Վտանգավոր ու անհեթեթ մոտեցում

09/12/2011

Հայաստանի եւ Լիբանանի նախագահների համատեղ ասուլիսում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ առանձնազրույցի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: «Նշեցի, որ Ադրբեջանը համառորեն փորձում է իսլամական երկրների շրջանակում հակամարտությունը ներկայացնել կրոնական հակասությունների լույսի ներքո: Կարծում եմ, հայ ժողովրդի պատմության եւ նաեւ հակամարտության պատճառներին քիչ թե շատ ծանոթ լինելու դեպքում անհնար է հավատալ նման անհեթեթությանը, այդուհանդերձ` նման մոտեցումը համարում ենք խիստ վտանգավոր, քանի որ կան նաեւ այդ մանրամասներին անծանոթ շրջաններ, եւ նման հակահայկական քարոզչությունը կարող է անհետեւանք չանցնել: Այս հարցում եւս կարեւոր է բարեկամ պետությունների անաչառ եւ անկողմնակալ կեցվածքը, քանզի յուրաքանչյուր անհավասարակշիռ քայլ նպաստում է տարածաշրջանային փխրուն հավասարակշռության եւ կայունության խախտմանը»,- ասել է Ս. Սարգսյանը: Իսկ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանն այս առնչությամբ ասել է. «Մենք այս հարցը քննարկել ենք նախագահ Ս. Սարգսյանի հետ, եւ հաճախ այդ հարցը բարձրացվել է Իսլամական կոնֆերանս կազմակերպությունում: Լիբանանի դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ դեմ ենք այդ կազմակերպության շրջանակում ընդունել որեւէ որոշում, որը քննադատության կենթարկի Հայաստանին կամ Լեռնային Ղարաբաղին: Մեր դիրքորոշումը հետեւյալն է` հարցը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա»: