Մեր տեղեկություններով` ՀՀԿ-ում անկումային տրամադրություններ են հասունացել ԱԺ նախագահի եւ փոխնախագահի պաշտոններում Սամվել Նիկոյանի եւ Էդուարդ Շարմազանովի ընտրվելու հետ կապված: Հայտնի է, որ ԱԺ նախագահ դառնալու ցանկություն ուներ նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: ԱԺ-ում խոսում են, որ նա նեղ շրջանակներում հայտարարել է` եթե ինքը չդառնա ԱԺ նախագահ, Տիգրան Թորոսյանի նման, հնարավոր է, դուրս գա ՀՀԿ-ից: Իսկ ԱԺ նախագահ դառնալու համար նրան փորձում էր առաջ մղել նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Ի դեպ, ասում են, բավականին վատ տրամադրություն ունի նաեւ Հ.Աբրահամյանը, ով չկարողացավ նշանակել ոչ միայն իրեն փոխարինողի, այլ` նույնիսկ ՀՀԿ խմբակցության ղեկավարին: Հ.Աբրահամյանը եւ Գ.Սահակյանն այս դեպքում փորձել են առաջադրել պատգամավոր Հովհաննես Սահակյանի թեկնածությունը: Բայց որոշ տեղեկությունների համաձայն, նախագահ Սերժ Սարգսյանը վերջինիս չի ընդունել, որովհետեւ Սահակյանին առաջադրել են իր վստահությունը չվայելող Հ.Աբրահամյանն ու Գ.Սահակյանը: ԱԺ-ում արդեն խոսում են, որ հաջորդ խորհրդարանում չի լինի նաեւ այն պատգամավորների մեծ մասը, ովքեր Հ.Աբրահամյանի ազդեցության տակ են: