Երգչուհին այսօր` դեկտեմբերի 15-ին կներկայացնի իր առաջին` «Asta La Vista» ձայնասկավառակը: «Երգում եմ 10 տարեկանից: Ռուսաստանում դպրոցական ընկերներս անգամ ինձ ծաղրում էին` ասելով` «Հա, հես ա դու Պուգաչովան կդառնաս …», իսկ ես սեղանների վրա գրում էի, թե իմ առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն է լինելու, ես այն իմ ստորագրությամբ իրենց եմ նվիրելու: Մինչ օրս կապը պահպանում եմ ընկերներիս հետ, իրենք էլ հիմա շատ ուրախ են. բոլորի համար ձայնասկավառակներ եմ ստորագրելու եւ ուղարկեմ»,- bravo.am-ին ասել է Անահիտ Սիմոնյանը: Երգչուհու համար ձայնասկավառակը սպասված է, բայց ոչ ուշացած. «Ամեն ինչ պետք է իր ժամանակին լինի»: Նրա խոսքով` ինքն անցած տարի նույնիսկ չի մտածել ձայնասկավառակի մասին, իսկ այս տարի զգացել է, որ պահը հասունացել է. «Ուղղակի հասկացա, որ արդեն պետք է ձայնասկավառակ ունենամ, երգերի համապատասխան քանակ էլ ունեի. պետք էր պրոֆեսիոնալ լուսանկարիչ ու դիզայներ, որ ինձ օգնեին ավարտին հասցնել այն»,- ասել է նա:
CD-ի դիզայնով զբաղվել է Սարգիս Անտոնյանը, լուսանկարիչն Առնոս Մարտիրոսյանն է, իսկ երգչուհու ոճով զբաղվել է Մերի Ստեփանյանը: «Asta La Vista»-ում ընդգրկված է 15 երգ: «Կան տարբեր տրամադրություններ, ուրախ ու դանդաղ երգեր»,- ասել է Անահիտն ու հավելել, որ ձայնասկավառակի ստեղծման ընթացքում եւս լսել ու ընդունել է ամուսնու` Հայկոյի խորհուրդները: «Դրանք միշտ ճիշտ ու տեղին են լինում, զուր չեն նրան վաստակավոր արտիստի կոչում տվել: Նա ունի շատ բարձր ճաշակ: Նրա համար չեմ ասում, որ իմ ամուսինն է, եթե անգամ ամուսնացած չլինեինք, կհամագործակցեի. Հայկոն շատ օրիգինալ է, հեռու է թուրք-արաբական ռիթմերից ու տանել չի կարողանում կլկլոցները»,- ասել է երգչուհին:
Անահիտի առաջին ձայնասկավառակից ամենասիրված երգը երգչուհու եւ ամուսնու համար «Asta La Vista»-ն է, իսկ առհասարակ, ինչպես երգչուհին է ասում, իր բոլոր երգերն էլ սիրում է. դրանք իր կյանքի ինչ-որ հատվածի մաս են կազմում: Երգչուհու առաջին ձայնասկավառակի շնորհանդեսին կլինեն ընկերներն ու երկրպագուները, մարդիկ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ձայնասկավառակի ստեղծման գործում: «Asta La Vista»-ի շնորհանդեսին ներկա կլինի նաեւ Անահիտի եւ Հայկոյի առաջնեկը` փոքրիկ Արմանը։ «Տղաս անպայման ներկա կլինի: Ես ժամանակ առ ժամանակ միացնում եմ իմ ու Հայկոյի երգերը, որ լսի, եւ տեսնում եմ, թե ինչպես է ոգեւորվում, անգամ իրեն քնեցրել ենք մեր դուետի` «Իմ փոքրիկ»-ի ներքո: Հասկացել եմ, որ իրեն դուր է գալիս այն, ինչ մենք անում ենք. դա մեզ թույլ է տալիս կանգ չառնել եւ աշխատել»,- ասել է Անահիտը: Երգչուհու խոսքով` ինքը սրտատրոփ է սպասում շնորհանդեսին. «Նոր զգացողություն է ինձ համար, սա իմ առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն է, դեռ չգիտեմ` ինչ է լինելու, բայց այն ինձ համար տոն է, շատ եմ ուզում, որ բարձր տրամադրություն լինի»: Նաեւ հավելել է, թե իր համար ամենասպասված օրը երկու կարեւոր անձանց` Հայկոյի եւ Արմանի ներկայությունն է, որ իրեն վստահություն է ներշնչելու:
Bravo.am