Կոալիցիոն խմորումները կարծես մոտենում են հանգուցալուծմանը, եւ մեծ է հավանականությունը, որ առաջիկայում կհայտարարվի կոալիցիոն ուժերի` ԱԺ ընտրություններում միասնական ցուցակով հանդես գալու մասին: Բացի այն, որ վերջին օրերին նման տեղեկություններ են ստացվում թե ՀՀԿ-ական, թե ԲՀԿ-ական շրջանակներից, երեկ այդ մասին խոսել են նաեւ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները` կարծես հող նախապատրաստելով դրա համար: «Քաղաքական կոալիցիա հասկացողությունը դա դաշինք է, արդեն այդ դաշինքը կա: Մնում է ձեւը որոշել` որպես ռազմավարություն: Բնական է, այս պահին համագործակցում ենք եւ համագործակցելու ենք նաեւ առաջիկա ընտրություններում: Մնացածը` առանձին կգնանք, թե միեւնույն ցուցակով կգնանք, սա ընդամենը ձեւն է, որը պիտի նայվի այդ ժամանակահատվածի պահանջարկին», – հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Վերջին շրջանի ներիշխանական գործընթացներից հետո, սակայն, ԲՀԿ-ի` ընտրություններին առանձին մասնակցելու հավանականությունը իշխանության ՀՀԿ-ական թեւի կողմից դիտվում է որպես դավաճանություն կոալիցիային եւ Սերժ Սարգսյանին, ուստի Գ. Սահակյանի հայտարարության «բարի տոնից» դժվար չէ կռահել, որ խոսքը վերաբերում է միասնական ցուցակով մասնակցելու հնարավորությանը: Երեկ այդ հնարավորությունն, ըստ էության, առաջին անգամ պաշտոնապես չի բացառել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստաջյանը` հայտարարելով` «Եթե երկրի շահերը ենթադրում են ու պահանջում են նման բան, ուրեմն բոլոր պարագաներում բոլոր քաղաքական ուժերի տրամադրվածությունն ու նպատակը պետք է լինի դա: Ելնելով այդպիսի իմպերատիվից, այսինքն` երկրի շահերից` ես կարողանում եմ տեսնել դրա (ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակով մասնակցելու.- խմբ.) հավանականությունը: Բայց այսօրվա դրությամբ, եթե արծարծվում է նման հարց, այդ հարցը պարզապես որպես տեսակետ է արտահայտվում»: Հատկապես Բոստանջյանի կողմից նման հայտարարությունը ուշագրավ է նրանով, որ մինչեւ երեկ միասնական ցուցակի մասին հարցերին ի պատասխան` նա ասում էր, թե իրեն ոչինչ հայտնի չէ, իր հետ ոչ մեկը նման հարց չի քննարկել, ինքը լիազորված չէ նման հարցերի պատասխանել: Այսինքն, եթե ընդամենը երկու օր առաջ նույնիսկ որպես «պարզապես տեսակետ»` Բոստանջյանը չէր համարձակվում խոսել այդ թեմայի շուրջ, կարելի է ենթադրել, որ նրան արդեն հանձնարարվել է հայտարարել «երկրի շահի իմպերատիվի» մասին: Գրեթե նույն տեքստը երեկ ասել է նաեւ ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը, ով մինչ այդ խոսում էր ընտրություններին առանձին ցուցակով մասնակցելու մասին: Իհարկե, կարեւորը ՕԵԿ-ի «վճռական դիրքորոշումը» չէ, այլ այն, որ, ամենայն հավանականությամբ, նրան եւս հանձնարարվել է խոսել «երկրի շահի ու կայունության պահպանման համար կոալիցիոն միասնականության» մասին: Եվ քանի որ թմրամիջոցներ պահելու եւ օգտագործելու կասկածանքով ձերբակալված ոչ բոլոր ԲՀԿ-ականներն են առայժմ ազատ արձակվել, առաջիկա օրերին պետք է սպասել «կայունության» թեմայով նոր հայտարարությունների: Ամենազավեշտալի վիճակում, սակայն, կրկին կարող է հայտնվել ՀԱԿ-ը` հատկապես «կայունության ապահովման շրջանակներում»: Դեռեւս գարնանը ՀԱԿ-ը հայտարարեց, որ թույլ չի տա Ռոբերտ Քոչարյանի վերադարձի միջոցով ապակայունացնել երկիրը (այդ ժամանակ խոսվում էր ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջոցով Քոչարյանի վերադարձի մասին), ինչից հետո Ս. Սարգսյանը ԲՀԿ-ից ստացավ հերթական հավատարմությունը կոալիցիոն հուշագրին: Հիմա հանուն նույն «կայունության»` կոալիցիան կարող է միասնական ցուցակով մասնակցել ընտրություններին` նույն ԲՀԿ-ի մասնակցությամբ, որը, փաստորեն, դարձել է ՀԱԿ-ի գարնանային թշնամին ու աշնանային բարեկամը: Հետաքրքիր է` եթե, այնուամենայնիվ, ԲՀԿ-ն համաձայնի միասնական ցուցակին, ՀԱԿ-ը հայտարարելու է, որ դա վտանգում է կայունությունը եւ կրկին աջակցելո՞ւ է Սերժ Սարգսյանին, թե՞, որ միասնական ցուցակում «հայաստանածին» ուժի ընդգրկումը նպաստելու է սահմանադրական կարգի վերականգնմանը եւ երկրում իրական բարեփոխումների իրականացմանը: