Մինիմում հաճույք, մաքսիմում տհաճություն

13/12/2011

Հումանիտար կրթություն ունեցողներիս համար մաթեմատիկան մի առարկա է, որի հետ ոչ այնքան հաճելի շփումը խզվում է անմիջապես դպրոցն ավարտելուց հետո: Սա` այն դեպքում, երբ մաթեմատիկական գիտելիքներդ սահմանափակվում են աղյուսակի իմացությամբ: Սակայն օրերից մի օր լսում ես, որ կա մարդկանց ամենօրյա գործունեությունը վերլուծող մաթեմատիկական տեսություն: Այսինքն` տեսություն, որը հիմնված է մարդու վարքը նկարագրող 3 օրինաչափությունների վրա: Ըստ այդմ` մարդն իր գործունեությունը կազմակերպում է այնպես, որ այն խլի նվազագույն ջանք, պարունակի պակաս ռիսկեր եւ պատճառի առավելագույն հաճույք: Այս տեսությամբ է զբաղվում 1993 թ.-ից Հայաստանից ԱՄՆ հրավիրված եւ այնտեղ հաստատված տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պավել Բարսեղյանը:

– Պարո՛ն Բարսեղյան, Դուք 1993 թվականին հրավիրվել եք ԱՄՆ, աշխատել եք կիսահաղորդչային չիպերի նախագծման ոլորտում: Եվ, վստահ եմ, այնտե՛ղ եք սկսել զբաղվել այս տեսությամբ, քանի որ Հայաստանում գիտնականներին նախեւառաջ հուզում է` ոչ թե ինչպես աշխատեն, որ աշխատանքը պակաս ռիսկային լինի եւ պատճառի առավելագույն հաճույք, այլ` ինչպե՞ս գտնեն պակաս տհաճություն պատճառող աշխատանք, որի պատճառած առավելագույն հաճույքը օրվա հացի խնդրի լուծումն է:

– Այո՛, այս խնդրով ես սկսեցի զբաղվել ԱՄՆ-ում, երբ աշխատանքի անցա նախագծերի կառավարման ոլորտի մասնավոր հիմնարկում: Հիմնարկն ուներ արդեն իրականացված նախագծերի մասին մեծ ինֆորմացիոն բազա, եւ այդ բազան կարիք ուներ վերլուծման: Ինչ վերաբերում է մարդու աշխատանքային գործունեության մաթեմատիկական տեսությանը, ապա այն կիրառելի է ամենատարբեր պայմաններում աշխատող մարդկանց համար։ Իր պարզեցված տարբերակով տեսությունը կիրառելի է նաեւ կենդանիների վարքի նկարագրության համար։

– Ընթերցողներից շատերը մաթեմատիկայի հետ «Դուք»-ով են հարաբերվում, հետեւաբար, եթե կարելի է առավել մատչելի ներկայացնել` ի՞նչ է նշանակում մարդու վարքը նկարագրող մաթեմատիկական ծրագիր:

– Որպեսզի ասվածի հետեւում ինչ-որ առեղծվածային բան չտեսնենք, հակիրճ բացատրեմ։ Բնական է, որ եւ՛ մարդիկ, եւ՛ կենդանիներն իրենց գործողությունները կատարում են այնպես, որ քիչ էներգիա ծախսեն, քանի որ էներգիայի ծախսը լրացնելու համար սնունդ է պետք, որը հեշտ չի ձեռք բերվում։ Այստեղից էլ` մարդկանց աշխատանքը նվազագույն ջանքով կազմակերպելու սկզբունքը։ Բայց եթե մարդու կամ կենդանու կյանքին վտանգ է սպառնում, ապա նրանք, առանց էներգիայի ծախսին նայելու, կարող են ծավալել փոթորկուն գործունեություն՝ այս դեպքում արդեն ղեկավարվելով ռիսկերի փոքրացման սկզբունքով։ Եթե կյանքին որեւէ վտանգ չի սպառնում, եւ սննդի պակաս էլ չկա, ապա եւ՛ մարդիկ, եւ՛ կենդանիները անցնում են վայելելուն եւ գործում են առավելագույն հաճույքի սկզբունքով։ Իմ աշխատանքային գործունեությունը կապված է եղել չիպերի նախագծման ժամանակ այս սկզբունքների կիրառման հետ: Չիպեր, որոնք դրված են համակարգիչների, հեռախոսների մեջ եւ ունեն շատ մեծ թվով այլ կիրառություններ: Այս սկզբունքների կիրառման նպատակը նախագծման գործընթացի ռացիոնալ կազմակերպումն է։ Չիպեր նախագծող թիմը կարող է մի քանի հոգուց մինչեւ մի քանի հազար մարդուց կազմված լինել: Եթե նախագծողների թիվը մեծանում է, ստեղծվում են նոր խնդիրներ` մարդիկ միմյանց հետ դժվար են աշխատում, սխալներ են անում, եւ այդ սխալներն ուղղելու ժամանակ կոնֆլիկտներ են առաջանում, ինչը հատուկ է մեծ կոլեկտիվներին` առհասարակ: Նախագծերի կառավարման հիմնական նպատակներից մեկը կատարողների արտադրողականությունը մաքսիմումի հասցնելն է:

– Մաթեմատիկական սխեմայով կարող եք կանխատեսելի դարձնել մարդկանց գործունեությունը, ըստ այդմ էլ` ավելի արդյունավետ դարձնել նրանց աշխատանքը: Սակայն հայտնի է, որ մարդու գործունեության արդյունավետությունը պայմանավորող այլ գործոններ են աշխատում: Նախեւառաջ` առողջական, հոգեկան վիճակը, ինչը մաթեմատիկային, ճիշտն ասած, այնքան էլ մոտ չէ:

– Ճիշտ է, մարդու աշխատանքի արտադրողականության վրա ազդող գործոնները շատ են, բայց երբ խոսքը մեծ նախագծերի մասին է, արդեն մարդու անհատական հատկությունները լուծվում են կոլեկտիվի մեջ: Այսինքն` անհատը չի կարող իր կամքը կոլեկտիվին թելադրել. կոլեկտիվի ներսում նա դառնում է պտուտակներից մեկը, եւ դա հնարավորություն է տալիս գտնել օրինաչափություններ` ինչից է հատկապես կախված մարդու արտադրողականությունը: Իսկ դա կախված է առողջությունից, պրոֆեսիոնալիզմից: Երբ խոսքը շատ մեծ քանակությամբ հին նախագծերի մասին է, ապա դրանց մասին եղած վիճակագրական տեղեկությունները հնարավորություն են տալիս գտնել ընդհանուր օրինաչափություններ, որոնցով կարելի է ղեկավարել նախագծային կոլեկտիվը:

– Դուք ուսումնասիրել եք մարդու ամենօրյա աշխատանքային գործունեությունը: Այն ծրագրավորել, վերածել սխեմայի: Մարդն ինքն անկանխատեսելի, փոփոխական եւ արտաքին բազում ազդեցությունների ենթարկվող էակ է: Հետաքրքիր է` որքանով է մեծ սխալի հավանականությունը նման հաշվարկներում:

– Եթե խոսքը լիներ մարդկանց գործունեության մասին` ընդհանրապես, ապա այդ ծրագրերը մեծ ճշգրտությամբ իրագործելը անասելի բարդ կլիներ: Երբ խոսքը սահմանափակ բնույթի աշխատանքի մասին է, որի նկարագրությունն արդեն վիճակագրորեն կա, դա հնարավոր է դառնում իրականացնել` առանց զգալի սխալների: Դրա համար կա երկու ճանապարհ` մեկը` կիրառել եղած փորձը, մյուսը` հիպոթեզների հիման վրա ստեղծել տեսական մաթեմատիկական մոտեցում եւ նկարագրել մարդու գործունեությունը: Հետագայում այդ երկու մոտեցումները համաձայնեցվում են եւ ստեղծում ավելի հուսալի մեթոդներ կանխատեսումների համար:

– Կարծում եք` Հայաստանում կա՞ն ոլորտներ, ուր ներգրավված են այնքան թվով մարդիկ, որ նման սխեմաների անհրաժեշտություն լինի: Ի վերջո, Ձեր ծրագիրը նախատեսված է մեծ թվով մարդկանց վարքագիծն ուսումնասիրելու վրա:

– Նախ ասեմ, թե ինչո՞ւ է միջազգային շուկան զգում նման ծրագրային գործիքների կարիք։ Բանն այն է, որ միայն 2010թ. տվյալներով` ՏՏ բնագավառում չավարտված եւ ձախողված նախագծերի պատճառով ընդհանուր ֆինանսական կորուստը ամբողջ աշխարհում մոտ 6 տրիլիոն դոլար է կազմել: Այս տեսության նպատակն է՝ ստեղծել դրա վրա հիմնված տարբեր ծրագրային գործիքներ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի մեղմել վերը նշված կորուստները։ Վերջին մի քանի տարվա իմ ջանքերն ուղղված են նրան, որ Հայաստանում զարգացվի գիտական այս ուղղությունը։ Նոր տեսությունը ունի բազմաթիվ այլ կիրառություններ եւս։ Օրինակ, որեւէ անձի աշխատանքի ընդունելիս գործատուները առաջին հերթին փորձում են պատկերացում կազմել անձի հնարավորությունների մասին՝ նպատակ ունենալով ընտրել լավերին: Նոր տեսությունը հնարավորություն է տալիս ավտոմատացնել այդ պրոցեսը: Այսինքն` ունենալ համակարգչային ծրագիր, որի օգնությամբ մարդուն որոշակի հարցեր տալուց հետո համակարգիչը կարող է մշակել պատասխանները եւ տալ տվյալ մարդու հնարավորությունների կորը:

– Ստացվում է, որ ամեն ինչ հնարավոր է ծրագրավորել: Մարդկությունն իր իսկ ձեռքերով փոքրացնում է մարդու դերը` մտածելու, եզրակացնելու դերը վստահելով համակարգչին:

– Սովորաբար, եթե խոսքը որոշումներ կայացնելու մասին է, ապա այն նպատակահարմար է իրականացնել էքսպերտային համակարգի տեսքով։ Այն իրենից ներկայացնում է մարդ արարածի եւ համակարգչի հնարավորությունների հանրագումարը: Էքսպերտային համակարգում գործ ենք ունենում մարդու հետ, ով համակարգչին տալիս է որեւէ հանձնարարություն, նրանից ստանում պատասխանը եւ հիմք ընդունելով այն` որոշում կայացնում:

– Ասացիք, որ յուրաքանչյուր մարդ ունի իր հնարավորությունների մաքսիմումը: Իսկ համակարգչի մաքսիմումը հնարավո՞ր է գտնել: Ժամ առ ժամ տեխնիկան զարգանում է, եւ գուցե ինչ-որ ժամանակ հետո դա հանգեցնի աբսուրդի՞:

– Նման հարց բարձրացվել է անցյալ դարի 40-ականների վերջին, երբ առաջին համակարգիչները մեջտեղ եկան: Հիմնական հարցը սա էր` կարո՞ղ է մարդու փոխարեն մտածելու պրոցեսն իր վրա վերցնել համակարգիչը: Անցել է 60 տարի, եւ այս ընթացքում համակարգիչները ահռելի առաջընթաց են արձանագրել: Ներկայումս խոսքը ոչ միայն մտածելու, այլեւ զգալու, կենսաբանական ֆունկցիաներ իրականացնելու մասին է: Այս ուղղությամբ համակարգչի հնարավորությունները գրեթե անսահմանափակ են:

– Այսինքն` մնում է համակարգիչներին հանձնենք նաեւ վերարտադրողական ֆունկցիաները…

– Այս հարցադրումը նորաձեւ էր անցյալ դարի կեսերին` կապված կիբեռնետիկայի եւ հաշվողական տեխնիկայի զարգացման հետ։ Հետագայում նման վերացական հարցադրմանը փոխարինելու եկան կյանքի անմիջական կարիքներից բխող հարցադրումներ։ Համակարգիչներն իրենց հաշվողական կարողություններով գերազանցում են մարդուն շատ անգամ, եւ այդ հանգամանքը գտել է մեծ քանակությամբ պրակտիկ կիրառություններ՝ ստեղծելով նոր ծրագրային գործիքներ։ Օրինակ` համակարգչի հետ շախմատ խաղալ եւ հաղթել գործնականում գրեթե անհնար է: Համակարգիչների կարիք առաջանում է ամեն անգամ, երբ օպերատիվ ձեւով պետք է լինում մշակել մեծածավալ եւ կարեւոր ինֆորմացիա։ Նման խնդիրներ առաջանում են մեծ նախագծերի եւ կոլեկտիվների ղեկավարման ժամանակ, ժամանակակից պատերազմների ժամանակ։ Համակարգիչն այս դեպքերում անփոխարինելի է, եթե, իհարկե, համակարգչային ծրագրերը հիմնված են ճիշտ տեսությունների վրա՝ մի բնագավառ, որտեղ մարդը անվիճելի առավելություններ ունի համակարգչի նկատմամբ։ Դեռ վաղ ժամանակներից մարդու ստեղծած ամեն մի գործիք, օրինակ` բահը կամ բրիչը, ընդլայնում էին մարդու ֆիզիկական կարողությունները։ Համակարգիչն էլ իր բազմապիսի ծրագրերով ուժեղացնում է մարդու ուղեղի հնարավորությունները։

– Դուք, մի քանի ամիս է` Հայաստանում էիք: Բնականաբար, առաջարկել եք Ձեր գիտելիքները ծառայեցնել, սակայն ամենեւին մաթեմատիկական տեսություն անհրաժեշտ չէ` հասկանալու համար, որ այստեղ որեւէ հաջողության չեք հասել:

– Տեսնելով, որ ԱՄՆ-ում իմ աշխատանքը ռեալ արդյունք է տալիս, եւ այն կիրառող ընկերություններն աշխատում են շահույթով, փորձեցի այստեղ եւս կառավարական եւ մասնավոր մարմիններում կոնտակտներ գտնել, բայց, ավաղ, բոլոր ուղղություններով անտարբերություն տեսա: Ամբողջ աշխարհում ներդրումներ անում են հիմնականում հեռանկարային ուղղություններով: Այն ճանապարհը, որով Հայաստանում է կազմակերպվում բիզնեսը` դրսում վաղուց իրեն սպառել է: Նման ձեւով բիզնես կարելի է կազմակերպել, եթե տնտեսությունը մենաշնորհված է: Ազատ մրցակցության պայմաններում արագ դրամ վաստակել հնարավոր չէ: Մարդը, ով փորձում է Հայաստանում ինչ-որ գաղափար իրականացնել` գործում է բարձր ռիսկերի պայմաններում:

– Այդ դեպքում ստացվում է, որ Հայաստանում այս տեսությունը չի աշխատում. այստեղ աշխատանքը պահանջում է չհիմնավորված ռիսկեր, ահռելի ջանքեր եւ մինիմալ հաճույք:

– Ստացվում է` այո: