«168 Ժամի» դեմ դատը հետաձգվեց

15/12/2011

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհի Սուսան Նազարյանի որդու` Տիգրան Տերտերյանի` ընդդեմ «168 Ժամ» թերթի եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի դատական նիստը: Հիշեցնենք, որ Ս. Նազարյանի անչափահաս որդին թերթից պահանջել է հերքել այն տեղեկատվությունը, որտեղ ասվել է. «Ի դեպ, ըստ Էջմիածնի բնակիչների` օրեր առաջ դպրոցի նախկին տնօրինուհու որդին այրել է փաստաթղթային արխիվը»: Վերջինս իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար թերթից պահանջել է 2 մլն դրամ: Հիշեցնենք նաեւ, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր հայցվոր կողմի փաստաբանի այն պատճառաբանությամբ, որ իրենց ժամանակ է պետք պատասխանող կողմի ներկայացրած ձայնագրությանը ծանոթանալու համար: Սա` այն դեպքում, երբ նիստի սկզբում ձայնագրությունը հրապարակայնորեն հնչեցվել էր դատարանի դահլիճում: Ի դեպ, ներկայացված ձայնագրության մեջ Էջմիածնի բնակիչ Սիրեն Եղիազարյանն ասել էր հետեւյալը. «Ամբողջ քաղաքը 3-4 օր խոսում էր, որ տղան է այրել, մասնավորապես, տնօրենը փոխել էր այն վեդոմոստները, քննական թերթիկներն այլ գնահատականներով է տվել` կա՛մ բարձրացրած, կա՛մ իջեցված` նայած, թե ով ինչ վերաբերմունք է դրսեւորել նրա նկատմամբ: Դպրոցի աշակերտներից, ուսուցիչներից դուրս եկավ, որ տղան արխիվ է վառել, որովհետեւ հրդեհը բռնկվել էր այն սենյակում, որտեղ պահվում է դպրոցի փաստաթղթային արխիվը»: Ինչեւէ, երեկվա նիստում պատասխանող կողմի փաստաբանը նշեց, թե իրենք ծանոթացել են ներկայացված ապացույցին եւ դրա հետ կապված չունեն առարկություններ: Այդպիսով` հաջորդ նիստին դատարանը դատական նիստին մասնակցելու համար ծանուցում կուղարկի նաեւ Էջմիածնի բնակիչ Ս. Եղիազարյանին: Վերջինս պատրաստ է դատարանում կրկնել ամիսներ առաջվա խոսքերը: Իսկ դատական հաջորդ նիստը տեղի կունենա 2012թ. հունվարի 24-ին, ժամը 12:30-ին: