Համագործակցության առաջարկ՝ գործարարներին

15/12/2011

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 13-ի երեկոյան աշխատանքային ընթրիքի ժամանակ հանդիպում է ունեցել Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Ս. Սարգսյանն իր ելույթում առաջարկել է գործարարներին ներդրումներ իրականացնել Հայաստանում:

Ս. Սարգսյանի խոսքով` հայ-իտալական բարեկամությունը խարսխված է մեր երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող հոգեւոր եւ մշակութային ընդհանրությունների վրա, եւ աշխարհագրական դիրքը երբեք խոչընդոտ չի հանդիսացել երկու ժողովուրդների միջեւ դարեր առաջ հաստատված բարեկամության շարունակական սերտացման համար: «Առեւտրատնտեսական ոլորտում եւս մեր համագործակցությունը պատմական խոր արմատներ ունի: Իտալիայում հայ առեւտրականների մասին առաջին հիշատակությունները վերաբերում են 6-րդ դարին: 12-14-րդ դարերում Կիլիկյան Հայաստանի եւ Իտալիայի տարբեր քաղաքների` Ջենովայի, Վենետիկի, Պիզայի, Ֆլորենցիայի միջեւ հաստատվել են առեւտրային սերտ հարաբերություններ: Այդ քաղաքներից մի քանիսը Կիլիկյան Հայաստանում նույնիսկ ունեին իրենց հյուպատոսությունները: Դուք պատկերացնո՞ւմ եք` Կիլիկիան ջենովացի առեւտրականներին շնորհել է ազատ առեւտրի եւ այլ արտոնություններ դեռ 1201 թվականին, եւ մեկ դար անց նույն արտոնություններն են տրվել Ֆլորենցիայի վաճառականներին: Եվ այսօր մենք փաստորեն բանակցում ենք Եվրամիության հետ, որպեսզի նույն Իտալիայի հետ ունենանք ազատ առեւտուր, այսինքն` վերադարձնենք այն, ինչ ունեցել ենք ավելի քան 800 տարի առաջ: Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո էլ հայ-իտալական առեւտրական սերտ կապերը շարունակվել են. հայերն սկսել են իրենց ներդրումն ունենալ իտալական քաղաքների տնտեսության զարգացման գործում` նպաստելով շահութաբեր առեւտրին սեւծովյան երկրների միջեւ: Ձեր ուշադրությունը ուզում եմ հատուկ հրավիրել այն հանգամանքի վրա, որ նույնիսկ պետականության բացակայության պայմաններում մեր երկրների միջեւ տնտեսական կապերը խորացել են: Ուստի այսօր, երբ մենք` նկատի ունեմ հայերս, արդեն ունենք պետականություն, ունենք բոլոր հիմքերը մեր առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու համար: Եվ իրականության մեջ այսօր մեր տնտեսական հարաբերությունները չեն արտացոլում մեր քաղաքական հարաբերությունների մակարդակը: Մենք պետք է ջանքեր գործադրենք մեր տնտեսական հարաբերությունները մեր այսօրվա քաղաքական հարաբերությունների մակարդակին հասցնելու համար, եւ այդ ջանքերից մեկն էլ այսօրվա հանդիպումն է: Հայաստանի եւ Իտալիայի միջեւ ստորագրված են առեւտրատնտեսական ոլորտը կարգավորող բազային համաձայնագրեր, որոնք լավ հիմքեր են ստեղծել համագործակցության զարգացման համար: Հայ-իտալական առեւտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2011թ. 9 ամիսների տվյալներով` անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած, աճել է 50 տոկոսով, բայց կազմել է ընդամենը 130 մլն: Իհարկե, շատ լավ է հնչեցնել 50 տոկոս, բայց բնականաբար բացարձակ թիվը չափազանց փոքր է եւ մեզ չի կարող գոհացնել: Իտալական կապիտալն առկա է մասնավորապես Հայաստանի շինարարության, հյուրանոցային եւ թեթեւ արդյունաբերության ոլորտներում: Այդ ոլորտներում հաջողություններն ակնհայտ են, եւ, կարծում եմ, իտալացի գործարարներն իրենց լավ են զգում մեր երկրում: Բայց պետք է նշեմ, որ ընդհանուր իտալական ներդրումների ծավալը շատ փոքր է, այն գրեթե 2 անգամ զիջում է կիպրականին, 3 անգամ` նիդեռլանդականին, 6 անգամ` գերմանականին, 8 անգամ` հունականին եւ 12 անգամ` ֆրանսիականին: Եվ եթե ձեր եվրոպացի գործընկերներն իրենց համար օգտակար կապեր են կարողացել ձեւավորել Հայաստանում, վստահ եմ, որ իտալացիները նույնպես կարող են դա անել, միգուցե, ավելի մեծ հաջողությամբ: Այժմ մենք իրականացնում ենք մեծ ենթակառուցվածքային եւ էներգետիկ ծրագրեր: Կառուցում ենք հյուսիս-հարավ մայրուղին, որը սեւծովյան նավահանգիստները կկապի Պարսից ծոցի նավահանգիստների հետ: Ծրագրման փուլում է նաեւ հյուսիս֊հարավ երկաթուղու կառուցումը: Ընթացքում են նաեւ Հայաստանի ատոմակայանի նոր բլոկի կառուցմանն ուղղված աշխատանքները, ինչն ավելի կուժեղացնի Հայաստանի դիրքերը տարածաշրջանային էներգետիկ շուկայում: Մեր ռուս եւ ֆրանսիացի գործընկերներն արդեն իսկ ցանկություն են հայտնել մասնակցել այդ ծրագրերին: Եվ, բնականաբար, իտալացի գործարարներին էլ եմ կոչ անում ակտիվ համագործակցություն հաստատել մեզ հետ այս ոլորտներում: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Հայաստանում ստեղծվող Ազատ տնտեսական գոտիների ձեւավորմամբ բացվող համագործակցության հնարավորություններին: Իտալացի գործարարների համար հետաքրքիր ոլորտներ կարող են հանդիսանալ փայտամշակումը եւ կահույքի արտադրությունը, ոսկերչությունը, գյուղատնտեսությունը, գյուղատնտեսական մթերքների վերամշակումն ու պահածոյացումը եւ այլն: Կարծում եմ, որ շատ հեռանկարային ոլորտ է նաեւ զբոսաշրջությունը: Ուզում եմ նշել համագործակցության եւս մի բնագավառ: Փոքր եւ միջին բիզնեսը կազմում է Իտալիայի տնտեսության հիմքը, ինչը կարող է լավագույն օրինակ հանդիսանալ Հայաստանի համար: Մենք հետաքրքրված ենք Իտալիայի հետ հատկապես այս ոլորտում համագործակցելու, ինչպես նաեւ ուսումնասիրելու իտալական փորձը` հաշվի առնելով մեր ժողովուրդների խառնվածքային եւ մտածողության ընդհանրությունները, մասնավորապես` ընտանեկան բիզնեսի նկատմամբ վառ արտահայտված միտվածությունը: Կարծում եմ` դեռ առիթ կունենանք ավելի մանրամասն խոսել Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումների մասին: Սակայն ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի ներկա մակրոտնտեսական իրավիճակը գնահատվում է որպես կայուն, պահպանվում է ֆինանսական եւ դրամավարկային կայուն իրավիճակը, իսկ տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները միտում ունեն անընդհատ բարձրացնելու մեր երկրի ներդրումային գրավչությունն ու գործարարությամբ զբաղվելու ազատությունն ու պաշտպանվածությունը: Արեւելյան գործընկերության մեկնարկը Հայաստան-ԵՄ հարաբերությունները տեղափոխել է որակական նոր մակարդակ: Սա շատ լուրջ նոր հնարավորություններ է բացելու նաեւ հայ-իտալական գործարար համագործակցության համար: Բանակցություններ են ընթանում Հայաստան-Եվրամիություն ասոցիացման համաձայնագրի շուրջ, առաջիկայում կմեկնարկեն Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները, որոնց ավարտից, փաստաթղթերի կնքումից հետո Հայաստանը կունենա ԵՄ-ի հետ առավելագույնս ինտեգրացված եւ ազատականացված տնտեսական հարաբերությունների համակարգ: Այսօր արդեն իսկ Հայաստանն օգտվում է Եվրամիության կողմից տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգի Համալրված ռեժիմից, որը, տրվելով միայն խիստ սահմանափակ երկրների, վկայում է Հայաստանում լավ կառավարման առկայության մասին եւ էական արտոնյալ առեւտրային ռեժիմ է սահմանում Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության անդամ երկրների միջեւ: Կնքելու ենք նաեւ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման համաձայնագիր: Բացի այդ, եվրոպական կառույցների ֆինանսական եւ փորձագիտական աջակցությամբ նախատեսում ենք երկրում լայնածավալ բարեփոխումների անցկացում` հարկային եւ մաքսային ոլորտներ, դատական համակարգ, գործարար ընթացակարգերի թեթեւացում, ինչը միայն ու միայն հեշտացնելու է ձեր աշխատելու հնարավորությունները Հայաստանում: Պատրաստ ենք քննարկելու արտոնությունների տրամադրման հարցերը ոչ միայն գործադիրի, այլեւ օրենսդրական մակարդակով: Թույլ տվեք մեկ անգամ եւս ողջունել այսօրվա հավաքի մասնակիցներին, շնորհակալություն հայտնել ձեր հատկացրած ժամանակի համար եւ հույս հայտնել, որ մեր հաջորդ հանդիպման ժամանակ կարող ենք արդեն իսկ արձանագրել որոշակի արդյունքներ»,- ասել է Ս. Սարգսյանը: