Ըստ քաղաքական շրջանակներում քննարկվող խոսակցությունների` Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր խոշոր խաղացողները մինչեւ 2012թ. փետրվար մտնելու են «լուռ նախապատրաստական շրջան», ինչի պատճառով էլ, թե ընդդիմադիր, թե իշխանական ուժերը փորձում են առաջինը չհրապարակել իրենց նախընտրական ցուցակները: Երեկ նմանատիպ հայտարարություն է արել նաեւ ԱԺ փոխխոսնակ եւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Առաջիկա ընտրությունների թե՛ ձեւաչափի, թե՛ ընտրացուցակի վերաբերյալ հարցերի պատասխանները կհնչեն փետրվար-մարտ ամիսներին կայանալիք ՀՀԿ համագումարում կամ դրանից քիչ անց»: Մեր տեղեկություններով` քաղաքական ուժերը նաեւ փորձում են առաջինը չհայտարարել, թե նախընտրական ինչ դաշինքներ կամ միասնական ցուցակներ են կազմելու: Պատճառն այն է, որ բոլորը սպասում են` նախ մրցակիցները բացահայտեն իրենց խաղաքարտերը, որպեսզի իրենք կարողանան համապատասխան վերադասավորումներ կատարել: Ավելին, շատ ուժերի ղեկավարներ ոչ միայն հանրությանը, այլ նաեւ իրենց պատասխանատու անդամներին տեղյակ չեն պահում, թե նախընտրական ինչ սցենարներ են ուրվագծում: