Քարոզչության 16 օր՝ ընդդեմ գենդերային բռնությունների

13/12/2011

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Ռոդհեմ Քլինթոն

Պատկերացրեք կին արարածին: Կինը կարող է ապրել աշխարհի ցանկացած վայրում, կարող է ներկայացնել ցանկացած սոցիալ-տնտեսական խումբ, լինել ցանկացած ազգային պատկանելության կամ ցանկացած դավանանքի տեր: Սովորական օրերին կինն իր աշխատանքը սկսում է լույսը դեռ չբացված: Կինը 8-12 ժամ աշխատում է խանութում, հողամասում, գործարանում կամ մեկ ուրիշի տանը` ստանալով ոչ բարձր աշխատավարձ, իսկ նրա խնամքի տակ գտնվող երեխաների կամ տարեցների համար նրա եկամուտը ապրուստի միակ միջոցն է: Երբ կինը տուն է գալիս, երեխաներին հարցնում է, թե ինչ են սովորել դպրոցում կամ ինչ են ուզում դառնալ, երբ մեծանան: Նա, ժամեր շարունակ, փոքր սալօջախի կամ վառարանի վրա կռացած, իր մեծ ընտանիքի համար ուտելիք է պատրաստում: Աշխարհի շատ վայրերում կանայք նաեւ աճեցնում են այն բարիքները, որ դառնում են հաց հանապազօրյա իրենց ընտանիքի համար:

Այժմ պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե կինը չկարողանա անել այն, ինչ թվարկվեց վերեւում, քանի որ նրա նկատմամբ եղել են գենդերային բռնություններ: Նրա բուժման ծախսերը առավել կսահմանափակեն ընտանիքի առանց այն էլ աղքատիկ բյուջեն: Ֆիզիկական կամ հոգեբանական խեղումների հետեւանքով կինն այլեւս անկարող կլինի աշխատել ու հոգ տանել երեխաների համար, երեխաները դպրոց չեն գնա եւ կսկսեն աշխատել, որպեսզի ընտանիքը պահեն: Մոտակա խանութները կկորցնեն իրենց հաճախորդին, եւ կնվազի այդ խանութների եկամուտը:

Ձեզ երեւի ծանոթ է կնոջ այս կերպարը: Աշխարհում գենդերային բռնության դրսեւորումներ նկատվում են ամեն երեք կնոջից մեկի հանդեպ. բռնաբարություն կամ բռնաբարության փորձ լինում է հինգից մեկի հանդեպ: Բռնությունը կարող է լինել կյանքի ամենավաղ փուլերից սկսած, երբ մայրը հարկադրված է արհեստականորեն ընդհատել հղիությունը, քանի որ պտուղն իգական սեռի է, կամ` երբ ընտանիքը հրաժարվում է աղջիկ-երեխաներին կրթության տալուց, կամ` երբ թույլ չեն տալիս աղջիկներին մոտենալ ճաշի սեղանին, քանի դեռ տղաները չեն կշտացել: Հետագայում այն կարող է դրսեւորվել ընտանեկան բռնության, մանկական ամուսնության կամ սեռական շահագործման տեսքով:

Գենդերային բռնությունները, իրենց դրսեւորման բոլոր ձեւերով, հանդիսանում են մարդկային արժանապատվության անհանդուրժելի ոտնահարում: Այս ոտնձգությունների պատճառած անձնական ցավին ու վրդովմունքին ոչ ոք չի կարող քանակական գնահատական տալ: Սակայն դա հնարավոր է անել բուժման ծախսերի, իրավաբանական ծախսերի, կորսված աշխատավարձերի կամ աշխատունակության անկման, առողջապահական ծախսերի, այդ թվում ՄԻԱՎ ռիսկի մեծացման հետ կապված. սրանք այն բաներն են, որոնք սահմանված գներ ունեն: Ու երբ սկսում ենք հաշվել եւ քանակական գնահատական տալ` արտահայտված դոլարներով ու ցենտերով, տեսնում ենք, թե հասարակությունն իրապես ինչքան է վճարում կանանց ու աղջիկների հանդեպ բռնությունների դիմաց: Ուգանդայում, օրինակ, կանանց շուրջ 13 տոկոսը նշում են, որ իրենց անմիջական զուգընկերոջ կողմից ցուցաբերված բռնության հետեւանքով կտրվել են իրենց կարեւոր տնային գործերից: Այս կանանց մի մասը պնդում է, որ տարվա ընթացքում իրենք մինչեւ 11 աշխատանքային օր կտրվել են իրենց աշխատանքից եւ զրկվել այդ օրերի վաստակից: Բանգլադեշում անցկացված հարցման ժամանակ հարցված տնային տնտեսությունների երկու երրորդը նշել են, որ ընտանեկան բռնությունների հետեւանքով ամեն ամիս միջին հաշվով կորցնում են 5 ԱՄՆ դոլար, ինչը կազմում է կանանց գերակշիռ մասի վաստակի շուրջ 5 տոկոսը: Այս կորուստները առավել սուր են արտահայտվում այն տնային տնտեսությունների համար, որտեղ կինը տնտեսության գլուխն է եւ միակ կերակրողը, ու այս պարագայում կորուստներն ամենայն հավանականությամբ շատ ավելի մեծ են:

Հետեւանքները նաեւ փոխանցվում են մյուսներին այն առումով, որ մեծանում են դատաիրավական, առողջապահական եւ անվտանգության ապահովման ծառայությունների ծախսերը: Աշխարհում ոչ մի երկիր ապահովագրված չէ այդ ծախսերից: Հիվանդությունների վերահսկման ԱՄՆ կենտրոնի 2003թ. ուսումնասիրության տվյալներով` անմիջական զուգընկերոջ բռնությունների հետեւանքով գոյացած ծախսերը տարեկան գերազանցում են 5.8 միլիարդ ԱՄՆ դոլարը, որից 4.1 միլիարդ դոլարը ուղղակի բուժման ու առողջապահական ծախսերն են, իսկ 1.8 միլիարդ ԱՄՆ դոլարը աշխատունակության անկման հետեւանքով կրած վնասն է:

Կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությունները նաեւ առնչվում են մարդու իրավունքներին ու ազգային անվտանգությանը: Լայն տարածում ունեցող բռնությունների հետեւանքները չեն սահմանափակվում սոսկ անձի ստացած վնասվածքներով ու տնտեսական կորուստներով: Հաճախ դրանք հանգեցնում են ծանր ու երկարատեւ առողջական խնդիրների, ինչպիսիք են սեռավարակները, իսկ գենդերային բռնությունների սոցիալ-հոգեբանական ազդեցությունը զգալի է բռնության զոհերի, նրանց երեխաների, ընտանիքների ու ողջ հասարակության վրա:

Բռնությունների ու ոտնձգությունների հետեւանքով աշխատուժից կանանց դուրս մնալը թուլացնում է հասարակությանը, մինչդեռ կանանց տնտեսական մասնակցության խթանումը հանգեցնում է ՀՆԱ-ի ու անհատական եկամուտների մեծացման: Ուսումնասիրություններից մեկում կատարված հաշվարկների համաձայն, եթե զարգացող տնտեսությամբ երկրներում նվազեցվեն կանանց տնտեսական մասնակցության խոչընդոտները, ապա հնարավոր է հասնել մեկ շնչին ընկնող եկամուտների 14 տոկոս ավելացման: Ավելի մեծ եկամուտ ունենալ նշանակում է` ավելի շատ միջոցներ ընտանիքին կերակրելու, երեխաներին կրթության տալու, տեղի առեւտրականներին ու արտադրողներին աջակցելու համար, որը զարկ կտա տնտեսական աճի բարեբեր շղթային:

Ամեն տարի, կանանց նկատմամբ բոլոր տեսակի բռնությունների վերացման օրվանից` նոյեմբերի 25-ից մինչեւ Մարդու իրավունքների միջազգային օրը` դեկտեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածը մենք օգտագործում ենք գենդերային բռնությունների դեմ 16-օրյա քարոզչության իրականացման համար: Այս օրերին մենք բարձրաձայնում ենք կանանց ու աղջիկների դեմ բռնությունների հիմնախնդիրը եւ անդրադառնում աշխարհով մեկ կանանց պաշտպանվածության ու մասնակցության բարելավման հարցերին: Մեզ անհրաժեշտ է, որ այս աշխատանքներում ներգրավված լինեն բոլորը. տղաներն ու տղամարդիկ, հոգեւոր առաջնորդներն ու համայնքների ղեկավարները, երիտասարդները, հասարակության բոլոր օղակները, քանզի լայն տարածում գտած այս արմատական խնդրի լուծման հարցում հույժ կարեւոր է բոլորի ներգրավվածությունը:

Ոտնձգություն կարող է տեղի ունենալ տանը, զինված հակամարտությունների դաշտում, որտեղ բռնաբարությունն օգտագործվում է որպես պատերազմական զենք, կամ այն դեպքում, երբ աղջիկներին նվաստացնում ու թերագնահատում են միայն այն բանի համար, որ նրանք իգական սեռի ներկայացուցիչ են: Այն անընդունելի է իր բոլոր դրսեւորումներով: Ոչ մի երկիր չի կարող առաջընթաց ապրել, եթե ազգաբնակչության կեսը գտնվում է մեկուսացված վիճակում, ենթարկվում է բռնության ու խտրականության:

Այս տարի եկեք կրկին 16-օրյա քարոզչությունն օգտագործենք վերահաստատելու, որ մենք վճռական ենք կանանց ու աղջիկների նկատմամբ ոտնձգություններն աշխարհով մեկ վերացնելու հարցում: Եկեք վերջ տանք անպատժելիությանը, որը սնուցում է բռնության այս շղթան: Եվ եկեք աշխատենք միասին, որպես գործընկերներ, եւ այնպես անենք, որ բռնության բոլոր դրսեւորումները մնան անցյալում: