նախկին նախագահը հրաժարականից առաջ դատարկել է ԱԺ ողջ բյուջեն` իր հետեւից բարի համբավ թողնելու ակնկալիքով պարգեւատրումներ է տվել աշխատողներին: Հ.Աբրահամյանն այդ բարիքներից զերծ չի պահել նաեւ իրեն: Նա ԱԺ նախագահի աշխատակազմին չի վերադարձնում նախագահին սպասարկող «միգալկաներով» մեքենաներից մեկը: Ասում են, թե նախագահ Ս.Սարգսյանին Հ.Աբրահամյանը համոզել է, որ եթե իր մեքենայի հետեւից այդ «միգալկաներով» մեքենան գնա, հանրությունն իրեն ավելի լուրջ կընդունի ՀՀԿ շտաբի պետի պաշտոնում, եւ այդպիսով ինքն ավելի ազդեցիկ կլինի: Նաեւ կկարողանա ավելի լավ կազմակերպել նախընտրական շտաբի աշխատանքները: Եվ այսօր նա ԱԺ այն արտոնյալ պատգամավորն է, ով ոչ միայն չի մասնակցում նիստերին, այլեւ իր ծառայողական մեքենայի հետ միասին` առանձին թիկնազորային մեքենա է պահում` ընդ որում, պետական: Հիշեցնենք նաեւ, որ անցած աշնանը հրապարակում եղավ, թե ԱԺ բյուջեից Հ.Աբրահամյանը 20 մլն դրամով իր ծառայողական մեքենայի համար գնել է 4 զրահապատ անվադողեր: ԱԺ ավտոպարկին սպասարկող անձնակազմից տեղեկություններ կան, թե այդ թանկարժեք անիվները եւս չեն վերադարձվել: Ավելին, Հ.Աբրահամյանին ու նրա մտերիմներին սպասարկող մեքենաները յուրաքանչյուր օր մեծ քանակությամբ բենզին են ստանում ԱԺ-ից: Եվ ԱԺ նոր նախագահ Ս.Նիկոյանը չի փորձում փակել իր կուսակից ընկերոջ ախորժակն ու նման վատնումների վրա առայժմ աչք է փակում: Նաեւ այսպես են մսխվում հարկատուների հաշվին գոյացող պետական միջոցները, եւ ահա թե ինչու է ՀՀԿ-ն կարողանում ընդամենը 2500 դրամով բարձրացնել կենսաթոշակները: Հ.Աբրահամյանը դեռ նոր է հրաժարական տվել, եւ այս լուրերը հավանաբար ամբողջությամբ չեն ներկայացնում ԱԺ շռայլության ողջ պատկերը: Փորձը ցույց է տալիս, որ ժամանակի ընթացքում բոլոր չարաշահումներն ու շռայլությունները լույս աշխարհ են դուրս գալիս:

Ռուզան ԿԱՐԱՊԵՏՅԱՆ