Հացենու կենարար ուժը
Հացենի, հացի. ձիթենազգիների ընտանիքին պատկանող բույս է։ Երկիր մոլորակի հյուսիսային կիսագնդում աճում են մոտ 65 տեսակի հացենիներ (Fraxinus), որոնցից մեկ տեսակը` Ջավա կղզու վրա։ Հացենին Հյուսիսային Եվրոպայի ժողովուրդների ավանդազրույցներում կապված է Օդին աստծո անվան եւ առաջին տղամարդու հայտնվելու հետ։ Հնագույն ժամանակներից այն համարվել է պատերազմի եւ վրեժխնդրության խորհրդանիշ։ Հացենու ճկուն եւ ամուր փայտից աշտե զենք են պատրաստել որսորդների եւ զինվորների համար։ Այսօր հացենու բնափայտից պատրաստում են նրբագեղ կահույք, երաժշտական գործիքներ, բիլյարդի եւ բեյսբոլի համար նախատեսված պարագաներ, դահուկներ, թիակներ, եւ այլն։
Հետաքրքիր է հիշել Թովմա Արծրունու հետեւյալ նկարագրությունը. «Լեռներում բնակվող գազաններից պաշտպանվելու համար ունեն աշտե (տեգ, նիզակ) զենքը, որը կրում են մշտապես։ գ Երկնքից վար թափվող անկայուն ձյան վրա ման գալու համար հնարել են փայտի կտորներ, որ օղակի պես չվանով ամրացնում են ոտքերի շուրջը եւ դյուրությամբ ընթանում ձյան, իբրեւ գետնի վրայովգ առ ոչինչ են համարում հարազատ եղբայրների, նույնպես եւ իրենց սպանությունը։ Անգիր գիտեն հայոց վարդապետերի թարգմանած հին սաղմոսները, որ մշտապես ունեն շուրթերին»։ Խոսքը 851-852թթ. ձմռանը Մուշի ազատագրման մարտերում թշնամուն վճռորոշ հարված հասցրած խութեցիների մասին է, որոնք ազատագրեցին բազմաթիվ գերիների եւ ոչնչացրեցին արաբական զորախումբը։
Հացենի սովորականը` Frexinus excelsior-ը, հնագույն ժամանակներից աճել է պատմական Հայաստանի տարածքում, հանդիպում է ՀՀ բնական պայմաններում խառը անտառների ստորին գոտուց մինչեւ վերին սահմանները։ Դահուկներ պատրաստելու համար երեւի թե հացենու բնափայտից ավելի հարմար բնական հումք չկա։
Հացենին հին ժամանակներում օգտագործվել է սննդի մեջ։ Պտուղները պարունակում են մոտ 30 տոկոս ճարպեր, բացի այդ, բույսը արտադրում է քաղցր հյութ, որը կարող է փոխարինել շաքարին։ Կան տեղեկություններ, որ անգլիացիները պահածոյացրել են չհասունացած պտուղը եւ համեմել թե բանջարեղենը եւ թե մսեղենը։ Բացառված չէ, որ հայ լեռնեցիները բույսի պտուղը նույնպես օգտագործել են սնունդի մեջ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ թեւապտղիկները ծառի վրա են մնում ողջ ձմեռվա ընթացքում։ Հնարավոր է, որ որոշ իրավիճակներում բույսը փրկել է մարդկանց սովից։
Հացենի սովորականը հզոր սլացիկ ծառ է` 25-35մ բարձրության, 0,5-1մ բնի տրամագծով, գեղեցիկ ձվաձեւ ձգված կլոր սաղարթով։ Տերեւը կազմված է 7-15 երկարավուն, սրածայր, ատամնաեզր, հիմքում` սեպանման տերեւիկներից։ Բողբոջը աճում է նախորդ տարվա տերեւի թողած արտահայտված պայտաձեւ հիմքի վրա, ծածկված է մուգ շագանակագույն թավշյա թեփուկներով, ծաղկում է մինչեւ տերեւների բացվելը, նույն ծառի վրա միաժամանակ կարող ենք տեսնել իգական, արական եւ երկսեռ ծաղիկներ։
Ծաղկափթթությունը հուրանաձեւ է, իգականը` ավելի երկար, մուգ-մանուշակագույն, թույլ արտահայտված հոտով։ Ծաղկում է ապրիլի վերջին, փոշոտվում է քամու միջոցով, որոշ տեսակներից մեղուն ակնամոմի հումք եւ ծաղկափոշի է հավաքում։
Թեւապտղիկները խոշոր են, 3,5-4,5 սմ երկարությամբ, 0,7-1 սմ լայնությամբ դարչնագույն, հավաքված են փնջերով։ Պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։
Հացենի սովորականը հեշտությամբ է բազմանում սերմերի միջոցով, պահանջկոտ չէ հողի եւ խնամքի հանդեպ, լուսասեր է, չորադիմացկուն, լայնորեն օգտագործվում է բնակավայրերի կանաչապատման համար, ապրում է մինչեւ 400 տարի։ Հացենին երբեք մաքուր ծառուտներ չի առաջացնում։ Լեռնային շրջաններում աճող հացենու տերեւները կլորավուն են, բարձրությունը` 15-20մ, այս տեսակը կոչվում է F.rotundifoila, տարածված է Սեւանի ավազանում, Գետիկի հովտում, Սյունիքում։
Որպես բուժիչ հումք` գարնանը մթերում են 4-5 տարվա ճյուղերի կեղեւը, իսկ վաղ ամռանը` տերեւները։ Հին հույները եւ գերմանական ազգությունները օգտագործել են բույսի հյութը օձերի խայթոցների դեմ։ Հռոմեացի բժիշկ Սամոնիկը իր «Բժշկական գրքում» առաջարկել է բույսի պտուղով բուժել լյարդի հիվանդությունները, հազը, ջրգողությունը։ Հացենին պարունակում է ածխաջրեր, մաննիտ, տանին, ինոզիտ, կարոտին, ասկորբինաթթու, դաբաղանյութ, ֆլավոնային գլյուկոզիդ կվերցետին։
Կեղեւը պարունակում է կումարինային գլյուկոզիդ ֆրակսին, ֆենոլ, ալկալոիդներ, տերեւը` օրգանական թթուներ, եթերային յուղ։
Բույսն ունի արյունարգել, թարմացնող, վերքամոքիչ, ջերմիջեցնող, կապող, լուծողական, միզամուղ, ճիճվաթափ, հակամանրէ, խորխաբեր, հակաջղաձգանքային ազդեցություններ։ Նախկինում փոխարինել է խինինին։ Պտուղների եփուկն ունի նյարդերը հանգստացնող հատկություն, այն ազդեցիկ աֆրոդիզիակ է, օգտագործում են թրջոցների ձեւով` վարիկոզ հիվանդության դեպքում։
Կեղեւի եւ տերեւի եփուկները կիրառում են տենդի, վերին շնչառական ուղիների քրոնիկ հիվանդությունների, ռեւմատիզմի, ռադիկուլիտի, հոդատապի, դիզենտերիայի, միզապարկի եւ երիկամների բորբոքման դեպքում։
Տերեւի եփուկը օգտակար է` փորկապության եւ ռադիկուլիտի, իսկ թուրմը` լուծի դեպքում։ Կեղեւի եփուկով բուժում են մրսածությունը։
Զգուշացում։ Հացենին պարունակում է թունավոր նյութեր, կարեւոր է խստորեն պահպանել պատրաստման եւ ընդունման չափաբաժինները։
Կարեւոր է իմանալ, որ հացենին բարերար ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա` այն կհաղորդի ձեզ կենարար էներգիա տարվա ցանկացած օրը։
Պտուղների եփուկի պատրաստման ձեւը. 1 թ/գ հումքը 30 րոպե պահեք եռացող ջրային բաղնիքի վրա, թրմեք մինչեւ հովանա։ Քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։
Ծծորդների վիճում. 20 գ կեղեւին ավելացրեք 1 լ ջուր, հասցրեք եռման ջերաստիճանի, որից հետո 1 ժամ պահեք ջրային բաղնիքի վրա (թույլ կրակով)։ Թրմեք, մինչեւ հովանա։ Քամեք։ Խմեք 100-ական մ, օրը 3 անգամ, սնվելուց կես ժամ առաջ, 1 թ/գ մեղրի եւ կաթի հետ։ Շարունակեք մեկ շաբաթ։
Ռեւմատիզմի դեպքում. Խառնեք մանրացրած սեւ հաղարջի եւ հացենու տերեւը, յասամանի ծաղիկը (8։2։1)։ 1 ճ/գ հումքը կես ժամ թրմեք 200 մլ եռջրով։ Քամեք, խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ, սնվելուց կես ժամ առաջ։ Հաճելի թուրմ է, որը նաեւ կարգավորում է մարսողությունը։
Հազի, տենդի դեպքում. 1 ճ/գ կեղեւը 10 րոպե եռացրեք 200 մլ ջրի մեջ։ Խմեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ։
Թեթեւ կտրվածքների, վերքերի դեպքում. Օրը մի քանի անգամ դրեք թարմ կտրած կեղեւը (հյութալի կողմով)։