«Ռուսաստանի երիտասարդ կոսմոպոլիտները հայտարարում են իրենց իրավունքների մասին»

15/12/2011

Խմբագրության կողմից: Պետք է խոստովանենք, որ ամերիկյան դեմոկրատների խաղադրույքը, թե հնարավոր է սոցիալական ցանցերի ու շփման ժամանակակից այլ միջոցների օգնությամբ մարդկանց զանգվածայնորեն ներգրավել քաղաքական գործընթացների մեջ, իսկապես արդարացնում է իրեն: Գլոբալ հարթակը ստեղծվում է մեր աչքի առաջ, սակայն ամենեւին էլ ոչ բոլոր հասարակություններին է հաջողվում գլուխ հանել իրենց գլխին հանկարծակի «թափված» ժողովրդավարությունից: Շատ փորձագետներ միամտաբար կարծում էին, թե այս գործընթացը չի սպառնում հետվերակառուցման շոկից դեռ լիովին ուշքի չեկած Ռուսաստանին: Այնուամենայնիվ, «քաղաքական զարթոնքը» Ռուսաստանի քաղաքներում արդեն կատարված փաստ է, ընդ որում` դրա հետեւանքները ճշգրիտ կանխատեսումների դեռեւս չեն ենթարկվում: Ի՞նչ է մտածում այս մասին «Գլոբալ քաղաքական զարթոնքի» ամերիկյան գլխավոր ստրատեգ Զբիգնեւ Բժեզինսկին:

– Հարգելի՛ պրն Բժեզինսկի, «Արաբական գարնան» իրադարձությունները որքանո՞վ ստիպեցին Ձեզ վերանայել «Գլոբալ քաղաքական զարթոնքի» Ձեր սեփական գաղափարը: Եգիպտոսում իսլամիստների հաղթանակը որքանո՞վ է համատեղելի Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում կայունության պահպանման հետ:

– Ես մտադիր չեմ վերանայելու իմ դոկտրինը: «Գլոբալ քաղաքական զարթոնքը» չի ենթադրում, որ այդ զարթոնքի արդյունքն անպայման լինելու է ժողովրդավարությունը: Քաղաքական զարթոնքը կարող է ունենալ բազում դրսեւորումներ, որոնք կախված են տվյալ երկրի կամ տարածաշրջանի պատմական փորձից: Օրինակ` Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում 80-ականների վերջին եւ 90-ականների սկզբին տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունները ոչ միայն քաղաքական զարթոնքի դրսեւորում էին, դրանք դարձան հենց ժողովրդավարական քաղաքական զարթոնք: Լեհաստանի պարագայում դա պարզ դարձավ այն պահից, երբ հայտնվեց «Համերաշխություն» շարժումը` Լեխ Վալենսայի եւ այլ ինտելեկտուալների գլխավորությամբ: Չեխիայում դա հասկանալի դարձավ Վացլավ Հավելի ղեկավարած շարժման ստեղծման պահից: Իսկ Եգիպտոսում ակնհայտորեն տեղի ունեցավ այն, ինչ ես անվանում եմ քաղաքական զարթոնք: Սակայն եգիպտական քաղաքական զարթոնքը շատ «անհամբեր է», եւ քանի որ այն կործանված հույսերի արդյունք է ու տարերային վրդովմունքի հետեւանք, այստեղ ազատամտության ու ժողովրդավարական ավանդույթները չափազանց փոքր դեր խաղացին: Այնպես որ, քաղաքական զարթոնքի ամեն դեպք չէ, որ միատեսակ արդյունք է տալիս, եթե անգամ ամեն մի կոնկրետ դեպք համաժողովրդական շարժման դրսեւորում է:

– Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի քաղաքական վերջին իրադարձությունները Ձեր տեսության տեսանկյունից:

– Անշուշտ, Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները գլոբալ քաղաքական զարթոնքի մասն են կազմում, եւ ես Ռուսաստանի հանդեպ ավելի լավատեսորեն եմ տրամադրված, քան Եգիպտոսի: Կարծում եմ` քաղաքական այն զարթոնքը, որի ականատեսն ենք հիմա, կործանված հույսերի կամ ցասումի հետեւանք չէ, որ ծագել են սոցիալական խնդիրներից ու անկարգությունները ճնշելու արդյունքում: Այս զարթոնքը ծագել է անկապտելի իրավունքների թելադրանքով, որ պահանջում է նոր միջին խավը` երիտասարդ կոսմոպոլիտները: Ես կարծում եմ, որ այս քաղաքական զարթոնքը հեռանկարում կարող է հանգեցնել իսկական ժողովրդավարության ստեղծմանը: Այն պայմանով, իհարկե, որ Պուտինը այն չի ճնշի հենց ձեւավորման պահին: Սակայն, եթե անգամ Պուտինը դա հիմա անի, դրա արդյունքն այն կլինի, որ հետագայում կրկին քաղաքական դժգոհություններ կառաջանան, եւ այս անգամ` ավելի վճռական ու կոշտ ձեւով:

– Ըստ Ձեզ` ԱՄՆ-ը որքանո՞վ է պատրաստ աջակցելու Ռուսաստանում «Գլոբալ քաղաքական զարթոնքին»` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոմունիստները երկրի գլխավոր քաղաքական ընդդիմադիր ուժն են:

– «Աջակցել» բառն այս համատեքստում պետք է չակերտների մեջ առնել, քանի որ խոսքը վերաբերում է այնպիսի նուրբ թեմայի, ինչպես օտարերկրյա միջամտությունն է մեկ այլ երկրի ներքին գործերին: Այստեղ հարկ է հիշել ամերիկյան փորձի եզակիության մասին: Ամերիկյան փորձը տարբեր էթնոսների ու ազգերի համատեղ կեցության փորձ է, որոնք միավորվել են ժողովրդավարական կոնսենսուսի շրջանակներում: Ամերիկայի յուրօրինակ ծագումը պատճառներից մեկն է, թե ինչու է ԱՄՆ-ը հակված համակրանք տածել ժողովրդավարացման շարժումների հանդեպ ողջ աշխարհում, այդ թվում` նաեւ Ռուսաստանում:

– Այս պահի դրությամբ Ռուսաստանի իշխանությունները դեռեւս անտեսում են այն փաստը, որ երկրում ինչ-որ բան է տեղի ունենում, միայն Դմիտրի Մեդվեդեւն է դա մեկնաբանել ֆեյսբուքյան իր էջում…

– Ես ավելի տպավորված կլինեի, եթե նա մեկնաբանություններ աներ Ռուսաստանի Դաշնային ալիքին տված հարցազրույցում, ոչ թե համացանցում: Ռուսաստանի նախագահի համար խնդիր չէ երկրի գլխավոր հեռուստաալիքների հետ կապվելն ու իր դիրքորոշումն արտահայտելը, սակայն նա գերադասեց «Facebook»-ը:

– Ձեր կարծիքով` կարողացա՞վ արդյոք Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը դառնալ երկրում կատարվող փոփոխությունների ղեկավար, ինչպես Բարաք Օբաման` ԱՄՆ-ում:

– Փոփոխությունների առաջնորդ դառնալու համար նախ եւ առաջ պետք է դառնալ առաջնորդ:

– Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է հրատապ «քաղաքական զարթոնքը» հենց ԱՄՆ-ում. արդյո՞ք նման զարթոնքի առաջին նշանները չեն «Թեյախմության կուսակցության» եւ «Ազատագրենք Ուոլլ-Սթրիթը» շարժումը:

– ԱՄՆ-ում քաղաքական զարթոնքը լայնորեն տարածված է, սակայն, ինչպես արդեն ասել եմ, այդ զարթոնքի ամեն դրսեւորում չէ, որ ժողովրդավարական է: Կարծում եմ` այդ շարժման որոշ կարգախոսներ կոռեկտ չեն, դեմագոգիկ, վտանգավոր, երբեմն անգամ եսասիրական բնույթ ունեն: Սակայն այդ շարժման որոշ դրսեւորումներ միանգամայն հեռանկարային են եւ հուսադրող: Ես համարում եմ, որ Ուոլլ-Սթրիթի հասցեին հնչող քննադատությունը միանգամայն արդարացված է, քանի որ Ուոլլ-Սթրիթը սկսել է վերածվել անպատասխանատու սպեկուլյացիաների գործիքի, ագահության ու սոցիալական անտարբերության խորհրդանիշի: Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է արդարացում գտնել իրերի ներկայիս դրությանը մի այնպիսի հարուստ երկրում, ինչպիսին ԱՄՆ-ն է, այն բանին, որ ազգային հարստության 25-30%-ը գտնվում է բնակչության 1%-ից էլ պակասի ձեռքում:

– Ձեզ չի՞ թվում արդյոք, որ ԱՄՆ-ի համար «Գլոբալ զարթոնքի» ռիսկերն ու վտանգներն ավելի շատ են, քան օգուտը:

– Ես այս դոկտրինը չեմ պարտադրում, եւ ԱՄՆ-ը նույնպես այն չի պարտադրում: Աշխարհում գլոբալ քաղաքական զարթոնքի լայն ընդգրկումը արդյունք է այնպիսի ուժերի գործողությունների, որոնք նկատելիորեն գերազանցում են այն ռեսուրսները, որ ԱՄՆ-ը կարող էր ներգրավել քարոզչական կամպանիայի շրջանակներում: Դա վերջին երկու դարերի արդյունքն է, որոնց ընթացքում գրագիտությունը դարձավ համամոլորակային երեւույթ. այսօր մարդիկ սովոր են կարդալու տեղեկություններ այն աշխարհի մասին, որտեղ ապրում են, եւ եթե առաջներում դրանք պամֆլետներն էին, ապա այսօր դրանք թերթերն են: Այս գործընթացն ավելի արագացավ ռադիոյի ի հայտ գալով, երբ մարդկային ձայնը սկսեց կտրել-անցնել օվկիանոսներն ու մայրցամաքները, ապա երեւան եկավ հեռուստատեսությունը, երբ ելույթ ունեցող մարդուն սկսեցին տեսնել ամենահեռու ծայրամասերում անգամ, եւ, վերջապես, ինտերնետը: Բնակչության հենց այս ինտելեկտուալացումն էլ պայմաններ ստեղծեց գլոբալ քաղաքական զարթոնքի համար, ընդ որում` նրա փիլիսոփայական ու քաղաքական բովանդակությունը կախված է կոնկրետ երկրի պատմական ու մշակութային համատեքստից:

Զրույցը վարեց Յուլյա ՆԵՏՅՈՍՈՎԱՆ