«Միասին կհիշենք մենք, միասին կտոնենք մենք, միասին զարդարենք մեր եղեւնին, որ հեքիաթ հյուսվի իմ ու քո մասին». սա «Միասին» երգի կրկներգն է, որի հեղինակը, ինչպես Սյուզան Մարգարյանի ամանորյա ձայնասկավառակի մյուս երգերի դեպքում, Սիրուշոն է:
Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս Սյուզան Մարգարյանն ամանորյա տեսահոլովակ կներկայացնի: Նկարահանումներին մասնակցել է նաեւ երգչուհու դուստրը` Սիրուշոն, բայց միայն կադրից դուրս: «Այս տեսահոլովակը նախորդից, որն ավելի մանկական էր, լիովին տարբերվում է: «Միասին»-ը սիրո պատմություն է, որն առնչվում է ձմռան ու Ամանորի հետ: Տեսահոլովակում կներկայացվի ընտանեկան այդ ջերմ մթնոլորտը, չէ՞ որ Նոր տարին էլ ընտանեկան տոն է»,- bravo.am-ին պատմել է Սյուզան Մարգարյանը:
Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է, օպերատորը` Մկրտիչ Մալխասյանը. «Առաջին անգամ եմ համագործակցել Հրանտի հետ, մտածեցինք` երգին կհամապատասխանի իր ձեռագիրը: Տեսահոլովակում, բացի ինձնից, կան նաեւ հերոսներ` երիտասարդ տղա ու աղջիկ: Նկարահանման ընթացքից ինքս մեծ բավականություն եմ ստացել»:
Երգչուհու խոսքով` իր աշխատանքը մեծ սիրով է արել, պատրաստ է քննադատություն լսելու. «Բնական է, որ ամեն նախագծի շուրջ կարող են լինել քննադատություններ: Կարծում եմ` ամանորյա թեմայի մեջ շատ բարություն կա, չնայած` ամեն ինչն էլ կարող է բացասական ընկալվել: Եթե շատ ուշադրություն դարձնենք նման խոսակցություններին, ապա որեւէ գործ չպետք է անենք»: Սյուզան Մարգարյանը նաեւ հայտնել է, որ «ձայնասկավառակի մյուս երգերը չեն անտեսվելու, հնարավոր է` հաջորդ տարի եւս մեկ տեսահոլովակ կնկարահանվի»:
Bravo.am