Կառույց, որն իրականացնելու է նախապատրաստական աշխատանքներ

13/12/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Դուք` Արմեն Գեւորգյանի եւ Միքայել Մինասյանի հետ միասին, ՀՀԿ նախընտրական շտաբում լինելու եք իր տեղակալը: ՀՀԿ գրասենյակում արդեն աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել, ի՞նչ վիճակում են նախընտրական շտաբի աշխատանքները:

– Այս պահին ես չեմ կարող հստակ ինչ-որ պատասխաններ տալ, որովհետեւ մենք դեռեւս գտնվում ենք նախապատրաստական փուլում: Ընդհանրապես օրենսգիրքը երբեւիցե չի կարգավորում, թե ինչ է նախընտրական շտաբը, որովհետեւ յուրաքանչյուր կուսակցություն իրականում նախընտրական շտաբ է եւ ընտրությունների հաջորդ իսկ օրվանից սկսած` ենթադրաբար, նախապատրաստվում է հաջորդ ընտրություններին: Այդ առումով մենք ընդամենը ստեղծել ենք մի կառույց, որը իրականացնելու է նախապատրաստական աշխատանքներ ընտրական շտաբ ձեւավորելու համար: Մենք դեռեւս ունենք մեր քննարկումները, օրակարգային հարցերը, թե ինչպես ենք օրակարգ ձեւավորելու, ինչ կառուցվածք ենք ընդունելու: Բազմաթիվ տեխնիկական, որոշ դեպքերում, կազմակերպական բնույթի հարցեր կան, որոնք պետք է լուծվեն:

– Հրապարակումներ եղան, թե նախընտրական շտաբում Դուք համակարգելու եք իրավական եւ միջազգային կառույցների հետ կապված աշխատանքը:

– Ես չգիտեմ, թե մամուլն ինչ է եզրակացնում, այս պահին մեր աշխատանքը հստակ տարանջատված չէ, եւ մենք ընդամենը, ինչպես արդեն նշեցի, իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ, քննարկումներ, թե ինչ ճանապարհով պետք է գնանք, որ ավելի արդյունավետ լինի: Ինչ վերաբերում է իմ մասնակցությանը, կարծում եմ, որ որպես թե՛ կուսակցության բարձրագույն մարմնի անդամ, թե՛ պատգամավոր, բնական է, որ ես պետք է մասնակից լինեմ այդ աշխատանքներին: Եթե դու քեզ դիտարկում ես կուսակցության անդամ, պարտավոր ես աշխատանք կատարել` կլինի դա շտաբում թե այլ տեղ:

– Ձեր եւ Ա.Գեւորգյանի ներգրավումը նախընտրական շտաբում Հ.Աբրահամյանի՞ ցանկությամբ էր պայմանավորված, թե՞ այն հավանության է արժանացել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ գործադիր մարմնի կողմից, ինչպես դա տեղի ունեցավ շտաբի պետի դեպքում:

– Քանի որ մենք դեռեւս զբաղվում ենք նախապատրաստական աշխատանքներով, ես չեմ կարող ասել, որ այդ աշխատանքներն արդեն այն վիճակում են, որ գործադիր մարմնում կամ խորհրդում քննարկել ենք: Մենք այս փուլում անում ենք նախապատրաստական աշխատանքներ:

– Իսկ Դուք ինչո՞ւ ցանկացաք մասնակցել այդ աշխատանքներին:

– Ես բազմիցս եմ մասնակցել ընտրություններին` ունենալով բավականին ակտիվ դերակատարում: Սկսած 1998թ. մեծամասնական կարգով իմ ընտրություններից եւ հետո բոլոր խորհրդարանական ու նախագահական ընտրություններին եմ մասնակցել, կազմակերպական աշխատանքներ եմ կատարել: Կարծում եմ, որ կազմակերպական աշխատանքները եւս պետք է կատարվեն պատշաճ ձեւով: Հատկապես, եթե հաշվի առնենք այն, որ մենք որակապես փոխել ենք ընտրական օրենսդրությունը: Դա եւս ենթադրում է շատ լուրջ կազմակերպական աշխատանք: Եվ ով, եթե ոչ` ես, պետք է ստանձնեմ պատասխանատվության բեռ, որպեսզի այն ընտրական օրենսգիրքը եւ այն ընտրությունները, որ մենք պատկերացնում ենք, կյանքի կոչվեն: Ես կարծում եմ, որ հատկապես այն պարագայում, երբ ես փորձել եմ ակտիվ մասնակցություն ունենալ, մասամբ նաեւ հեղինակել նոր Ընտրական օրենսգիրքը, նաեւ պետք է ունենամ պատասխանատվության իմ բեռը կյանքի կոչելու այն գաղափարախոսությունը, որն ընկած է նոր օրենսգրքում:

– Իսկ երբ է պաշտոնապես ձեւավորվելու նախընտրական շտաբը:

– Ընտրական շտաբ, որպես այդպիսին, կարծում եմ, որ կձեւավորվի հենց նույն օրը, երբ հայտարարվեն ընտրությունները: Բայց նախապատրաստական նախընտրական աշխատանքներ, իհարկե, կիրականացվեն: Դա կանվանենք շտաբ թե կուսակցության մի ստորաբաժանում, արդեն էական չէ: Յուրաքանչյուր կուսակցություն ազատ է իր ներքին կառուցվածքում ստեղծել տարբեր կառուցվածքներ: Պաշտոնապես մենք դա երբեւէ չենք անվանի ընտրական շտաբ, քանի դեռ ընտրությունները նշանակված չեն:

– Վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հայտարարեց, որ իշխանությունը ցանկանում է կազմակերպել անկախ Հայաստանի լավագույն ընտրությունները: Նոր օրենսգրքի եւ գոյություն ունեցող իրականության պայմաններում հնարավո՞ր է ապահովել նման ընտրություններ:

– Շատ ճիշտ եք ասում, իրականում միայն օրենքները բավարար չեն: Ես նաեւ հակված չեմ այն տեսակետին, երբ օրենքների դերը պետք է թերագնահատել` լավ պատկերացնելով, թե որտեղ կարող են լինել վտանգավոր պահերը, հնարավոր խութերը, որտեղ դեռեւս ձեւավորված պրակտիկան չի բավարարում մեզ իր որակով: Մենք փորձել ենք մշակել այնպիսի կանխարգելիչ մեխանիզմներ, որոնք հնարավորություն ընձեռեն բարելավել այդ հատվածը: Եթե ուշադրություն դարձնեք, աննախադեպ քայլերի ենք գնացել` սկսած նրանից, թե տեղամասային ընտրական հանձնաժողովների մոտ կեսում երկու ղեկավար պաշտոններից մեկում տեսնելու եք խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին: Էլ չեմ ասում այն հնարավորությունը, որ ընդդիմության վստահված անձինք ունեն ընտրական գործընթացը վերահսկելու առանձնահատուկ իրավունքներ: Ավելին, հաշվի առնելով հնչած բոլոր թերություններն ու մեղադրանքները, դարձյալ գնացել ենք աննախադեպ քայլերի` նրանք իրավունք ունեն տեղ զբաղեցնել հանձնաժողովի երկու անդամների միջեւ: Յուրաքանչյուր կուսակցություն պետք է իր պատասխանատվությունը ստանձնի` այս ընտրություններն անցկացնել այնպես, որ ոչ միայն այն լինի որակապես լավը, այլ որպեսզի հանրային վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ վերականգնվի, ինչը ես համարում եմ ոչ պակաս, եթե ոչ` ավելի կարեւոր խնդիր:

– Որտե՞ղ են Ձեր ասած խութերն ու վտանգավոր պահերը:

– Դրանք բազմաթիվ են, եւ հաշվի առնելով անգամ քրեական գործերը կամ հնչած քննադատությունները, անդրադարձ ենք կատարել յուրաքանչյուր նման հարցադրմանը: Օրինակ` նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ որոշ տեղամասերում հայտնաբերվեցին դեպքեր, երբ իսկապես բացակա անձանց փոխարեն ստորագրություն էր դրված: Եվ վերջին սյունակում, որտեղ պետք է ստորագրեր հանձնաժողովի անդամը, կար ստորագրություն, սակայն հնարավոր չեղավ պարզել, թե հանձնաժողովի որ անդամին է այն պատկանում: Եվ կասկածներ, իհարկե, կան, որ անձը, ով դիմել է այդ կեղծիքին, փորձել է թաքցնել հետքերը ու դրել է ոչ թե իր, այլ պատահական մի ստորագրություն` այնպիսին, որ հնարավոր չի լինում նույնականացնել: Փնտրեցինք եւ առաջարկեցինք դրա դեմ պայքարի եղանակ, որը հանձնաժողովի անդամի անհատական կնիքն է: Նա այլեւս չպետք է ստորագրի, պետք է դնի իր անհատական կնիքը, որը միշտ հնարավորություն կտա պարզել, թե յուրաքանչյուր տողը հանձնաժողովի որ անդամն է լրացրել: Սա մեկ օրինակ բերեցի, բայց եթե դուք նայեք մեր ընտրական օրենսգիրքը, կտեսնեք, որ թե նախընտրական, թե ընտրությունների օրվա, թե արդյունքների ամփոփման, թե վիճարկման փուլերում մենք բազմաթիվ նոր մեխանիզմներ ենք առաջարկել:

– ՀՀԿ բազմաթիվ անդամներ հայտարարում են, որ եկող խորհրդարանում էապես կրճատվելու է գործարար պատգամավորների քանակը: Սակայն ակնհայտ է, որ իշխանությունները գործարարներին խորհրդարան գալու հնարավորություն են տալու մեծամասնական ընտրակարգով: Իսկ փորձը ցույց է տալիս, որ նրանք օրենսդրական աշխատանքով չեն զբաղվում, խորհրդարան շատ քիչ են գալիս, եւ որ նրանց պատճառով երբեմն քվորում ապահովելու խնդիր է առաջանում:

– Ես կարծում եմ, որ հասարակության պահանջները խորհրդարանի նկատմամբ փոխվելու են: Իհարկե, սա մի օրվա մեջ տեղի չի ունենա: Կարծում եմ, որ այս ընտրությունները նույնպես ցույց կտան, որ հասարակության պահանջը խորհրդարանի նկատմամբ արդեն փոխվել է: