Ռազմիկ Ամյանը շուտով երկրպագուներին կներկայացնի իր անհատական երրորդ ձայնասկավառակը, որն անվանել է «Վայ-վայ»: CD-ում ընդգրկված է 11 երգ, որոնցից 2-ը լիրիկական են, մյուսները` պարային: Ինչպես BRAVO.am-ին հայտնել է երգչի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանը, «մեղեդային երգերի թվում է նաեւ մորը նվիրված` «Մայրիկիս» երգը»:
«Վայ-վայ»-ի ֆոտոսեսիայի հեղինակը լուսանկարիչ Արտաշես Մարտիրոսյանն է, իսկ երգչի ոճով զբաղվել է Արմեն Գալյանը: Ձայնասկավառակի երգերի գործիքավորմամբ զբաղվել են երգչի ընկերները` Կարենն ու Սեւակը, կա նաեւ նոր հեղինակ, ում հետ առաջին անգամ է երգիչը համագործակցում: Ռազմիկը պատրաստվում է ներկայացնել նաեւ նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Եռագույն» երգի հիման վրա: «Երգն ու տեսահոլովակը նվիրված են ՀՀ անկախության 20-ամյակին, այն կլինի պատմական տեսարաններով. սյուժեն չենք մանրամասնում, որ անակնկալ լինի»,- ասել է երգչի պրոդյուսերը: «Եռագույնի» ռեժիսորը Սերժ Գաբյանն է: Նկարահանումներից հետո տեսահոլովակը ենթարկվելու է գրաֆիկական միջամտության, որի արդյունքում պարզ կլինի սյուժետային գիծը: Ռազմիկ Ամյանի ապագա ծրագրերի ու մեծ ցանկության մաս է կազմում 2012-ին երեւանյան մեծ մենահամերգ ունենալը, ինչի մասին երգիչը խոստանում է բարձրաձայնել ավելի ուշ, իսկ մինչ այդ պատրաստվում է տոնել Ամանորը:
Bravo.am