Միջնորդները ստեղծել են «Ղարաբաղյան հակամարտություն» ՍՊԸ

15/12/2011

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդներն այնքան են տարվել իրենց առաքելությամբ, որ հակամարտությունն ինքնին մնացել է մի կողմում: Այս մասին news.am-ի հետ զրույցում հայտարարել է հայտնի ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:

– Երկու տարի առաջ Դուք ասում էիք, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո բանակցային գործընթացում հնարավոր է որակական փոփոխություն: Կազանի հանդիպումից առաջ Դուք ունեի՞ք նմանատիպ սպասելիքներ:

– Ոչ միայն ես, բայց նաեւ այլ փորձագետներ, հասկանալով ստատուս-քվոյի պահպանման հակաարդյունավետությունն ու վտանգը, որոշակի նախաձեռնություններ էինք ակնկալում Ռուսաստանի արտաքին քաղաքականությունից եւ Ռուսաստանից կախյալ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներից: Իրավիճակը Ռուսաստանից պահանջում է որոշակի առաջարկներ, որոնք կարող են փոխել եթե ոչ հակամարտության էությունը, ապա գոնե դրա կոնֆիգուրացիան: Բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանի ճակատագրի կերտողների կամքի եւ ինտելեկտի ներուժը համաչափ չէ Ռուսաստանի առջեւ ծառացած խնդիրների բարդությանն ու հրատապությանը: Այդպես էր խորհրդային ժամանակներում, այդպես է նաեւ հիմա: Կազանից առաջ ես նոր ոչինչ չէի ակնկալում, որովհետեւ դրական փոփոխությունների ակնկալիքի համար անհրաժեշտ են որոշակի նախադրյալներ: Այդպիսի նախադրյալներ չկային: Գոյություն ունի ինչ-որ «Ղարաբաղյան հակամարտություն» ՍՊԸ առեւտրային նախագիծ, որն ունի մաժորիտար եւ մինորիտար բաժնետերեր: Նրանք օգուտ են ստանում այդ ՍՊԸ-ից: Ադրբեջանական եւ հայ ժողովուրդն այդ մաժորիտար բաժնետերերի մեջ չեն: Իսկ ՍՊԸ-ից ամենամեծ օգուտ ստացողները չգիտեն ժամանակակից բիզնեսը եւ շարունակում են «գործը» պապենական պատվիրաններով:

– Իրատեսակա՞ն է գնահատել Ռուսաստանի նախագահական ընտրությունները` որպես լուրջ փոփոխության նախադրյալ բանակցային գործընթացում:

– Տանդեմը գոյություն ուներ Պուտինի ոչ հրապարակային, սակայն շոշափելի առաջնորդությամբ: Այժմ նա դարձյալ պաշտոնապես դառնում է առաջին դեմք: Միամիտ կլիներ խայտառակ 1990-ականների ոգով իրականացվող այս տափակ փոխատեղման հետ դրական փոփոխությունների հույսեր կապել:

– Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Դովիլում արած «ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի նախապատրաստելու» մասին հայտարարությունը, եթե, ինչպես Դուք եք բազմիցս նշել, համանախագահները ստատուս-քվոն օգտագործում են տարածաշրջանում իրենց ներկայությունը պահպանելու համար:

– Այս տրագիկոմեդիայում ամեն մեկը տաղանդի եւ ցինիզմի տարբեր ուժով խաղում է իր դերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները մի ձեռքով աջակցում են միջազգային իրավունքը խախտած երկրին, մյուս ձեռքով հաշտության եւ խաղաղության անհրաժեշտության կոչեր են անում: Նրանք խաղաղության օգտին են, սակայն պատերազմի դեպքում պատրաստ են ֆինանսական եւ քաղաքական օգուտ ստանալ: Ադրբեջանական եւ հայ ժողովուրդները պետք է իմանան, որ հաջորդ ղարաբաղյան պատերազմի հնարավոր եւ հավանական ռազմական գործողությունների ցանկացած արդյունքի դեպքում հաղթողն իրենք չեն լինելու, ինչպես պատերազմի առաջին փուլից հետո: Հայաստանը վերահսկում է Ղարաբաղը: Անիրավ եւ հալածյալ հայ ժողովուրդը հաղթո՞ղ է: Պատկերացնենք, որ Ադրբեջանը հայկական բանակը դուրս կմղի Ղարաբաղից եւ «կվերադարձնի Ղարաբաղը»: Կոռումպացված մաֆիայի լծի տակ կարո՞ղ է ադրբեջանական ժողովուրդը համարվել հաղթանակած:

Ես երբեք չեմ զատում ազգային եւ սոցիալական ազատությունը, անվտանգությունն ու արդարությունը, որոնք պետք է ունիվերսալ լինեն եւ հայերի, եւ ադրբեջանցիների համար: Փորձեք ճաշել սոված մարդկանց ամբոխի մեջ: Եթե դուք այդ իրավիճակում ձեզ հարմարավետ եք զգում` կնշանակի ձեր սրտում եւ գլխում ինչ-որ բան այնպես չէ, եւ հաստատ դուք հեռու եք Քրիստոսից եւ Մուհամեդից։

– Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի եւ Եվրոպական ադրբեջանական ընկերակցության նախագծերը Դուք համարո՞ւմ եք հակազդեցության քաղաքականություն, թե՞ դիտարկում եք որպես հիմնադիրների անհատական նախաձեռնություններ:

– Ես չեմ հետեւում սփյուռքի ադրբեջանցիների կազմակերպությունների գործունեությանը եւ չեմ կարող կոմպետենտ դատել դրանց գործունեության մասին: Բայց ինձ համար ունեմ մի քանի չափանիշ, որոնք կարող են օգտակար լինել այդ կարգի ցանկացած կազմակերպությունների գործունեության գնահատման համար:

1. Եթե նման կազմակերպությունների նախաձեռնողները մեր իշխանություններն են, ապա դրանք նախապես հետադիմական են, քիչ արդյունավետ եւ ծառայում են բյուջետային միջոցների յուրացմանը: 2. Եթե նախաձեռնողները ցանկանում են «սովորել» սփյուռքի հայկական կազմակերպություններից եւ կիրառել դրանց մեթոդները, դնել նմանատիպ նպատակներ, ապա Ադրբեջանին հսկայական վնաս կհասցնեն, այնպես, ինչպես սփյուռքի հայկական կազմակերպությունները վնասում են Հայաստանին: 3. Եթե այդպիսի կազմակերպությունները ստեղծել են առանձին անտեղյակ ռոմանտիկ «հայրենասերներ», ապա մնում է միայն խղճալ նրանց եւ մաղթել ապաքինում «հայկական» հիվանդությունից, որն արդեն դարձել է «ադրբեջանական» հիվանդություն:

news.am