Մեր տեղեկություններով` ԱԺ նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ական պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն օգտագործել է հնարավոր բոլոր լծակները ԱԺ նախագահ դառնալու համար: Ասում են, թե նա նույնիսկ դիմել է նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Միքայել Մինասյանին: Հրապարակային մեկնաբանությունների ժամանակ, սակայն, Դ.Հարությունյանը հերքում էր, որ նման ցանկություն է ունեցել` ասելով, թե ԱԺ նախագահի պաշտոնը իր հետաքրքրությունների շրջանակներից դուրս է: Քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, թե նախագահ Սերժ Սարգսյանը նրան ամբողջությամբ չի վստահում, ավելի շուտ, չի կարողանում հասկանալ, թե Դ.Հարությունյանը քաղաքական ինչ կողմնորոշումներ ունի: Նույնիսկ կարծիք կա, թե իրականում նա կարող է չընդգրկվել ՀՀԿ նախընտրական շտաբում: Հիշեցնենք, որ Հ.Աբրահամյանն այդ` դեռ չձեւավորված շտաբում նրան նշանակել է իր` շտաբի պետի տեղակալ: Ավելին, մեր աղբյուրները նաեւ չեն բացառում, որ ՀՀԿ շտաբն իրականում կարող է ունենալ այլ ղեկավար: Մեր թղթակցի հարցին, թե այդ շտաբում իր ներգրավվելը Հ.Աբրահամյանի՞ ցանկությամբ էր պայմանավորված, թե՞ այն հավանության է արժանացել Ս.Սարգսյանի կամ ՀՀԿ գործադիր մարմնի կողմից, Դ.Հարությունյանն այսպես է պատասխանել. «Քանի որ մենք դեռեւս զբաղվում ենք նախապատրաստական աշխատանքներով, ես չեմ կարող ասել, որ այդ աշխատանքներն արդեն այն վիճակում են, որ գործադիր մարմնում կամ խորհրդում քննարկել ենք»: