«Ես ներկա դրությամբ որեւէ հիմք չեմ տեսնում պնդելու, որ «Բարգավաճ Հայաստանի» մեր գործընկերները դուրս կգան կոալիցիայից, եթե դուրս չգան, չգիտեմ` այդ երկխոսությունը տեղի կունենա՞, թե՞ ոչ»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` ավելացնելով, թե կողջունի Հայ ազգային կոնգրեսի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հնարավոր համագործակցությունը, բայց կարծում է, որ դա ներկայումս «ֆանտաստիկայի ոլորտից է»: Ըստ նրա, ավելի հավանական է, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակով մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, քան թե ՀԱԿ-ի հետ երկխոսության գնա: «Քանի դեռ ոչ մի բան չի եղել, չարժե սնվել այս շեղող ուղղություններով»,- ասել է նա: Պատասխանելով հարցին` «Ժառանգությունն» առաջիկա ԱԺ ընտրություններում ընդդիմադիր ո՞ր ուժի հետ դաշինք կկազմի, Հովհաննիսյանն ասել է, թե ոչ կուսակցության ներսում, եւ ոչ էլ որեւէ այլ քաղաքական ուժի հետ առայժմ չեն քննարկել ընտրություններին մասնակցելու ձեւաչափը եւ ցուցակների հարցը: Այդ հարցի պատասխանը, Րաֆֆի Հովհաննիսյանի փոխանցմամբ, պարզ կլինի առաջիկա 1-2 ամիսների ընթացքում: «Մենք ունենք հանրակարգային ներքին հակում` դաշինքային ավելի լայն լուծումների: Կարծում եմ, որ մեր դժբախտությունները կապված են այն խնդրի հետ, որ յուրաքանչյուր ուժ ուզում է հանդես գալ իր փոքրիկ դրոշի ներքո: Մինչդեռ ամեն ուժ պիտի հասկանա, որ իր փոքրիկ արահետը չի կարող մեծ հարցեր լուծել: Եթե իրապես կա գաղափարական միասնականության հավանականություն, մենք պատրաստ ենք համագործակցել: Ներկայում մեր դռները բաց են բոլորի համար»,- ասել է նա: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության` ԱԺ ընտրություններում դաշինքով հանդես գալու մասին, Ր. Հովհաննիսյանն ասել է. «Մենք չենք քննարկել որեւէ մեկի հետ դաշինքի հնարավորությունը, հարգում ենք «Ազատ դեմոկրատներին», իրենց ծրագիրը, ղեկավար անձնակազմը, եւ ես կարծում եմ, որ այդ համագործակցության ձեւաչափերը եւ մանրամասները կքննարկվեն առաջիկայում` հաջորդ տարվա ընթացքում»: Անդրադառնալով ՀԱԿ-ի հետ դաշինք կազմելու հնարավորությանը, նա ասել է. «Դիտարկելով անցած տարին` 2011 թվականը, կարելի է ասել, որ խնդիրը մեր կողմից չէ, այլ կա վերապահում Հայ ազգային կոնգրեսի որոշ ղեկավարների կողմից: Անմիաբան վիճակի համար հիմնական պատասխանատվությունը գտնվում է «Ժառանգությունից» դուրս»: Խոսելով «Ժառանգության»` ԱԺ ներկայացրած «Լյուստրացիայի մասին» օրինագծի վերաբերյալ, Ր. Հովհաննիսյանն ասել է, որ բազմաթիվ պիտակավորումներ են եղել, սակայն պիտակավորումներ եղել են նաեւ ԼՂՀ ճանաչման օրինագծի ներկայացման ժամանակ: «Լավ կլիներ, եթե հարցը քննարկվեր իննսունականներին: Սա ինքնամաքրման տեսանկյունից անհրաժեշտ քայլ է` ուղղված բոլոր օտար ծառայություններին: ՀՀ քաղաքացին պիտի իմանա այն մարդու անունը, ով աշխատել է որպես գործակալ: Հատկապես այսօր, երբ Հայաստանը քայլ է անում դեպի ժողովրդավարական արժեքներ, ձայնի եւ տեղեկության իրավունքն ամենակարեւորներից է: Հույս ունեմ` օրինագիծը լուրջ քննարկման կարժանանա, հանրային բանավեճ կլինի, որն էլ կբերի ներքին ինքնամաքրման»,- հայտարարել է նա: Խոսելով 2012թ. սպասվող ներքաղաքական իրադարձությունների մասին, Ր Հովհաննիսյանն ասել է, թե հայ ժողովրդին մեծ փոփոխություններ են սպասվում: «Այդ մեծ փոփոխությունը, իմ կարծիքով, ենթադրում է մեր անկախության քսանամյակի հետքերով մի նոր բանաձեւ, նոր այլընտրանք, որը հիմնված է ոչ միայն կուսակցական համագործակցության, այլ քաղաքացիական հասարակության ներգրավման վրա»,- ասել է «Ժառանգության» նախագահը: