«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքը, որի կառուցապատման շուրջ վերջին շրջանում բուռն քննարկումներ են ընթանում, մեր տեղեկություններով` նոր սեփականատերեր ունի: Ըստ լավատեղյակ աղբյուրների, մարզադաշտի սեփականատեր, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը այդ տարածքը վաճառել է նորակառույց շենքերի կառուցմամբ զբաղվող Սամվել Մայրապետյանին եւ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Ա. Աղաբաբյանի, Ա. Գեւորգյանի եւ Ս. Մայրապետյանի միջեւ վաճառքի պայմանավորվածություն արդեն իսկ կայացվել է` պայմանով, որ գործարքը վերջնական ձեւակերպում կստանա միայն այն դեպքում, երբ Ա. Աղաբաբյանին հաջողվի ստանալ այնտեղ առեւտրի կենտրոն եւ հյուրանոցային համալիր կառուցելու շինթույլտվությունը: Իհարկե, երեկ Ս. Մայրապետյանը հերքել է այս տեղեկությունները: «Կարո՞ղ է իմ անունը Աշոտ Աղաբաբյան է: Դրանք անհեթեթ խոսակցություններ են, հեքիաթ է, մտացածին խոսակցություն»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է նա: Այդուհանդերձ, մեր աղբյուրները վստահեցնում են, որ դա համապատասխանում է իրականությանը, եւ Ս. Մայրապետյանի հերքումը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է վերը նշված պայմանով: Այսինքն` քանի դեռ Ա. Աղաբաբյանին չի հաջողվել լուծել շինարարական աշխատանքների թույլտվության հարցերը, Մայրապետյանը չի ցանկանում իր անունը կապել աղմկահարույց այդ գործընթացի հետ: Մեր թերթի հաջորդ համարում կներկայացնենք այլ մանրամասներ` կապված «Հրազդան» մարզադաշտի տարածքի շուրջ ընթացող գործընթացների հետ: