Դեկտեմբերի 8-ին Ֆրանսիայի Սենատում կազմակերպված «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը. մոռացված հակամարտություն» եւ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը» թեմաներով կլոր սեղանի ժամանակ, ըստ ԱՊԱ գործակալության` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բերնար Ֆասյեն (նա տարեվերջին կավարտի իր առաքելությունը Մինսկի խմբում) ներկայացրել է Մինսկի խմբի գործունեության, ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին տարիների նախաձեռնությունների մասին: «Այսօր սեղանի վրա գտնվող փաստաթղթի յուրաքանչյուր տարբերակը փաստաթուղթ է, որը մեր կողմից մշակվել է 2005-ից: Իհարկե, ես ինքս էլ շատ լավ հասկանում եմ Ադրբեջանի ցավը. այդ երկրի հողերը օկուպացված են: Որպես ֆրանսիացի` ես լավ գիտեմ, թե ինչ է նշանակում օկուպացիան, սակայն Մինսկի խմբին անգործության մեջ մեղադրելն արդար չէ: Մենք կողմերին չենք կարող ստիպել վերջնական տարբերակ ընդունել: Կողմերն իրենք պետք է համաձայնության գան, մենք պետք է օգնենք նրանց այդ հարցում: Մեր խնդիրն այսօր պատերազմի վերսկսումը բացառելն է: Այսպիսի ստատուս-քվոյի պայմաններում պատերազմը ցանկացած պահի կարող է բռնկվել: Մեր երկրորդ հաջողությունն այն է, որ կողմերն այսօր բանակցությունների սեղանի շուրջ են նստած»,- հայտարարել է Ֆասյեն: