Էլիզաբեթ Թեյլորի Լեգենդար «La Peregrina»-ն («Թափառող մարգարիտը») Christie`s աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով` 11,8 մլն դոլարով: Փաստացի այն դարձել է աճուրդում երբեւէ վաճառված ամենաթանկարժեք մարգարիտը: 55 կարատանոց տանձաձեւ քարը աշխարհի ամենահաջողված եւ պատմական արժեք ունեցող մարգարիտն է: Մարգարիտը Պանամական ծոցից XVI դարի կեսերին հանել է սեւամորթ մի ստրուկ (ի դեպ, դրա համար նրան ազատություն են շնորհել), այն դարձել է իսպանական գահի մի մասը: «La Peregrina»-ի առաջին տերերից մեկը եղել է Ֆիլիպ II արքայազնը: Այն զարդարել է Մարգարիտա եւ Իզաբելլա թագուհիների զգեստները, որոնք պատկերված են Վելասկեսի XVII դարում արված կտավներում: Դերասան Ռիչարդ Բարտոնը` Թեյլորի յոթ ամուսիններից մեկը, 1969թ. աճուրդում 37 հազար դոլարով գնել է «Թափառող մարգարիտը» եւ Սուրբ Վալենտինի օրը նվիրել կնոջը: Շոտլանդիայի Մարի Ստյուարտ թագուհու XVI դարում արված դիմանկարը Թեյլորին ոգեշնչել է Cartier ոսկերչական տնից մարգարտահատի համար ռուբիններով եւ մարգարիտներով նոր շրջանակ պատվիրել: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` արքայական մարգարտից բացի, աճուրդում վաճառվել են հոլիվուդյան հայտնի դերասանուհու այլ զարդեր եւս: 134,5 հազար դոլարով վաճառվել է Բարտոնի մեկ այլ նվերը` դերասանուհու ադամանդե մատանին: Անուշադրության չի մատնվել նաեւ Մայքլ Ջեքսոնի նվիրած պլատինե թեւնոցը. այն վաճառվել է 194,5 հազար դոլարով: Դեկտեմբերի 13-ի երեկոյան աճուրդը քառօրյա աճուրդների սկիզբն ազդարարեց, որտեղ վաճառքի են հանվելու Թեյլորի զարդերի, հագուստների եւ աքսեսուարների հավաքածուները: