Ծառուկյանը կարող է միանալ բոլորին, բացի Տեր-Պետրոսյանից

13/12/2011

«Ձեր կարծիքով` առաջիկա ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ին կհաջողվի՞ մեծամասնություն ունենալ ԱԺ-ում»` մեր թղթակցի հարցին ի պատասխան` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է. «Ես չեմ կարծում, ես համոզված եմ, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է լինելու ԱԺ-ում»: «Նույնիսկ այն պարագայում, եթե ԲՀԿ-ն արձագանքի ՀԱԿ առաջնորդի կոչին ու համագործակցի՞ ՀԱԿ-ի հետ: Եվ, ի՞նչ եք կարծում` նման զարգացումների դեպքում ՀՀԿ-ն չի՞ տուժի» դիտարկմանը նա պատասխանել է. «Մի բան հստակ կարող եմ ասել. Գագիկ Ծառուկյանը հնարավոր է միանա մյուս բոլոր քաղաքական ուժերի հետ, բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից: Դա իմ անձնական համոզմունքն է: Նախ` Գ. Ծառուկյանն իմ ընկերն է, հետո` կոալիցիոն գործընկերն է, ես նրա հետ ամենօրյա շփում ունեմ, եւ նա այնքան խելացի մարդ է, այնքան է սիրում իր երկիրը, որ հաստատ չի միանա Լ. Տեր-Պետրոսյանին: Տեր-Պետրոսյանից իր համախոհներն են փախչում, Գ. Ծառուկյանը խելացի մարդ է, ինչո՞ւ պետք է գնա նրա հետեւից: Նա ցանկացած մարդու հետ կարող է ճանապարհ գնալ, բացի Լ. Տեր-Պետրոսյանից, իմ կարծիքով` չի գնա»: «Իսկ եթե, ամեն դեպքում, գտնի, որ ընտրություններից առաջ ընդդիմադիր լինելն ավելի շահեկա՞ն է, ու որոշի միանալ Լ. Տեր-Պետրոսյանի կոչին» հարցին էլ Ռ. Հայրապետյանը պատասխանել է. «Չի գնա, ես` իմանալով, ճանաչելով Գ. Ծառուկյանին, համոզմունք ունեմ, որ նա երբեք չի գնա այդ քայլին: Այնքան անհավանական է, որ չեմ էլ ուզում դրա մասին ոչ խոսել, ոչ էլ ենթադրություններ անել: Բայց եթե դուք պնդում եք Ձեր հարցադրումը, ապա կարող եմ ասել` եթե, եթե, եթե, եթե` ի՞նչ էլ լինի, միեւնույն է` ՀՀԿ-ն հաղթելու է այս ընտրություններում, որովհետեւ մեր ժողովուրդը շատ խոհեմ է: Ժողովուրդն ամեն ինչ դնում է կշեռքի նժարին: Հիմա, եթե Գ. Ծառուկյանը միանա Լ. Տեր-Պետրոսյանին, նա անմիջապես իր հեղինակությունը կկորցնի: Եվ Լ. Տեր-Պետրոսյանի ետեւից երբեք մեր ժողովուրդը չի գնա: Լ. Տեր-Պետրոսյանը կարող է ընդամենը ստից գոռա, թե իր հետեւից կգնան: Ցանկացածի հետեւից ժողովուրդը կգնա, բայց ոչ Տեր-Պետրոսյանի: Ժողովուրդն ինչքան էլ մեր իշխանություններին չսիրի, միեւնույն է` Տեր-Պետրոսյանին ձայն չի տա: Ես չեմ ասում, թե ՀՀԿ-ն թերություններ չունի: Իհարկե, ունի, որովհետեւ թերություններ ունենում է աշխատանք իրականացնողը: Անգործությամբ զբաղված կուսակցությունն, իհարկե, անթերի է լինում: Մենք էլ ունենք մեր թերությունները, բայց դա չի նշանակում, թե մենք այնքան վատն ենք, որ կարող է մեծամասնություն չկազմենք առաջիկա ԱԺ-ում: Մենք մեր ծրագրերով կապացուցենք, որ ամենալավը մենք ենք, ու հարկավոր է ձայն տալ ՀՀԿ-ին»: