– Օրեր առաջ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ քրեական գործը կարճվել է, եւ, որ մարզպետը զղջում է իր արարքի համար: Սակայն նույն օրը մարզպետը ԶԼՄ-ներում հերքեց իր զղջալու մասին պաշտոնական լուրը: Ինչպե՞ս կբացատրեք իրավիճակը. Դուք հայտարարել էիք, որ հրապարակավ ներողության դեպքում նրան ներելու եք:
– Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին: Թող իրավապահները պատասխանեն, թե արդյոք իրենք հատո՞ւկ են արել դա, չե՞ն ստեղծագործել, թե՞ մարզպետն, իսկապես, զղջացել է: Այո՛, ես հայտարարել էի, որ հրապարակային ձեւով ներողություն խնդրելու դեպքում ներելու եմ նրան, քանի որ զղջացել էր` ես ներել եմ, չնայած նա մինչ այդ նշում էր, թե ինքը նման բան չի կատարել: Բայց քանի որ մարդն ընդունում է արարքը եւ ասում, որ ինքը չի տիրապետել իրեն եւ զղջում է, ապա ես դա ընդունում եմ որպես ներողություն ոչ միայն ինձնից, այլեւ բոլոր հայ կանանցից:
– Իսկ Դուք սպասո՞ւմ էիք, որ քրեական գործը կկարճվի:
– Ես սպասում էի, որ կկարճվի, քանի որ հիշաչար չեմ, եւ ասել էի` եթե մարզպետը ներողություն խնդրի, ապա կներեմ: Ինձ բավարարված եմ զգում, որ ինքը զղջացել է: Հիմա, իհարկե, զարմանում եմ, բայց իրենից սպասելի էր, որ հերքելու էր իր զղջումը: Դա է պատճառը, որ եթե ինձ միջնորդեին, որպեսզի նրա հետ առանձին հանդիպեի` չէի հանդիպի, քանի որ գիտեի, որ նա այնուհետեւ հայտարարելու էր, որ ինքը նման բան չի ասել:
– Փաստորեն, մի զղջմամբ կարելի է գործը կարճել եւ անպատիժ մնալ, այո՞:
– Կարծում եմ` լավ կլինի մեր իշխանավորները պատասխան տան դրա համար: Իրենք են աշխատելու այդ մարդու հետ, այլ ոչ թե ես: Իրենք պետք է իմանան, թե ում հետ են աշխատում: Եվ բացի դրանից, մամուլում ավելի վատ դեպքեր էին գրվել նրա մասին, քան ինձ հետ կատարված դեպքն էր: Օրինակ, կարդացի այնպիսի դեպքերի մասին, որ նա ծեծի է ենթարկել դպրոցական երեխայի եւ ներվել է, կարդացի ավելի սարսափելի պատմություններ, որոնց դեպքում նա ներվել է: Եթե նշված դեպքերը համեմատենք, ապա այս դեպքն ի՞նչ էր նրա համար, եւ բնական է, որ գործը կկարճվեր, բայց ես բավարարված եմ զգում, որ ինքը զղջացել է: Ինչ վերաբերում է մարզպետի հերքմանը, թե ինքը չի զղջացել, ապա մենք այդ հարցով կդիմենք իրավապահ մարմիններին` պարզելու` արդյո՞ք դա իրականություն է: Կարծում եմ` եթե նա հերքում չտա, ապա իրավապահ մարմինները պետք է խոսեն հարցի մասին:
– Իսկ մարզպետի անպատժելիության հանգամանքը որքանո՞վ է պայմանավորված առաջիկա նախընտրական գործընթացներով: Կարծիք կա, որ առջեւում ԱԺ եւ նախագահական ընտրություններն են, եւ մարզպետին այդ պատճառով առայժմ «ձեռք չեն տա»:
– Երեւի դա էր հիմնական պատճառը, քանի որ նա Սյունիքի մարզում հզոր է:
– Այլապես ի՞նչ կլիներ:
– Այլապես իրենց կուսակցությունը քաղաքական դիրքորոշում կընտրեր: Դա իմ կարծիքն է:
– Այսինքն` նա կպատժվե՞ր:
– Իհարկե, ցանկացած մեկն աներ` կպատժեին, բայց ո՛չ մարզպետը:
– Լավ, իսկ ինչպե՞ս կլուծվի 102 մլն դրամ արժողությամբ Ձեր սարքավորման հարցը, որն ըստ Ձեզ` գողացել է Սուրիկ Խաչատրյանը:
– Գույքի հարցն այլ խնդիր է: Ես փաստաթուղթ ունեմ այն մասին, որ իմ գույքը գտնվում է նրա հանքավայրում, եւ կարծում եմ` միջոցներ կձեռնարկեն, որպեսզի գույքը բերեն, կամ էլ նա գումարը պետք է փոխանցի: Երկու ճանապարհ կա: Ինչ վերաբերում է «Սիփան 1» ընկերությանն անօրինական ձեւով արտոնագրից զրկելուն, ապա ասեմ, որ օրեր առաջ ստացանք Վերաքննիչ վարչական դատարանի վճիռը, որտեղ զարմանալի բան կա գրված: Գրվել էին 2010թ. Վճռաբեկ դատարանի որոշման տողերը, բայց անվավեր չէին ճանաչել ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հրամանը, իսկ Վճռաբեկ դատարանը նույն տողերով անվավեր էր ճանաչել նախարարի հրամանը: Իմ կարծիքով` սա եւս միտումնավոր էր, քանի որ դատարաններն ազատ չեն, իրենց իշխում են, իսկ թե ո՞վ է իշխողը` չեմ կարող ասել: Հետաքրքիր է` Վճռաբեկ դատարանն ինչպե՞ս է մեկնաբանելու իր 1 տարի առաջվա որոշումը: Ասել եմ եւ շարունակում եմ ասել, որ նշյալ խնդրով կհասնեմ մինչեւ Եվրադատարան:
– Իսկ քրգործի նախաքննության փուլում Սյունիքի մարզի ղեկավարից կամ նրա մերձավորներից հեռախոսազանգեր ստացե՞լ եք:
– Ո՛չ, չի զանգել, եւ կարծում եմ` նա ինձ երբեք էլ չի զանգի: Նա անգամ ընկերներ չի գտնի, որ ինձ զանգահարեն, եւ չեմ կարծում, թե կգտնվի մեկը, որ կփորձի միջնորդել, որովհետեւ, երբ փորձեր արեցին, այս դեպքը տեղի ունեցավ:
– Բայց մինչ օրս Դուք չեք հրաժարվել թիկնապահից: Վախենո՞ւմ եք:
– Ոչ, չեմ հրաժարվել, վախ չունեմ, բայց ապահովության համար թող թիկնապահը լինի: Ինձ համար երաշխիք չէ մարզպետի այս խաղաղությունն ու հանդարտությունը:
– Ինչո՞վ կբացատրեք ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի լռությունը:
– Իսկ նախարարն ի՞նչ պետք է խոսի, երբ նա աճուրդը կազմակերպել է անօրինական ձեւով, անօրինական ձեւով ընկերությանը զրկել է լիցենզիայից, ինքը խոսելու տեղ չունի, եւ կարծում եմ` հանրապետության նախագահը տեղյակ չի եղել այս ամենի մասին, հակառակ դեպքում` նա թույլ չէր տա, որ երկրում նման անօրինականություններ կատարվեն: Իսկ ինչպե՞ս պետք է արձագանքեր նախարարը, ով միայն շարիկ է գլորում (համակարգչային խաղ.- Մ.Մ.) Ազգային ժողովի նիստերի ժամանակ: Եթե ՀՀ բյուջեի քննարկման ժամանակ նախարարը շարիկ է գլորում, ապա պարզ է` նախարարի մակարդակն ո՛ւր է իջել:
– Իսկ ե՞րբ է տեղի ունենալու Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի կնոջ` Մադլեն Թաշչյանի` Ձեր դեմ հարուցված դատական նիստը:
– Դատական նիստի օր նշանակվել է դեկտեմբերի 21-ը: Փաստաբանի հետ կգնամ, եւ Մադլենն ինձ տեսնելով` կհիշի ամեն բան:
– Ի դեպ, Դուք նշել էիք, թե 2012թ. խորհրդարանական ընտրություններին առաջադրելու եք Ձեր թեկնածությունը, եթե մարզպետն առաջադրի: Ձեր որոշումը փոխե՞լ եք:
– Եթե մարզպետն առաջադրի իր թեկնածությունը, ապա ես եւս կառաջադրվեմ, բայց դեռ ժամանակ ունենք: Միայն թե նա վերջին պահին չհայտնի իր առաջադրվելու մասին, որ հետո ինձ չգրանցեն: Իհարկե, կարծում եմ` այդպես չեն վարվի, եւ մինչ այդ հայտնի կլինի ամեն բան: Այնպես որ, միայն այդ դեպքում կառաջադրեմ թեկնածությունս, ուրիշ անձանց դեպքում` չեմ առաջադրվի:
– Իսկ ուրիշ ո՞վ պետք է առաջադրի իր թեկնածությունը Գորիսում:
– Չգիտեմ:
– Նախքան Ձեր մամուլի ասուլիսը` Դուք լռում էիք կատարված դեպքերի մասին: Ինչո՞ւ հանկարծ որոշեցիք խոսել այդ ամենի մասին, երբ դեպքը տեղի էր ունեցել մեկ տարի առաջ: Ձեր կողմից լռության խախտումը բավական հանկարծակի էր:
– Երբ 2010թ. գնեցի Երիցյանների հացի գործարանը, հայաստանյան թերթերից մեկում հպանցիկ խոսել էի, բայց լռում էի, քանի որ ես սիրում եմ փաստերով խոսել: Ամեն դեպքում, եթե մինչ նոյեմբերի 9-ը այս հարցը չկարգավորվեր, չէի խոսի այս մասին, եւ նման խնդիր չէր առաջանա: Իսկ առաջիկայում պատրաստվում եմ խոսել Վերաքննիչ դատարանի դատավճռի մասին, եւ հաջորդ մամլո ասուլիսին հանդես կգամ մի քանի հայտարարություններով:
– Սենսացիո՞ն բնույթի:
– Սենսացիոն հայտարարություններ կանեմ հանքերի վերաբերյալ: Նախարար Մովսիսյանն առանց աճուրդի բոլոր հանքերը տվել է պաշտոնատար տարբեր անձանց: Դրա համար իրենք նոր օրենք մտցրեցին, ըստ որի` 2012թ. աճուրդ տեղի չի ունենալու, այսինքն` եթե այն ժամանակ աճուրդ էին կազմակերպում, եւ փող էր մտնում բյուջե, ապա հիմա առանց աճուրդի կտան, իրենց ցանկալի մարդկանց իրենց հարմար տարբերակով կտան: