«Ժառանգությունը» պահանջում է քաղաքական գնահատական տալ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու փաստին: Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասված է. «Դեկտեմբերի 12-ին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը կին գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հաստատել է, որ վերջինիս նկատմամբ բռնություն է գործադրվել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից: Խաչատրյանի հանդեպ քրեական գործը, սակայն, կարճվել է` «հանցակազմի բացակայության» հիմնավորմամբ: Այս համատեքստում տեղին է զուգադրել մեկ այլ գործ, երբ հարկերից խուսափելու պատճառաբանությամբ ձերբակալվեց եւ հնգօրյա կալանքի ենթարկվեց Արցախի անկախության նվիրյալ եւ հայ մշակույթի զարգացման ջատագով Նարեկ Հարթունյանը: Սա եւս մեկ անգամ ի ցույց է դնում ՀՀ իշխանությունների` ընտրովի արդարադատություն կիրառելու արատավոր գործելակերպը: «Ժառանգություն» կուսակցությունն անընդունելի եւ տղամարդուն, առավելեւս` նրա զբաղեցրած պաշտոնական դիրքին անհարիր է համարում Սուրեն Խաչատրյանի արարքը, եւ անկախ նրանից, որ քրեական գործը կարճվել է, իշխանություններից պահանջում է քաղաքական գնահատական տալ ՀՀԿ անդամ մարզպետին, որից պետք է բխեն առնվազն վարչական հետեւանքներ` պաշտոնանկության ձեւով»: