Չի պատասխանելու «քաղաքագիտական վերլուծությանը»

09/12/2011

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես չի պատասխանի ընդդիմադիր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին: ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենք ոչինչ չունեն ասելու, բացի այն, որ «այդ քաղաքագիտական վերլուծությունը ընդունված է ի գիտություն»: Խաչիկ Գալստյանը տեղեկացրել է, որ Գագիկ Ծառուկյանի` Հայաստան վերադառնալուն պես «նրան զեկուցվել է նրա բացակայության օրերին ներքաղաքական զարգացումների, տարաբնույթ առաջարկների եւ վերլուծությունների մասին, եւ այդ ամենը Ծառուկյանն ի գիտություն է ընդունել»: Նաեւ տեղեկացրել է, թե ԲՀԿ առաջնորդը որեւէ բան չի ասել Տեր-Պետրոսյանի հայտարարությունների վերաբերյալ: Իսկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե իրենք ԲՀԿ-ից պաշտոնական արձագանք չեն էլ սպասել: «Քաղաքագիտական վերլուծությունը չի ենթադրում պատասխան»,- ասել է Զուրաբյանը: Իսկ ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի հայտարարությունն «ի գիտություն ընդունելուն», ապա համակարգողն ասել է` «Այդ պատասխանը համարում եմ նորմալ եւ ադեկվատ` ստեղծված քաղաքական իրավիճակում»: