Կեչի (Betula). այլ անվանումներն են` ոզորենի, սպիտակ ցարասի, թղթենի, եղվրդի, այլ անվանումներ, պտղաբերության եւ լույսի խորհրդանիշ է։ Ըստ դրուիդների այբուբենի` «բետը» համապատասխանում է առաջին տառին, ինչպես հունարեն «a»-ն խորհրդանշում է սկիզբ եւ կուսական ծնունդ։
Հայտնի են կեչու տասնյակ տեսակներ, կյանքի միջին տեւողությունը 150 տարի է, առավելագույնը` 300։ Ընթացքում կեղեւի գույնը մի քանի անգամ փոփոխվում է` գորշ կամ մուգ մանուշակագույն, միջին տարիքում` սպիտակ, հարթ, հետո` սեւ մոխրագույն, ճաքճքած։ Արմատները զարգանում են եւ ուղղահայաց, եւ կողային-հորիզոնական ուղղություններով։ Բույսը խոնավասեր է, լուսասեր, ցրտադիմացկուն, պահանջկոտ հողի նկատմամբ, հաճախ է կազմում անտառներ։ Սակայն նաեւ հեշտությամբ է հարմարվում քարքարոտ տեղերում եւ սֆանգային հողերի վրա։
Հայաստանի բնական պայմաններում հանդիպում են Կեչի թավոտը (B.pubescens), Կեչի ելունդավորը (B. verrucosa) եւ Կեչի Լիտվինովը` առաջին երկուսը` Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Կեչի ելունդավորը` նաեւ Վայքում եւ Սյունիքում։
Կեչի Լիտվինովը բնական պայմաններում հանդիպում է Փոքր Ասիայում, Այսրկովկասում, Կովկասում, ՀՀ Արագածոտնի, Կոտայքի, Վայքի մարզերում։
Երեք տեսակներն էլ տարածված են անտառների վերին սահմանային գոտում, ծովի մակերեւույթից մինչեւ 2400 մ բարձրության վրա, Լիտվինովը` համեմատաբար ավելի ցածր (10-15 մետր) ծառ, կամ, անբարենպաստ պայմաններում, թուփ է, մերձալպյան գոտում առաջացնում է մաքուր կեչուտներ։
Տերեւները ձվաձեւ-եռանկյունի կամ շեղանկյուն են, ծաղիկները մանր են` հավաքված արական կամ իգական կատվիկների մեջ, ծաղկում են տերեւների բացման հետ միաժամանակ։ Պտուղը երկթեւանի ընկուզիկ է։ Կեչին հնագույն ժամանակներից ունեցել է մեծ տնտեսական նշանակություն.
– Կեչու կեղեւի վերնաշերտից ստացել են կուպր,
– ամուր կեչափայտից պատրաստել են անիվներ, գործիքների բռնակ, ղեկալծակներ, նավակներ, ատաղձագործական արտադրանք,
– արմատների վրա գտնվող պալարաոստերից գեղեցիկ նախշերով իրեր են պատրաստում,
– կեղեւը ծառայել է որպես տանիքի ծածկ,
– գարնան սկզբում ծառից համեղ հյութ են ստանում,
– բնափայտի ջերմունակությունը շատ բարձր է, այն ապահովում է կայուն ջերմություն։
Բնափայտի միակ թերությունն այն է, որ չի դիմանում խոնավությանը, այն արագ է փտում։ Հեքիաթային է կեչու լուսավոր անտառը, փոքրիկ պուրակը, անկրկնելի գեղեցիկ է նույնիսկ առանձին աճող միակ կեչին, կանգնում ես ծառի կողքին եւ զգում նրա կենարար ուժը։ Բուժիչ է ծառի հաղորդած էներգիան, որը շռայլորեն եւ անվերադարձ նվիրում է մեզ` փոխարենը ոչինչ չվերցնելով։
Բուժիչ հատկություններ ունեն կեչու բոլոր մասերը եւ դրանցից ստացված կուպրը, մոխիրը, հյութը, սպիրտը, քացախի թթուն, բնի վրա աճող աբեթասունկը, սաղարթի մեջ «տեղավորված» կլորավուն սպիտակ ճագոմի թուփը։
Տարբեր վայրերում աճող կեչու տարատեսակները ունեն իրենց բնորոշ առանձնահատկությունները, սակայն դրանց միավորում է մի շատ կարեւոր հատկանիշ` դրանք բոլորն էլ բուժիչ են` արմատը, կեղեւը, կեղեւի վերնաշերտը, կեչափայտը, կատվիկը, ծաղկափոշին, բողբոջը, տերեւը։
Բժշկական կուպրը ստանում են կեղեւի վերնաշերտից եւ կեչու բնափայտից` չոր զտման եղանակով, այն ունի հականեխիչ եւ ախտահանող հատկություն, մաս է կազմում Վիշնեւսկու, Վիլկինսոնի քսուքներում։ Օգտագործվում է մաշկային հիվանդությունների բուժման համար նախատեսված օճառի, լոսյոնի, օճառահեղուկի, այլ միջոցների պատրաստման համար։ Կուպրի պատրաստուկներով բուժում են կորյակների, էկզեմայի, պսորիազի, նաեւ այլ դեպքերում։
Հեղուկազրկված բնափայտը ունի ծակոտկեն կառուցվածք, այն մշակում են ջրի գոլորշով եւ ստանում բարձր կլանիչ հատկություններ ունեցող ակտիվացրած ածուխ։ Այն կլանում է տհաճ հոտը, օգտակար է սննդային թունավորման, մետեորիզմի, փքվածության, դիսպեպսիայի, զկրտոցի, ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում։ Ածուխը խառնում են փսորիազի բուժման համար նախատեսված քսուքների հետ, քանի որ այն պարունակում է ցինկ եւ պղինձ եւ կարողանում է կլանել մաշկի էպիդերմիսը քայքայող թունավոր նյութերը։ Ածուխը կարելի է փոխարինել կեչափայտի մոխիրով կամ դեղատներում վաճառվող «Կարբոլեն»-ով։
Կեչու թնջուկը` դրա վրա աճող սունկը օգտագործում են ավելի քան հարյուր հիվանդությունների բուժման համար։ Սունկի սպորները հեշտությամբ են թափանցում ծառի վնասված մասերի կեղեւի տակ, առաջացնելով թելիկներ, որոնց միջոցով սնվում են ծառի հյութով, առաջացնելով անհավասար սեւ ճաքճքած շերտ կեչու վրա։
Սունկը մոտ չորս տարի զարգանում է կեղեւի տակ, կարող է ապրել կեչու վրա 10-15 տարի։ Սունկը չեն հավաքում չորացած ծառից, չնայած այդ դեպքում դրա երկարությունը հասնում է 0,5-1 մ, այն շագանակագույն է։ Երբեմն կեչու վրա աճում է աբեթասունկը, որի արտաքին մակերեսը փափուկ է, սա չունի իրական սունկին բնորոշ բուժիչ հատկությունները։ Սունկը պետք է հավաքել 25-50 տարեկան ծառերից, հյութի շարժման ժամանակ, երբ նոր են բացվում տերեւների բողբոջները, բուժիչ հատկություններից զուրկ են չորացած ճյուղերի եւ բնի ստորին մասերի սնկաթնջուկները։
Սնկով բուժումը ունի բազմաթիվ սահմանափակումներ սննդակարգի վերաբերյալ։ Պարունակում է ֆլավոններ, ֆենոլային միացություններ, ալկալոիդներ, դաբաղանյութ, ֆիտոնցիդներ, հարուստ է օրգանական թթուներով։ Սնկում հայտնաբերվել է մետաբոլիզմը կարգավորող եւ հակաբորբոքային հատկություն ունեցող նյութ` մելանին, կալիում, մագնիում, երկաթ, մանգան, պղինձ, ցինկ, կոբալտ, արծաթ, ալյումին, նիկել։
Կեչու սնկից պատրաստում են հետեւյալ դեղատնային միջոցները, որոնք պետք է ընդունել բժշկի խորհրդով եւ հսկողության տակ.
– քսուք բալասան «Չագա». կանխարգելում է կռճիկի քայքայումը, երիտասարդացնում հոդերը,
– քսուք ոտքերի համար. խորհուրդ է տրվում վարիկոզ հիվանդության դեպքում,
– օշարակ. նպաստում է աղեստամոքային եւ նյարդային համակարգերի բարելավմանը, լավացնում նյութափոխանակությունը, հատկապես ուղեղի սնուցումը։
Վաճառքում կան նաեւ սունկի մանրացրած հումքը, ոգեթուրմը, դեղապատիճով հաբերը, հագեցած հեղուկ թուրմը։
«Բեֆունգինը» կեչու սեւ սունկի խիտ մզվածքն է, որը նախատեսված է ուռուցքների աճը կանխարգելելու համար, ունի ցավազրկող հատկություն։
Կեչու սունկի գիտական անվանումն է` Inonotus oblicuus, այն աճում է նաեւ թեղու, արոսենու, հաճարենու, լաստենու վրա, սակայն բուժիչ հատկություն է ձեռք բերում միայն կեչու վրա աճելիս։
Ծառերի վրա աճող սունկերի մասին խոսելիս բաց է մնում մի հարց` արդյո՞ք կապ կա ա-բեթ-ա-սունկ բառի «բեթ» արմատի եւ դրուիդների այբուբենի առաջին «bet» տառի հետ (bet-ula)։
Բույսի բողբոջը մթերում են մարտ-ապրիլ ամիսներին, տերեւը` ծաղկման սկզբում, ապրիլի վերջին։ Հաճախ ձմռան վերջում կտրում են ճյուղերը եւ պահում սենյակում 15-20 աստիճանի տակ` մինչեւ բողբոջի ուռչելը։ Բողբոջը պարունակում է մոտ 6 տոկոս եթերային յուղ` ունի հաճելի բուրմունք, ասկորբինաթթու, սապոնին, դառնանյութ, դաբաղանյութեր, բուսախեժ, խաղողաշաքար, ֆլավոններ, ֆիտոնցիդներ։
Տերեւը` մոտ 3 տոկոս ասկորբինաթթու, կարոտին, նիացին, գլյուկոզիդներ, 5-9 տոկոս դաբաղանյութեր, մոտ 3 տոկոս սապոնիններ, ինոզիտ, սպիրտ։ Չոր տերեւներից ստանում են դեղին ներկանյութ։
Կեղեւը պարունակում է ներկանյութ բեթալոլ, որի շնորհիվ այն ստանում է սպիտակ գույն, գլյուկոզիդ, սապոնին։ Կեղեւը եւ տերեւը պարունակում են եթերային յուղեր։
Կեչու հյութը սնում է ծառի բոլոր մասերը եւ ունի կենարար ազդեցություն մարդու օրգանիզմի վրա։ Պարունակում է մրգաշաքար, խաղողաշաքար, օրգանական թթուներ, սպիտակուց, կալիում, կալցիում, երկաթ, այլ տարրեր։ Մաքրում է արյունը, նպաստում մազերի աճին, վերացնում թեփը, թարմացնում մաշկը։ Նշանակում են ավիտամինոզի, անեմիայի, աթերոսկլերոզի, սրտային բնույթի այտուցի, հոդատապի, պոլիարթրիտի, արգանդի ուռուցքի դեպքում։ Լավ միզամուղ է, լուծում, հանում է միզապարկի եւ երիկամների քարերը։ Կեչու հյութը հոսում է 7-12 օր, վաղ գարնանը, պահպանման ժամկետը շատ կարճ է, դրանից պատրաստում են կվաս։ Կեչու հյութը հավաքելու համար կտրեք ներքեւի ճյուղը (7-10 մմ հաստությամբ) եւ ժողովեք հյութը ապակե տարայի մեջ։
Հիպերտոնիայի դեպքում. 1 թ/գ թարմ բողբոջը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրով։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ, 1 թ/գ մեղրի հետ։
Լյամբլիոզ. 2 ճ/գ թարմ բողբոջը 10 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ: Շարունակեք 3 շաբաթ։
Հիշողությունը լավացնող միջոց. Խառնեք երեքնուկ կարմիրի ծաղիկը, կեչու տերեւը, սրոհունդի խոտը (3։2։1)։ Հումքի 1 ճ/գ-ն 20 րոպե թրմեք 300 մլ եռջրում։ Խմեք 150-ական մլ, օրը 2 անգամ։
Հոդացավերի դեպքում. Լցրեք ապակե տարայի կեսը կեչու կանաչ կատվիկներով, մնացած ծավալը ծածկեք օղիով։ Կիպ փակեք, թրմեք 3 շաբաթ մութ տեղում։ Նույն կերպ պատրաստեք յասամանի ծաղիկների ոգեթուրմ։ Օրը 3 անգամ` սնվելուց առաջ խմեք 1 թ/գ կեչու, ապա 1 թ/գ յասամանի ոգեթուրմը։
Ստենոկարդիայի դեպքում. 100 գ թարմ կատվիկները 2 շաբաթ թրմեք 500 մլ օղու մեջ։ Խմեք 20 կաթիլից մինչեւ 1 թ/գ, օրը 3 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ։
Հոդատապ. 50 գ թարմ բողբոջը 14 օր թրմեք 500 մլ օղու մեջ, պահեք մութ տեղում, պարբերաբար թափահարեք։ Քամեք։ Խառնեք 30-40 կաթիլ 100 մլ ջրի մեջ, խմեք օրը 3 անգամ, սնվելուց 15 րոպե առաջ։ Քնելուց առաջ քսեք ցավոտ մասին։
Ստամոքսաբորբի եւ խոցի դեպքում. Խմեք 1-ական թ/գ ոգեթուրմ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։
Երիկամաբորբի, երիկամաքարային հիվանդությունների, այտուցների դեպքում. 1 ճ/գ բողբոջը (կամ 2 ճ/գ տերեւը) 15 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա 200 մլ եռջրում։ Քամեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3-4 անգամ, սնվելուց 1 ժամ հետո։
Զգուշացում։ Կեչու բողբոջից պատրաստուկները հակացուցված են հղիներին եւ երիկամների սուր բորբոքային հիվանդությունների դեպքում։
Անեմիայի դեպքում. Մանրացրեք եւ խառնեք կեչու եւ եղինջ երկտունի տերեւները (1։1), հումքի 2 ճ/գ-ն երեք ժամ թրմեք 300 մլ եռջրով։ Խմեք 70-100 մլ, օրը 3-4 անգամ։ Շարունակեք 1 ամիս։
Արյունը մաքրող միջոց. Խառնեք կեչու եւ արոսի հյութերը (1։1), խմեք օրվա ընթացքում։ Կամ գարնանը հավաքեք արոսենու ծաղիկները եւ լցրեք ապակե տարան ամբողջովին, վրայից ավելացրեք կեչու հյութը, 3-4 օրից կարող եք խմել առանց սահմանափակման։
Ռեւմատիզմի դեպքում. Կավե տարայի մեջ լցրեք հերթականությամբ թարմ բողբոջի եւ կարագի 15 մմ հաստությամբ շերտեր, ծածկեք, բոլոր կողմերից քսեք խմոր եւ 24 ժամ պահեք ջեռոցում 45-50 աստիճան ջերմության մեջ։ Տաք վիճակում ավելացրեք կամֆորա (կարագի մեկ տոկոսի չափով), պահեք սառնարանում։
Շագանակագեղձի բորբոքման դեպքում. Խառնեք կեչու եւ մասուրի տերեւը (1։1)։ Հումքի 2 ճ/գ-ին ավելացրեք 2 թ/գ չորացրած, մանրացրած մասուրի պտուղ, 1 ժամ թրմեք 500 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք օրվա ընթացքում, 30-50 մլ կիտրոնի հյութի հետ։
Քարեր երիկամներում. 100 գ տերեւը 6 ժամ թրմեք 400 մլ ջրում։ Քամեք, հումքը մզեք։ Ավելացրեք 5 կաթիլ եղեւինի եթերային յուղ, խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ։ Մաքրում է երիկամները։
Երիկամաբորբի դեպքում. Խառնեք մատիտեղ թռչնի խոտը, կեչու տերեւը, 2 ճ/գ հումքը 10 ժամ թրմեք 500 մլ գոլ ջրում, 5 րոպե եփեք (60-70 աստիճան), տաք վիճակում ավելացրեք 1 ճ/գ սերմերից մաքրած մասուրի պտուղ, կես ժամից քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 4 անգամ` սնվելուց առաջ։ Շարունակեք 28 օր։
Խոլեցիստիտի դեպքում. Խառնեք հավասար քանակությամբ գիհու եւ կծոխուրի պտուղները, կեչու տերեւը, օշինդրի եւ հազարատերեւուկի խոտերը։ Հումքի 1 թ/գ-ն 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 200-ական մլ, առավոտյան եւ երեկոյան։ Շարունակեք 10 օր, ընդմիջեք 5-7 օր։
Հեպատիտի դեպքում.
– Խմեք 1-ական թ/գ կեչու բողբոջի 10 տոկոսանոց օղու ոգեթուրմ, օրը 3 անգամ, սնվելուց 20 րոպե առաջ` 50 մլ ջրի հետ։
– Խառնեք անմեռուկի ծաղիկը, մատիտեղ թռչնի եւ սրոհունդի խոտերը, կեչու եւ եղինջի տերեւը, մասուրի պտուղը, բեկտենու կեղեւը (2։2։2։1։1։1։1)։ Հումքի 1 ճ/գ-ն հինգ րոպե եփեք 300 մլ եռջրով։ Թրմեք 4 ժամ (տաք տեղում), քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ, սնվելուց 20 րոպե առաջ։ Շարունակեք 1 ամիս`10 օր ընդմիջումով։ Խորհրդակցեք բժշկի հետ։
Ֆարինգիտի դեպքում. Կտրեք եւ կախեք տանը կեչու ճյուղի տերեւներ։ Ձմռանը շփեք մարմինը ճյուղերի թուրմով։
Ախտահանիչ միջոց. 100-150 գ տերեւը թրմեք 400 մլ եռջրով։ Մաքրեք լուծույթով դռները, բռնակները, կահույքը, խոհանոցի սալիկները եւ այլն։