Բենզինի գործով

09/12/2011

ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` 2009թ. հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում Ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Մ. Օհանյանին է հատկացվել 2.480.720 լիտր բենզին: Նախաքննության նյութերի համաձայն` նույն ժամանակահատվածում ՃՈ պետը հիշյալ բենզինից առանձնապես խոշոր չափերով` 197.003.060 ընդհանուր արժողությամբ 574.420 լիտր բենզինը յուրացնելու նպատակով ՃՈ տնտեսական բաժանմունքի պետ Արա Լեւոնյանին, տեխնիկ Սամվել Մախմուրյանին եւ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանին հանձնարարել է 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակների համար նախատեսված 2.480.720 լիտր բենզինից ծառայության նպատակով բաշխել ընդամենը 1.906.300 լիտրը: Մնացած` 574.420 լիտր բենզինը կտրոնների տեսքով հիշյալ անձինք հանձնել են Մ. Օհանյանին, ով յուրացրել է ՃՈ պատկանող առանձնապես խոշոր չափերի հիշյալ գույքը: Այնուհետեւ Ա. Լեւոնյանը, Ս. Մախմուրյանը եւ Ս. Կարախանյանը, օժանդակելով Մ. Օհանյանին, վերջինիս հանձնարարությամբ 2009թ. մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում բենզինի ելքի կարգադրություններով, բաշխման եւ ծախսի վերաբերյալ ամսական հաշվետվություններով ցույց են տվել եւ ձեւակերպել` իբր սպայական 1-ին եւ 2-րդ գումարտակներին հատկացվել եւ ծախսվել է 2.480.720 լիտր բենզին:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` մեղադրյալների գործողությունների հետեւանքով պետությանը պատճառված վնասը կազմել է 217. 600.000 դրամ, որից նախաքննության փուլում վերականգնվել է 198.000.000 դրամը: Մ. Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ս. Կարախանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ա. Լեւոնյանին եւ Ս. Մախմուրյանին` 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: Քրեական գործից մաս է անջատվել` ՃՈ առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ, որով նախաքննությունը շարունակվում է: