ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեն կառավարության հաստատմանն է ներկայացրել այն ընկերությունների ցանկը, որտեղ պետք է նշանակվեն հարկային մշտական ներկայացուցիչներ: Նշենք, որ 2010թ. «Հարկերի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ ՊԵԿ-ն իրավասու է որոշ ռիսկային ընկերություններում նշանակել ներկայացուցիչ, որը ընթացիկ հսկողություն է իրականացնելու: 2010թ. այդ ցանկում առկա էր ընդամենը 24 ընկերություն, 2012 թ. նախատեսվում է դրանց թիվը հասցնել 37-ի: Այս խստացումը հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ 2012 թ. պետական բյուջեի հարկային եկամուտների պլանն ավելացվել է 101 մլրդ դրամով: Մասնավորապես` ցանկում հայտնվել են մի շարք խոշոր հանքարդյունաբերական ընկերություններ` Զանգեզուրի եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները, «Գեո Պրո Մայնինգ գոլդը», «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին»: Նախորդ ցանկի համեմատ կատարվել են նաեւ մի շարք փոփոխություններ: Մասնավորապես ավելացվել են շինարարական բիզնեսի ներկայացուցիչներ: Ցանկում հայտնվել են մի քանի նոր խոշոր ընկերություններ` «Մանանա գրեյն», «Մանչո գրուփ», «Ջերմուկ գրուփ»: