Գեներալներին «տեղն է դրել»

15/12/2011

Թուրքական «Hurriyet»-ի փոխանցմամբ` Թուրքիայի խորհրդարանում Պաշտպանության նախարարության բյուջեի քննարկումների ժամանակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Սըրրը Սաքըքը հայտարարել է, թե` պետությունը` թողնելով գեներալներին առանց վերահսկողության, թույլ է տալիս, որ նրանք «Մեծ մուրճ» կամ «Էրգենեկոնի» նման կառույցների միջոցով փորձեն պետական հեղաշրջում իրականացնել: «Գեներալները ծառայությունը թողնելուց հետո ստանում են տարեկան 600-700.000 լիրա (մոտ 400.000 դոլար), իսկ 40 տարի նահանգապետ կամ դեսպան աշխատած անձը` 70.000: Դա մեծ անարդարություն է»,- իր ելույթում հայտարարել է Սաքըքը: Արձագանքելով դահլիճում գտնվող գեներալներին, նա ասել է. «Ձեր տեղն իմացեք, մեզ էլ թարս չնայեք: Դուք պետք է ժողովրդի կամքին ենթարկվեք»: