«Անձնավորված պայքա՞ր»

15/12/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր, «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊ ընկերության հիմնադիր-նախագահ Նարեկ Հարթունյանի (Հարությունյան) եւ ընկերության 2 աշխատակիցների կալանավորումը մեծ խառնաշփոթ առաջացրեց ոչ միայն լրատվական դաշտում, այլեւ սոցիալական կայքերում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Ն. Հարթունյանը հարկային պարտավորությունները չկատարելու համար կալանավորվել է իր երկու աշխատակիցների հետ: Ն. Հարթունյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով (Հարկերից չարամտորեն խուսափելու համար) եւ ՔՕ-ի 190 հոդվածի 2-րդ մասով (Գումարների լվացման համար): «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ընկերության փաստաբան Գեւորգ Չաքմիշյանի խոսքով` Ն. Հարթունյանը ձերբակալությունից 10 օր առաջ դատարանում վիճարկել էր ՊԵԿ- ստուգումների ակտը, եւ դատավճիռ դեռեւս չէր կայացվել: Երեքշաբթի ՊԵԿ-ի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հետեւյալ հաղորդագրությունը տարածեց. «ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն ընդառաջել է «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ հիմնադիր-նախագահ Նարեկ Կարապետի Հարթունյանի եւ նրա աշխատակիցների խնդրանքին իրենց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու եւ ստորագրությամբ ազատ արձակելու վերաբերյալ` հնարավորություն ընձեռելով առավել արդյունավետ մարել առաջացած հարկային պարտավորությունները»: Իսկ նախքան այս հաղորդագրությունը, Երեւանի «Նարեկացի» արվեստի միության աշխատակիցները Ն. Հարթունյանի եւ 2 աշխատակիցների ազատ արձակման մասին լուրն իմացել էին ՀՀ սփյուռքի նախարարությունից: «Բավականին հետաքրքիր մի պատմություն տեղի ունեցավ Նարեկ Հարությունյանի եւ մնացած աշխատակիցների ազատ արձակվելու մասին: Մենք առաջին անգամ իմացանք Սփյուռքի նախարարության հեռազանգից»,- նշեց «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատիվ ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը: Ըստ նրա` այդ հեռախոսազանգից հետո աշխատակիցները փորձել են եւս մեկ անգամ ճշտել տեղեկատվությունը` կրկին զանգահարելով Սփյուռքի նախարարություն: «Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը մեզ ասաց, որ իրենք տիրապետում են այդ ինֆորմացիային, բայց որեւէ հավելյալ մեկնաբանություն այդ ինֆորմացիային չեն կարող տալ: Արդեն իսկ մեզ մոտ սպասողական վիճակ էր, քանի որ այդ մասին տեղյակ չէին իրավաբանները եւ գործի հետ կապ ունեցող որեւէ անձ: Դա առաջին ինֆորմացիան էր»,- նկատեց Ր. Մովսիսյանը` Ն. Հարթունյանի եւ աշխատակիցների ազատ արձակումը պայմանավորելով հասարակական ակտիվությամբ: «Ուրբաթ կայացված խափանման միջոցը երեքշաբթի համարում են անվավեր: Դա միանշանակ մեծ կապ ունի հասարակական մեծ ճնշման եւ ակտիվության հետ, որը պարզապես պայթյունի նման հորդաց»,- նշեց «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատիվ ղեկավարը: Իսկ Սփյուռքի նախարարության կողմից վերոգրյալ արձագանքը Ր. Մովսիսյանը պայմանավորեց նախարարության «սրտացավությամբ ու անհանգստությամբ»: «Խոսքը բավականին մեծ աղմուկի մասին էր, որ նաեւ Սփյուռքում էր բարձրացվել: Տիրապետում եմ ինֆորմացիայի, որ նույնիսկ տարբեր երկրների մի քանի կենտրոններից համայնքը նամակներ էր ուղղել հայկական դեսպանատանը»,- ընդգծեց Երեւանի «Նարեկացի» արվեստի միության աշխատակիցը: Ըստ նրա` սոցիալական կայքերում մեծ թվով սփյուռքահայեր էին միացել Նարեկին եւ երկու աշխատակիցներին ազատ արձակելու ստորագրահավաքին, որոնք գնահատում էին նշված դեպքը` որպես «սփյուռքահայերին թալանելու քայլ»: Ր. Մովսիսյանի փոխանցմամբ` իրենց իրավաբաններն «առաջարկել էին գրավի դիմաց բաց թողնել, բայց նույնիսկ դա էր մերժվել դատավորի կողմից: Ես ուրախ եմ, որ մեր իրավապահ մարմիններն այնքան բարի են գտնվել, որ խնդրանքի արդյունքում բաց են թողել»: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է Նարեկ Հարթունյանի եւ աշխատակիցների առողջական ներկա վիճակը, Ր. Մովսիսյանը պատասխանեց. «Ի սկզբանե մենք հայտարարեցինք, որ Նարեկ Հարությունյանն ուներ առողջական խնդիրներ` սիրտ-անոթային, ճնշման հետ կապված խնդիրներ: Բնականաբար, այդ ընթացքում իրեն վատ է զգացել: Ամենացավալի եւ ծայրահեղ դեպքն այդ ամենի մեջ, որ արժանի է խորը քննադատության` Արթուրի ձերբակալությունն է, ով ունի հիվանդություն, ինչին լրատվամիջոցներն անդրադարձել են: Արթուրը էպիլեպսիայով է հիվանդ, եւ նրան եւս ձերբակալել էին: Դա աբսուրդի հասնող բան է»: Ինչ վերաբերում է այն լուրերին, թե Ն. Հարությունյանը կարող էր 300.000 դոլարի պատճառով փախչել Հայաստանից, Րաֆֆի գնահատմամբ` «դա ուղղակի «թոզ» փչել է հասարակության աչքին»: Եվ դա` այն պարագայում, երբ Հարությունյանների ընտանիքը, ըստ զրուցակցիս, շուրջ 3մլն դոլարի բարեգործություն է արել, ինչի մասին իրենք ստիպված եղան առաջին անգամ հայտարարել: Նրա խոսքով` Նարեկի դեմ պայքարն անձնավորված էր: «Նարեկը եւս չհերքեց դա, երբ երեքշաբթի պատասխանեց լրագրողների հարցերին: Դա ուղղված ճնշում է Հարությունյանների ընտանիքի դեմ»,- ասաց նա` չմանրամասնելով, թե կոնկրետ ի՞նչ նկատի ունի` ասելով` «անձնավորված պայքար»: Երեկ ուշ երեկոյան մենք փորձեցինք որոշ տեղեկատվություն ստանալ նաեւ Նարեկ Հարթունյանի փաստաբան Անի Թորոսյանից: Մեր այն հարցին, թե ի՞նչ ուժեր են կանգնած Նարեկ Հարթունյանի դեմ «անձնավորված պայքարի» ետեւում, ինչի մասին ակնարկում էր Ր. Մովսիսյանը, Ա. Թորոսյանը պատասխանեց. «Ես լրատվամիջոցներով հայտնել եմ, որ դեռ շատ բաներ են պարզման ենթակա, ինչպես նաեւ այդ հարցը, թե իրականում ովքե՞ր են կանգնած դրա ետեւում»: Ա. Թորոսյանի խոսքով` ինքը` որպես փաստաբան, չի կարող ենթադրությունների հիման վրա հայտարարություններ անել: Ա. Թորոսյանի խոսքով` «Եթե օբյեկտիվ քննություն գնա, ապա անպայման կբացահայտվի, որ իրականում Նարեկ Հարթունյանը, Անի Մնացականյանը եւ Արթուր Պողոսյանը երբեւէ չարամտորեն չեն խուսափել հարկային պարտավորություններ կատարելուց»: