Վաղը Մոսկվայում կայանալու է հանրահավաք, որին, ինչպես սպասվում է, կմասնակցեն 30 հազար մարդիկ: Նրանք բողոքելու են դեկտեմբերի 4-ին կայացած Պետական դումայի ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ, որոնք, շատերի պնդմամբ, կեղծվել են` քողարկելու համար այն փաստը, որ «Եդինայա Ռոսիան» իրականում ստացել է մոտ 25 տոկոս: Ռուսաստանի ընտրությունների խիստ քննադատությամբ հանդես են եկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշտոնը, ինչը, բնականաբար, առաջացրել է Կրեմլի խուլ զայրույթը:
Հայաստանի նախագահն ու վարչապետը արդեն շնորհավորել են Ռուսաստանի ղեկավարներին: Իր շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը նշել էր, որ «ընտրությունների արդյունքները ցույց տվեցին Վլադիմիր Պուտինի փորձի պահանջված լինելը»: Կարծում եմ, որեւէ մեկը ՀՀ իշխանություններից այլ արձագանք չէր սպասում: Այլ արձագանքը պարզապես հնարավոր չէր` հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների բնույթը:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա շատերը սպասում էին, որ Հայ ազգային կոնգրեսն անպայման որեւէ հայտարարություն կանի` ի պաշտպանություն Ռուսաստանի դեմոկրատական ուժերի: Համենայնդեպս, Facebook-ում ՀԱԿ-ի շատ կողմնակիցներ անթաքույց հիացմունքով են խոսում Ռուսաստանում ծավալվող իրադարձությունների մասին: Սակայն ՌԴ ընտրություններից անցել է համարյա մեկ շաբաթ, իսկ ՀԱԿ-ը որեւէ կերպ իր դիրքորոշումը չի հայտնել: ՀԱԿ-ը սովորաբար հայտարարություններ է անում, երբ այս կամ այն երկրում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք պայմանականորեն կարելի է ժողովրդավարական անվանել: Օրինակ, սեպտեմբերի 1-ին Հայ ազգային կոնգրեսը ողջունեց լիբիական ժողովրդի «դարակազմիկ հաղթանակը»:
Այս տարվա ընթացքում ՀԱԿ առաջնորդը բազմիցս քննադատեց ԱՄՆ-ին, Եվրոպական Միությանը, ԵԱՀԿ-ին` նրա համար, որ դրանք «աչք փակեցին» Հայաստանի վերջին ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումների վրա եւ, ըստ էության, ճանաչեցին «ոչ լեգիտիմ» իշխանություններին: Մասնավորապես, մայիսի 11-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ ԵԱՀԿ կառույցներն «իրարամերժ գնահատականներ են տվել Հայաստանում կեղծված ընտրությունների վերաբերյալ, որոնց պաշտոնական արդյունքները չեն ընդունվել եւ չեն ընդունվում ՀԱԿ-ի եւ հասարակության կողմից»:
Թվում էր, որ այսօր, երբ մի շարք արեւմտյան կառույցներ Ռուսաստանի ընտրությունները հստակ անվանեցին «ոչ ազատ ու ոչ արդար», ՀԱԿ-ը, որպես ժողովրդական արժեքների պաշտպան, պետք է ինչ-որ կերպ արտահայտեր իր դիրքորոշումը:
Ի վերջո, չմոռանանք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ավանդաբար լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի լիբերալ ուժերի շատ ներկայացուցիչների հետ, որոնց հետ համագործակցել է 1990 թվականից սկսած:
2008թ. փետրվարին ռուսաստանյան «Աջ ուժերի միության» ղեկավարները դիմել էին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին հետեւյալ նամակով. «Ձեր օգտին տված ձայներն ու Ձեր հազարավոր կողմնակիցների հանրահավաքները եւս մեկ անգամ հաստատել են Ձեր բարձրագույն հեղինակությունը: Հայաստանում ժողովրդավարության եւ ազատության համար Ձեր պայքարը շատ կարեւոր է մեր` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար: Հանդես գալով կաշառակերության եւ ստի, երկերեսության եւ վախի դեմ, Դուք պաշտպանում եք ոչ միայն Հայաստանը, այլեւ Ռուսաստանը, ոչ միայն այն, ինչ արվել է Ձեր եւ Ձեր զինակիցների կողմից, այլեւ այն, ինչ նույն տարիներին արել են ռուս բարեփոխիչները: Ձեր նվաճումները հույս են տալիս մեզ բոլորիս»:
Թվում էր, որ այսօր ՀԱԿ-ը կարող էր նմանատիպ մի նամակ ուղարկել այն մարդկանց, որոնք պայքարում են Ռուսաստանում իրենց իրավունքների համար:
Բայց արի ու տես, որ ամեն բան այս կյանքում փոխվում է: Օրինակ, Նիկիտա Բելիխը, ով 2008թ. Տեր-Պետրոսյանին ուղարկված նամակի հեղինակներից մեկն էր, այսօր նահանգապետ է` Վլադիմիր Պուտինի ու Դմիտրի Մեդվեդեւի ենթական:
Ես ՀԱԿ-ին ու նրա առաջնորդին բացարձակապես չեմ մեղադրում: Քաղաքականությունն ունի իր կանոնները, ու ՀԱԿ-ը չի կարող իրեն հարվածի տակ դնել` ընդունելով մի հայտարարություն, որով հարցականի տակ կդնի Ռուսաստանի ընտրությունների արդյունքները եւ Վլադիմիր Պուտինի հեղինակությունը:
Խոսքս պարզապես այն մասին է, որ հաշվի առնելով քաղաքական նպատակահարմարության գործոնի առկայությունը, ՀԱԿ-ին, թերեւս, չարժե մեղադրել ուրիշներին երեսպաշտության համար:
«Մենք պարզապես գործ ունենք «Realpolitik» կոչված տխրահռչակ երեւույթի հետ, որի էությունը սկզբունքների զոհաբերումն է քաղաքական նպատակահարմարությանը»,- ասել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը` ս.թ. մարտի 1-ի հանրահավաքում` խոսելով միջազգային հանրության մասին, որը նախապատվությունը տալիս է ԼՂ ու հայ-թուրքական հարաբերությունների խնդիրներին եւ ոչ թե Հայաստանի ժողովրդավարության ապագային:
Նույն բանն այսօր անում է ՀԱԿ-ը` նախապատվությունը տալով Պուտինի հետ հարաբերություններին:
Դեկտեմբերի 9, 2011թ.
Արա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
«Մեդիամաքսի» տնօրեն