Արդեն մի քանի օր է` հայաստանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է Երեւանի եւ Շուշիի «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր, «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ-ի տնօրեն Նարեկ Հարթունյանի (Հարությունյան) հետ կատարվածը: Վերջինիս դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով (հարկերից չարամտորեն խուսափելու համար) եւ ՔՕ-ի 190 հոդվածի 2-րդ մասով (գումարների լվացման համար): Իսկ որպես մեղադրանքի հիմք` նշվում է «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ընկերության հարկային չարաշահումների մասին ակտը, ըստ որի` ընկերությունը թույլ է տվել մոտ 120 մլն դրամի չարաշահում: Այս մասին երեկ զրուցեցինք ընկերության փաստաբան Գեւորգ Չաքմիշյանի հետ:
– Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ Պետեկամուտների կոմիտեի կողմից ընկերությանը ներկայացված ակտը, ըստ որի` ընկերությունը չի կատարել հարկային պարտավորությունները, եւ թույլ է տվել հարկային խոշոր չարաշահումներ:
– Տվյալ դեպքում վերստուգման ակտն ընդամենը կարծիք է Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից` իրենց իրականացրած ստուգման գործունեությանը, այսինքն` եկա, տեսա փաստաթուղթը կամ հաշվապահությունը եւ գտա խախտումներ, որոնք արձանագրեցի: Դա իրենց սուբյեկտիվ կարծիքն է, գնահատականը, եւ այսօր չեմ ուզում ասել, թե այդ գնահատականը սխալ կամ ճիշտ է, քանի որ կա դատական ատյան, որն իրավասու է որոշել ստուգման ակտի իրավաչափությունը:
– Այսինքն` ուզում եք ասել, որ ՊԵԿ-ի ստուգումներն արվել են սիրողակա՞ն մակարդակով:
– Ոչ, ՊԵԿ-ի աշխատակիցները պրոֆեսիոնալ մարդիկ են, եւ նրանք արել են իրենց գործը` արձանագրել են այն հիմքով, ինչն իրենք նպատակահարմար կամ ճիշտ են գտել: Ես` որպես իրենց օպոնենտ, ունեմ իմ կարծիքը տվյալ իրավիճակի վերաբերյալ, որն իմ հայցադիմումի մեջ ներկայացրել եմ դատարան: Իսկ դատարանը պետք է ծանրութեթեւ անի իմ եւ նրանց ապացույցները, հիմնավորումները, եւ ապա վճիռ կայացնի:
– Իսկ դրանք ի՞նչ հիմնավորումներ են:
– Թույլ տվեք այդ մասին չխոսել, քանի որ այս պահին, ըստ իմ պայմանագրի, դա փաստաբանական գաղտնիք է, եւ չեմ ուզում գաղտնազերծել այդ հիմնավորումները:
– Ըստ Ձեզ` ընկերությունում իրականում կայի՞ն խախտումներ:
– Հարցը բավականին տեխնիկական հարց է, եւ խիստ իրավական ենթատեքստ ունի, քանի որ այստեղ մենք գործոն ունենք մասնագիտական մոտեցումների, հիմնավորումների տեսական դաշտի հետ: Ընկերության եւ՛ հաշվապահը, եւ՛ հաշվապահական ծառայություն մատուցող ընկերության ներկայացուցիչն, իսկապես, ասում են, որ անհեթեթություն է ստուգման ակտն ու առաջադրված հարկային պարտավորությունները: Ըստ վերստուգողների` խախտումներ կային, մինչդեռ իրականում չկան դրանք:
– Այդ պարագայում ինչպե՞ս հասկանալ ընկերությանը ներկայացված հարկային ակտի նպատակը:
– Ցանկացած ընկերությունում, տնտեսվարող սուբյեկտում ՊԵԿ-ի ներկայացուցիչների կողմից կազմված ստուգման ակտերի մեծ մասը վիճարկվում է դատարանում, եւ հարկային մարմինը, բնականաբար, խախտում տեսնում է ամեն ինչի մեջ: Մեր օրերում հարկային օրենսդրությունը բավական վիճարկելի, հակասական եւ խճճված է: Հետեւաբար, այսօր շատ դժվար է հեռու մնալ խախտումներից: Տնտեսվարող հաշվապահը կամ ղեկավարությունը տեխնիկական մեծ փորձ պետք է ունենան, որպեսզի կարողանան խուսափել հարկային, այսպես ասած` սխալներից: ՊԵԿ-ի ստուգողները երբեմն օգտվում են օրենքի կա՛մ թերություններից, կա՛մ հակասություններից, կա՛մ բացերից` արձանագրելով խախտումներ նույնիսկ ամենաշրջահայաց հաշվապահի մոտ:
– Այսինքն, ըստ Ձեզ` դա պայմանավորված է ստուգողների տրամադրվածությամբ, այո՞:
– Այո՛, հավատացեք, որ դա այդպես է: Այս ընկերության դեպքում վերստուգման ակտն ունի կոպիտ սխալներ: Այս պահին չեմ ուզում խոսել այդ մասին: Նարեկ Հարությունյանը` որպես տնօրեն, վիճարկել է այդ ակտը դատարանում, բայց դեռ չկա դատարանի վճիռը ակտի վերաբերյալ: Ն. Հարությունյանը դատարան դիմել էր նախքան իր ձերբակալությունը` մոտ 10 օր առաջ, եւ վարույթ էր ընդունվել հայցը, այսինքն` նախաքննության մարմինը տեղյակ է, որ ակտը վիճարկվում է:
– Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ Ն. Հարությունյանի ձերբակալությունը, երբ ակտի վիճարկման մասին դատավճիռ դեռ չկա, եւ արդյոք նրա ձերբակալությունը օրենքի շրջանակներից դուրս չէ՞:
– Հենց դա է աբսուրդ իրականությունն ու մեր գործի մեխը: Անձին մեղսագրվում է քրեական հոդված, մեղադրանք, որի հիմքը վերստուգման ակտն է, եւ որը վիճարկվում է դատարանում, այսինքն` եթե դատարանը անհիմն գտնի, անվավեր ճանաչի վերստուգման ակտը, փլուզվելու է ամբողջ քրեական գործը, այսինքն` պատկերավոր ասած` նստած մարդու տակից աթոռը քաշում են: Իսկ մինչ այդ Նարեկին, Անիին եւ Արթուրին կալանքի են վերցնում` զրկելով ազատությունից, եւ դա` այն հեռանկարով, որ քննիչը լուրջ կասկածներ եւ հիմքեր պետք է ունենա, որ միգուցե այն ակտը, որի հիման վրա ինքը քրեական գործ է հարուցել, անհիմն ճանաչվի, այնինչ ամիսներ շարունակ մարդիկ մնալու են անազատության մեջ, անմարդկային պայմաններում: Սա է իրականությունը: