Մինչեւ տարեվերջ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդիսատեսին կներկայանա չորս ներկայացմամբ: Դեկտեմբերի 16-ին դասական երաժշտության սիրահարները հնարավորություն կունենան ունկնդրելու բրիտանական երաժշտություն: Այս մասին` ըստ tert.am-ի` երեկվա ասուլիսում հայտարարել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը: Խոսելով 2012 թվականի իրենց պլանների մասին` նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը հավաստիացրեց, որ ծրագրեր շատ ունեն: «Պլաններ շատ ունենք, բայց դրանք իրագործելու համար պետք է, որ նվագախմբում մարդ մնա: Առաջիկա երկու ամսում Ֆիլհարմոնիկի տասը առաջատար երաժիշտներ կհեռանան մեր նվագախմբից եւ շատ ավելի լավ պայմաններով կաշխատեն արտերկրի առաջատար նվագախմբերում»,- ասել է Էդ. Թոփչյանը` ավելացնելով, որ կանխատեսում է արտագաղթի նոր հոսք: «Ես չեմ բողոքում, որ մեզ վատ են վարձատրում: Մենք մի քանի անգամ ավելի շատ գումար ենք ստանում, քան, ասենք, թատրոնի աշխատողները, սակայն դա ոչինչ չի նշանակում: Մարդիկ իրավունք ունեն նախընտրել լավ կյանքը»,- ասել է նա: Ի դեպ, Էդ. Թոփչյանը հայտարարել է, որ ինքը եւս իսպանական հայտնի նվագախմբից շատ լավ հրավեր ունի եւ, ըստ ամենայնի, հունվարից սկսած ավելի քիչ ժամանակ կանցկացնի Հայաստանում: «Իմ բացակայության ժամանակ նվագախումբը կղեկավարեն հրավիրված դիրիժորներ: Ես կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի իմ բացակայությունը չանդրադառնա նվագախմբի հետագա գործունեության վրա: Ես երազում եմ մի օր մեր նվագախումբը ամենահզորը տեսնել»,- ասել է Թոփչյանը: